Ադրբեջանի ենթակայության ներքո հայտնվելու դեպքում հայ բնակչությունը կենթարկվի էթնիկ զտումների ամենաանմարդկային դրսեւորումների. Հայտարարություն

15-04-2016
1584 դիտում
Ադրբեջանի ենթակայության ներքո հայտնվելու դեպքում հայ բնակչությունը կենթարկվի էթնիկ զտումների ամենաանմարդկային դրսեւորումների. Հայտարարություն

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ ԵՄ ԱլԳ ՔՀՖ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Լեռնային Ղարաբաղի սահմանին  Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները, որ սկսվեցին 2016թ.ապրիլի 2-ին եւ շարունակվեցին չորս օր, 1994թ. մայիսի 12-ին ստորագրված զինադադարի պայմանագրի ամենակոպիտ խախտումն են։ Դիվերսիաները, պրովոկացիաները, դիպուկահարային պատերազմը շփման գծում տեղի էին ունենում նաեւ նախորդ տարիներին, եւ առավել ինտենսիվ բնույթ ստացան 2014 թվականի օգոստոսից։ Սակայն ապրիլյան վերջին իրադարձությունները կասկած չեն թողնում, որ պաշտոնական Բաքուն շարունակաբար արհամարհում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման՝ միջազգային հանրության ջանքերը։ Տեղի ունեցած ռազմական գործողությունները դարձան երկու կողմերի բազմաթիվ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մահվան, ավերածությունների, փոխադարձ թշնամանքի սրընթաց աճի պատճառ։ Ավելին, այս իրադարձությունները վտանգ են ներկայացնում ողջ Հարավային Կովկասի կայունության եւ անվտանգության համար։ Մինչդեռ հակամարտության կողմերից միայն Ադրբեջանն է մերժում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բազմիցս հնչեցրած`շփման գծից դիպուկահարների hետքաշման առաջարկը։

Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, թե իրենց գործողությունները հայկական կողմի ձեռնարկած հարձակման պատասխանն են հանդիսացել, հերթական դեմագոգիան է, որը հերքվում է բազմաթիվ հակափաստարկներով։ Մասնավորապես, ամբողջ աշխարհը վկա դարձավ Բաքվի ահագնացող ռազմատենչ հռետորաբանությանը, որով Ադրբեջանը միջազգային միջնորդներին շանտաժի է ենթարկում՝ հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու սպառնալիքով, եթե վերջիններս չառաջարկեն կարգավորման այն մոդելը, որը նախընտրելի է բացառապես ադրբեջանական կողմի համար։

Հենց Ադրբեջանն է մերժել սահմանին մոնիտորինգ իրականացնելու եւ մեղավորներին ի հայտ բերելու՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Մերժվել է նաեւ ս.թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման առաջարկը։ Միջազգային անկախ փորձագետների ճնշող մեծամասնությունը միանշանակ պնդում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական բախումների նախաձեռնողը։ Վերջապես, ադրբեջանական ագրեսիայի ուղղակի ճանաչում էր` Ռուսաստանում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան  Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու հայտարարությունը[1]։ Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները տեղի ունեցան տարիներ շարունակ Ռուսաստանի կողմից այդ երկրին նորագույն սպառազինությունների մեծածավալ մատակարարման արդյունքում ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով։ 

Ռազմադաշտում ընթացող մարտերը ադրբեջանական բանակի կողմից ուղեկցվել են  ռազմական հանցագործություններով, որոնք 1949թ. Ժնեւի  կոնվենցիայի եւ 1954թ. Հաագայի կոնվենցիայի կոպտագույն խախտումներ են։

Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2016 թվականի ապրիլի 2-ին ՄՄ-21 («Գրադ») կայանքից Մարտունու դպրոցի ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավորվել են:

Նույն օրը, Թալիշ գյուղի ժամանակավոր գրավումից հետո, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանել են տարեց Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին, կտրել նրանց ականջները: Ադրբեջանի զինծառայողները սպանել են նաեւ Վալերա Խալափյանի 92-ամյա մորը՝ Մարուսյա Խալափյանին: Ավելին, ադրբեջանական զինծառայողների կողմից գլխատվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորներ, որից հետո ադրբեջանցի զինծառայողները, ինչպես նաեւ քաղաքացիները, ծաղրուծանակի են ենթարկել սպանվածներից մեկի՝ ազգությամբ եզդի, Քյարամ Սլոյանի գլուխը, նկարվել դրա հետ՝ տարածելով նկարները սոցիալական ցանցերում, տեղափոխել գյուղեգյուղ՝ ներկայացնելով որպես ավար: Անմարդկային դաժանության նման դրսեւորումը նույնական է Իսլամական Պետության ահաբեկիչների կողմից եզդիների հանդեպ իրականացված վայրագություններին։ Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով ռմբակոծվել է քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է յոթ մարդ, եւ տասնյակից ավելին վիրավորվել է։ 2016 թվականի ապրիլի 10-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում: Ապրիլի 2-5 Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ընկած ԼՂ Պաշտպանության բանակի 18 զինծառայողների մարմինները փոխանցվել են ԼՂ կողմին: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ ԼՂ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն  արձանագրել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած բոլոր զոհերի մարմինների վրա առկա են եղել կտտանքի եւ անարգման նշաններ:

Դաժանության եւ ատելության այդ բացահայտ փաստերը որեւէ մեկի մոտ կասկած չպետք է թողնեն, որ Ադրբեջանի ենթակայության ներքո հայտնվելու դեպքում հայ բնակչությունը չի կարող խուսափել էթնիկ զտումների ամենաանմարդկային դրսեւորումներից։ Այդպիսով, մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումն այլընտրանք չունի։

Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվությունը եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտումը ոչ միայն չեն ստանում համարժեք պատասխան, այլեւ ավելին՝ հրահրվում են մի շարք, այդ թվում նաեւ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների կողմից։ Այսպես, թուրքական առաջնորդներն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան իրենց լիակատար համերաշխությունը եւ ռազմական աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցին։ Իսկ «քառօրյա պատերազմին» անմիջապես հաջորդած օրերին Բաքու այցելած ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կրակի վրա յուղ լցրեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը կշարունակվի գոյություն ունեցող պայմանագրերին համապատասխան[2]։ Հարավկովկասյան տարածաշրջանում ահռելի ազդեցություն ունեցող երկրների այդօրինակ գործողությունները Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին այլ ելք չեն թողնում, քան պաշտպանության ու արտաքին քաղաքականության բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործումը՝ սեփական գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար։

Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների (որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներ) հրաժարումը այցելել Երեւան՝ մասնակցելու ապրիլի 7-ին նախապես ծրագրված ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին, երեսպաշտական պատճառաբանությամբ, թե դա կարող է ընկալվել որպես աջակցություն հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ իր ունեցած հակամարտության հարցում, օրախնդիր է դարձնում իր կենսական շահերին բացարձակապես չհամապատասխանող ինտեգրացիոն այդ գործընթացներին մեր երկրի անդամակցության նպատակահարմարությունը։ Ինչպես փաստում են վերջին իրադարձությունները, դա ուղղակիորեն դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Ելնելով վերը շարադրվածից, միջազգային հանրությանը կոչ ենք անում.

Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմիցստորագրված եւ 1995թփետրվարից ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կրակի դադարեցման ռեժիմի համաձայնագրի շրջանակներում, մշակել լրացուցիչ, փոփոխված իրավիճակը հաշվի առնող, իրավական պարտավորություն սահմանող միջոցներ։ Ապահովել դրանց գործնական կիրառումը, եւ հետեւանքներ նախատեսել ուժի չկիրառման սկզբունքը խախտող կողմի համար։

- ԵԱՀԿ կառույցներին տալ մանդատ՝ հետաքննելու Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերը՝ անկախ կողմերի համաձայնությունից։ Որպես այդ առաքելության իրականացման սկիզբ՝ անցկացնել 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների մանրամասն հետաքննություն եւ պաշտոնապես հայտարարել, թե ովքեր են պատասխանատվություն կրում պատերազմի սանձազերծման եւ ռազմական հանցագործությունների իրականացման համար։ Կողմերից մեկի հրաժարումը հետաքննության իրականացման համար պայմաններ ապահովելուց՝ համարել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ագրեսիայի դրսեւորման մտադրություն, ինչը պետք է իր արտացոլումը գտնի միջազգային կառույցների  համապատասխան փաստաթղթերում։

- Լեռնային Ղարաբաղին վերադարձնել հակամարտության կարգավորման բանակցային կողմի կարգավիճակը։

- Հետամուտ լինել, որ հակամարտող կողմերի իշխանությունները վերականգնեն  քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համագործակցության համար անհրաժեշտ պայմանները՝ ուղղված փոխադարձ անվստահության, քսենոֆոբիայի, թշնամության քարոզչության հաղթահարմանը: Խրախուսել ոչ պաշտոնական մակարդակում ուղիղ երկխոսությանը նպաստող նախաձեռնությունները:

Հայաստանի Հանրապետության իշխանություններիցպահանջում ենք՝

- նախաձեռնել քաղաքական-իրավական հետեւանքներ ենթադրող բանավեճ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, միջազգային համագործակցության այլ ձեւաչափերին մասնակցության,  անվտանգության ապահովման եւ երկրի զարգացման խնդիրներին համապատասխանության վերաբերյալ,

- գործուն միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ազգային ներուժն արդյունավետ օգտագործելու համար: Կոռուպցիան, պետական կառավարման արատավոր մեթոդները, տնտեսության մեջ առկա մենաշնորհները եւ հովանավորչությունը, ներդրումների եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար արհեստական խոչընդոտները, քաղաքացիական ակտիվիզմի զսպումը, դիվանագիտության ոլորտում իներտությունը դիտարկել որպես երկրի անվտանգության անմիջական սպառնալիքներ:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝

- անաչառ եւ պատասխանատու քննելու Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը, անկախ այն բանից, թե որ կողմն է դրանք թույլ տվել,

- աջակցելու, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք խախտել են մարդասիրական իրավունքի համընդհանուր նորմերը,

- նշված ուղղություններով համագործակցելու հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների եւ իրավասու միջազգային կազմակերպությունների հետ:

Մենք նաեւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի 500-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ դիմումին[3]՝ ուղղված Եվրախորհրդարանին։