10 հարց Սերժ Սարգսյանին

12-04-2016
686 դիտում
10 հարց Սերժ Սարգսյանին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ապրիլյան «դիրքային պատերազմի» հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական կորուստներ:

Պետական պատկան մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետևանքների առաջացումը, ինչպես նաև հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդն ուսումնասիրում է հակառակորդի հարձակմանը նախորդած շրջանում, դրա ընթացքում և ապրիլի 5-ից հաստատված փխրուն հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև իր հնարավորությունների չափով օժանդակում է երկրի պաշտպանության գործին:

Քաղաքական խորհուրդը, հիմնվելով այն հանրահայտ իրողությունների վրա, որ իշխանության կրողը ժողովուրդն է և նա է իր մասը կազմող բանակի հետ միասին ապահովում երկրի պաշտպանությունն ու կրում դրա հետևանքները, ուսումնասիրել է նաև տեղի ունեցողի վերաբերյալ ժողովրդի շրջանում առկա տրամադրությունները և կարծիքները:

Ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համոզմամբ՝ հակառակորդի հարձակումը նման ծանր հետևանքների չէր հանգեցնի և դրանք հնարավոր կլիներ վերացնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում ու նվազ ջանքերով, եթե պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք ինչպես հարձակումից առաջ, այնպես էլ դրա ընթացքում և հետագա օրերին պատշաճ կերպով կատարեին իրենց գործառույթներն ու պարտականությունները:

Պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, առաջին հերթին՝ Նախագահի և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոններն զբաղեցնող անձը, պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին, ներկայացնել «ապրիլյան պատերազմի» բացահայտած պրոբլեմները, դրանց լուծման և հակառակորդի հերթական հավանական հարձակմանը պատրաստվելու համար ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև մատնացույց անել ու պատժել մեղավորներին:

Ժողովրդին հատկապես հուզում են այն հարցերը, թե որոնք են առաջացած մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական ծանր հետևանքների պատճառները և ովքեր են դրանց համար պատասխանատու պաշտոնատար անձինք:

Ներկայացնում ենք դրանցից առավել կարևոր 10 հարցերը.

  1. Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Որո՞նք էին այն անհրաժեշտ ու բավարար միջոցները, որ պետք է ձեռնարկվեին դրան դիմակայելու և շփման գծին մոտ գտնվող զորամասերի զինծառայողների ու այդ տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովման համար:

  2. Մշտապես հայտարարվել է, որ հակառակորդի հարձակման պարագայում հայկական կողմն ի վիճակի է նրան խաղաղություն պարտադրել: Ի՞նչ հանգամանքներ թույլ չտվեցին անցնել հակահարձակման, ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք և վերացնել հետագայում ագրեսիայի կրկնության հնարավորությունը:

  3. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հրադադարի հաստատումը հնարավոր է միայն ապրիլմեկյան դիրքերի վերականգնման պայմանով: Ինչո՞ւ հրադադարը կնքվեց այդ պայմանի զիջմամբ և դիրքերը մնացին հակառակորդի ձեռքում:

  4. Հաստատվել է, որ մեր կողմից կենդանի ուժի, սպառազինության և տեխնիկայի կորուստների մի զգալի մասը պայմանավորված է հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդիական սպառազինության և դրան համապատասխանող նոր մարտավարության, մասնավորապես՝ ԱԹՍ-ների կիրառմամբ: Ինչո՞ւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել դրանց ազդեցությունը չեզոքացնելու  համար:

  5. Ինչո՞ւ են մերժվել կամ անտեսվել պաշտպանական համակարգը արդիականացնելու վերաբերյալ Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային մակարդակի ընկերությունների առաջարկությունները:

  6. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ հայկական բանակի սպառազինությունն ու տեխնիկան խաղաղության 22 տարիների ընթացքում հիմնականում մնացել են 1980-ականների մակարդակին, մինչդեռ հակառակորդն այդ ընթացքում ձեռք է բերել մեծ քանակությամբ արդիական սպառազինություն և տեխնիկա:

  7. Ի՞նչ սկզբունքով է որոշվել ռազմական վտանգի պայմաններում բանակի նկատմամբ առաջնահերթություն տալ ոստիկանության և պետական կառավարման այլ մարմինների գերուռճացված և երկրորդական կարիքներին:

  8. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, հաշվի չառնելով Ադրբեջանի՝ վերջին տարիների ռազմատենչ հայտարարությունները և ագրեսիվ գործողությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել նրա բավարար պաշտպանունակությունն  ապահովելու համար:

  9. Ի՞նչ իրավական, քաղաքական և տեղեկութային գործողություններ են ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն և այլ պատասխանատու մարմինները միջազգային համայնքի առջև հակառակորդի հարձակումը որպես ագրեսիա ներկայացնելու ուղղությամբ:

  10. Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին անդամակցելը հիմնավորում էր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, ինչո՞ւ որպես ԵՏՄ անդամակցության նախապայման չառաջադրեց Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին այդ միության անդամ-պետությունների կողմից սպառազինություն և ռազմական տեխնիկա չտրամատելու հարցը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին հրապարակային պատասխան է ակնկալում ժողովրդին հուզող վերը նշված հարցերի վերաբերյալ: Այդպիսի պատասխաններ չստանալու պարագայում Քաղաքական խորհուրդը կներկայացնի կատարվածի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները: