«Բազազ Արտեմը երբ ուզի, Գիքորին սիլլա կտա». Վերլուծաբանները` Ռուսաստան Հայաստան հարաբերությունների եւ Աբրահամյանի այցի մասին

13-04-2016
1134 դիտում
«Բազազ Արտեմը երբ ուզի, Գիքորին սիլլա կտա». Վերլուծաբանները` Ռուսաստան Հայաստան հարաբերությունների եւ Աբրահամյանի այցի մասին

Հովիկ Արբահամյանի՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու որոշման պատճառով Հայաստանը Ռուսաստանի մոտ Գիքորի կեցվածք է ընդունում: Այս կարծիքին է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, ով անթույլատրելի է համարում նման քաղաքականությունը:

ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին՝ Երևանում:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների օրերին Ղազախստանի կողմից նիստն այլ երկիր տեղափոխելու առջարկ եղավ, իսկ Ղազախստանը մշտապես աչքի է ընկել ադրբեջանամետ գործունեությամբ:

Որոշվեց, որ նիստը պետք է անցկացվի Մոսկվայում, ինչի մասին Երևանում հայտարարեց նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Այս պարագայում սպասվում էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է բոյկոտեին այդ նիստը, հատկապես որ դրա հնարավորությունը կար:

Եթե ԵՏՄ որևէ երկիր չմասնակցելու որոշում կայացներ, ապա այդ նիստը չէր կարող կայանալ:

Այսինքն, Հայաստանը հնարավորություն ուներ ձախողելու նշված միջոցառումը, ինչը, սակայն չարեց: Հայաստանի հանրությունը սպասում էր Հովիկ Աբրահամյանի որոշմանը, ով ավելի վաղ լրագրողներին ասել էր, թե դեռ չի որոշել՝ մեկնելու է Մոսկվա, թե՞ ոչ: Եվ ահա, Հովիկ Աբրահմյանը որոշեց մեկնել:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ Հայաստանն այս պայմաններում քաղաքական քայլ պետք է ցույց տար Ռուսաստանին, իսկ միակ ադեկվատ քաղաքական պատասխանը ստեղծված իրավիճակում պետք է լիներ Հայաստանի կողմից բոյկոտը:

«Բայց մենք չենք տեսնում այդ բոյկոտը, մենք տեսնում ենք Գիքորին վայել կեցվածք, ինչն ուղղակի խայտառակություն է, քաղաքականապես վնասակար, նաև դա անարգանք է մեր զոհերի հիշատակի նկատմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով, այս քայլը մեծ վնաս է Հայաստանի վարկի համար, որը հասցրել են Հովիկ Աբրահամյանն ու այն անձը, ով մասնակցության որոշում է կայացրել:

Վերլուծաբանի խոսքով, նմանօրինակ որոշումների պատճառով Հայաստանն անընդհատ կարող է տուժել:

«Այս ամենը, որ ստեղծվեց, այդ զենքը, որ կրակեց մեզ վրա, այդ ամենը գալիս է նրանից, որ մեր դիվանագիտությունը ծառայում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի և երկիրը մտցրեց փակուղի: Հայաստանը, սպասարկելով Ռուսաստանի շահերը, էլ ավելի վատթարացրեց  իր դիրքերը միջազգային հանրության առաջ, թուլացրեց ու վարկաբեկեց իրեն ու մի շարք կարևոր պետությունների հետ ուղղակի փչացրեց իր հարաբերությունները: Այսօր արձանագրում ենք, որ մենք բարեկամ չունենք: Կներեք, այդպիսի քաղաքականություն վարող պետության հետ բարեկամ լինելը մեղք է»,- ասում է Մեհրաբյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման օրերին, բացի այն, որ ԵՏՄ անդամ Ղազախստանը հրաժարվեց Հայաստանում մասնակցել վերոնշյալ նիստին, նաև հակահայկական հայտարարություններ եղան ԵՏՄ անդամ Բելառուսի կողմից:

Անդրադառնալով այս պետությունների պահվածքին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ ստացվում է՝ այդ միությունում Հայաստանը բարեկամներ չունի:

«Մենք մեր պոտենցիալ բարեկաներին մեզանից վանեցինք, իսկ նրանք, ովքեր մեզ բարեկամ չեն, փորձում ենք բարեկամ կոչել՝ խաբելով ինքներս մեզ և դրանով իսկ լկտիացնելով Ադրբեջանին, տպավորություն ստեղծելով, որ Հայաստանն այնքան թույլ է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը կարող է շուռ տալ բանակցային սեղանները: Եթե Հայաստանը ժամանակին ատամ ցույց տար, Ադրբեջանը չէր համարձակի նման գործողությունների դիմել, և ռուսներն էլ դա թույլ չէին տա ընդհանրապես: Իսկ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները նույնն են, ինչպես Գիրքորի ու Բազազ Արտեմի հարաբերությունները, որ Բազազ Արտեմը երբ ուզի, Գիքորին սիլլա կտա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանն էլ նկատում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչի պարագայում ստվերվում է անգամ Հովիկ Աբրահամյանի այս այցը:

«Այսօր Հայաստանում լրիվ այլ իրավիճակ է ստեղծվել, և նույնիսկ այդ հանդիպումը, որին իրենք պարտավոր էին չգնալ, նույնիսկ դա արդեն ստվերի տակ է, որովհետև նոր իրավիճակ է: Ավարտվում է Սերժ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը, մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանի բոլոր շերտերը եկել են այն կարծիքին, որ այսպես շարունակվել չի կարող, իսկ այդ ղեկավարության օրոք փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել:

«Մոսկվա գնալը չափազանց սխալ քայլ էր մեզ համար, սակայն նույնիսկ դա այս պայմաններում ստվերվում է նրանով, ինչ այսօր կատարվում է: Հավանաբար մոտակա ժամանակներում Հայաստանի ներքաղաքական կյանքում կտրուկ փոփոխություններ կսկսվեն»,- ասում է նա:

Դանիելյանը նշում է, որ չի կարող ասել, թե ինչ եղանակով կկատարվի այդ քաղաքական փոփոխությունը, սակայն մի բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանը կորցրել է բանակի ու Ղարաբաղի նկատմամբ վստահությունը:

Իսկ նման պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար դա չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու:

«Եվ իմ կարծիքով՝ գործընթացն արդեն սկսվել է»,- վստահ է նա:

Էմմա Մանուկյան

© Medialab.am