«Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները». Անանուն ֆեմինիստներ

13-04-2016
8759 դիտում
«Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները». Անանուն ֆեմինիստներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը 2016թ.-ի ապրիլի 1-ից 2-ի գիշերը վերաճեց լոկալ պատերազմի «շփման գծում» լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով: Այսպես կոչված «սառեցված հակամարտությունը», որը տեղական համայնքների համար երբեք էլ «սառեցված» չի եղել, տարիներ շարունակ շահագործվում է ռազմական արդյունաբերական համալիրի ու արնատենչ ԶԼՄ-ների կողմից։

Դաժան բախումների հետևանքով բազմաթիվ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ, սպանվեցին և վիրավորվեցին` հիշեցնելով, որ «շփման գծի» հետևում մարդիկ են, համայնքներ, ողբերգական կենսափորձ և ճակատագրեր:

Պատերազմը առնականության արտահայտման և հայրիշխանության վերարտադրման միջոց է: Պատերազմը բռնության կիրառման հանդեպ մենաշնորհ ունեցող տղամարդակենտրոն պետականության դրսևորումն է:  Այն սնուցվում է կապիտալիստական հարաբերությունների միջոցով և իրագործվում մարդկանց կյանքերի հաշվին:  

Մենք կարծում ենք, որ պատերազմը հնարավոր է կանխել ռադիկալ հակամիլիտարիստական ֆեմինիստական գաղափարախոսության ու քննադատական մտքի զարգացման շնորհիվ:

Պատերազմը շահութաբեր է էլիտաների և կորպորացիաների համար

Տարեկան կտրվածքով համընդհանուր ռազմական ծախսերն ամբողջ աշխարհում կազմում են ավելի քան 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլլար: Մեկ տարվա այդ ծախսը բավական կլիներ վերացնելու աղքատությունը, ապահովելու համընդհանուր կրթություն ու առողջապահական համակարգ մոլորակի բոլոր բնակիչների համար:

Միայն 2015թ.-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 3.021 միլիարդ դոլլար, իսկ Հայաստանը ծախսել է 447 միլիոն դոլլար: Եթե այդ գումարները ներդրվեին ոչ թե բռնությունների կիրառման, այլ խաղաղաշինական գործընթացներում, ղարաբաղյան կոնֆլիկտը վաղուց կունենար իր խաղաղ հանգուցալուծումը՝ առանց մարդկային զոհերի:

Ղարաբաղի շուրջ պատերազմական իրավիճակը հանգեցրել է լոկալ և տարածաշրջանային մակարդակներում ծայրահեղ ազգայնականության, ատելության ու գենդերային/ռազմական դերերի սուր բևեռացման: Այս ամենը մեր տարածաշրջանի մարդկանց հեռացնում ու տարանջատում է միմյանցից՝ քաղաքացիների ուշադրությունը շեղելով ծանր սոցիալ-տնտեսական համակարգային խնդիրներից և բռնարար ու կոռումպացված կառավարություններից:

Պատերազմըլեգիտիմացնումէ ավտորիտար համակարգը

Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի ոչ լեգիտիմ իշխանություններին գործի դնել քարոզչական մեքենաներ՝ մարդկանց պահելով կոռումպացված, քաղաքացիներին բռնությունների ենթարկող, սեփական հանրությունների դեմ զորքեր հանող, այլակարծություն արտահայտող քաղաքա(ցի)ական գործիչներին քաղբանտարկյալներ դարձնող իշխանությանների ձեռքում:

Երկու հարևան հանրապետություններում ստեղծված արտակարգ ռազմական իրավիճակներն ինքնաբերաբար լեգիտիմացնում են անօրեն իշխանության պարագլուխների մարտական գործողությունները: Երբեմնի հանցագործ իշխանական ներկայացուցիչները վերածվում են ազգային հերոսների, իսկ այլակարծություն արտահայտողները՝ ազգի թշնամիների և դավաճանների: Մինչդեռ աղքատ, ռեսուրսներ չունեցող, իրավազուրկ ու մարգինալացված ընտանիքների զինվորները զոհվում են, նրանց սպանված մարմինները խեղվում են՝ դառնալով մարդակեր բռնապետությունների ու կորպորացիաների ձեռքում գտնվող անշունչ գործիքներ:

Պատերազմը լեգիտիմացնում է ազգայնականությունը

Ազգայնականությունը պետական գաղափարախոսական մեքենա է, որն օգտագործվում է բռնապետության վերահաստատման ու կապիտալիստական հարաբերությունների օգտագործման նպատակով: Ազգայնականությունը ծառայում է որպես լավագույն միջոց մարդկանց համախմբելու «թշնամու» դեմ՝ ներպետական-տնտեսական ճգնաժամի, աճող ընդդիմության, պառակտման ու այլախոհության պայմաններում:

Ազգայնականությունը նաև գենդերացված է, և ենթադրում է ագրեսիվ, տիրող ու պաշտպանող առնականության և պասիվ, ենթարկվող ու աջակցող կանացիության դրսևորում: Ազգայնականությունն ու հայրիշխանությունը գործում են փոխկապակցված՝ ապահովելով կանանց տոտալ բացակայությունը որոշումների կայացման գործընթացներից, իսկ ներգրավվածության դեպքում միայն հայրիշանության և ռազմա-ազգայնական տեսակետից գործելու հնարավորությամբ:

Պատերազմն իրականացվում է քարոզչության ներքո

Մեզ պարտադրվում են տեղեկատվության ստացման ուղղորդված աղբյուրներ: Զանգվածային լրատվական միջոցները հեղեղված են քարոզչություն պարունակող իրարամերժ տեղեկություններով: Պատերազմի պարագայում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը ամբողջապես խախտվում է պատերազմը ղեկավարող ինստիտուտների կողմից: Նախկինում քարոզչություն համարվող տեղեկատվական աղբյուրները դառնում են «ճշմարտությունն» արտաբերող միակ ռեսուրսները: Իսկ այլակարծություն ունեցող և իշխանությունների կողմից նախօրոք սահմանված օրակարգից շեղում պահանջող քաղաքացիների ձայները շարունակաբար լռեցվում են: Զանգվածային լրատվամիջոցները կառուցում են պատերազմի վերաբերյալ միֆեր` խրախուսելով ֆունդամենտալիստական և կրոնական այն պնդումներն իբրև պատերազմն ու բռնությունն անհրաժեշտ և նույնիսկ խրախուսվող երևույթներ են:

Այս ահագնացող հակամարտությունը, ինչպես և ցանկացած զինված հակամարտություն, ունի իր պատճառներն ու հետևանքները: Սակայն պատճառներն արհեստականորեն ստեղծված, կառուցված ու ռեժիմների կողմից մշտապես վերարտադրվող «թշնամու» կերպարները կամ իշխող (մասնավորապես արևմտյան, ռուսական և թուրքական) մեդիայի կողմից թելադրվող էթնիկ, ազգային ու կրոնական ինքնությունների տարբերությունները չեն:

Պատերազմը շարունակվում է մենաշնորհային խաղաղության գործընթացների ներքո

Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի խաղաղաշինական գործընթացները կրել են ֆորմալ բնույթ և իրականացվել են բացառապես իշխանության օղակներում գտնվող տղամարդկանց կողմից: Խաղաղությունը նույնականացվում է պատերազմի բացակայության ու ռազմականության միջոցով հաստատված պետական անվտանգության հետ: Սա նշանակում է, որ ոչ միայն պատերազմը, այլ նաև դե ֆակտո խաղաղությունը դիտվում է միայն միլիտարիստական և հայրիշխանական համակարգերի պրիզմայում: Հետևաբար, քանի դեռ հայրիշխանական ու ռազմականացման համակարգերը չեն խարխլվել, կոնֆլիկտի իրական խաղաղ հանգուցալուծումը թվում է հեռահար նպատակ:

Մենք կարծում ենք, որ պատերազմը, որպես հայրիշխանության դրսևորում, կարող է դադարեցվել ճնշումների ու ռազմականացման դեմ ուղղված տարածաշրջանային գործողությունների միջոցով, ռադիկալ ֆեմինիզմի և սոլիդարության գաղափարախոսությունը կրող շարժումների, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ու հանրային քննադատական մտքի զարգացման շնորհիվ՝ Լեռային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների ամենօրյա ճակատագրերը մեր սրտերում պահպանելու և մեր օրակարգերում ընդգրկելու պայմաններում:

Ի համերաշխություն՝

Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ միավորված անանուն ֆեմինիստներ Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից:

Ապրիլ 12, 2016