«Հավասարությունը խթանելու փոխարեն, իշխանությունը ատելության կոչեր է անում». Պետդեպի զեկույցը` Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց մասով

15-04-2016
1310 դիտում
«Հավասարությունը խթանելու փոխարեն, իշխանությունը ատելության կոչեր է անում». Պետդեպի զեկույցը` Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց մասով

Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում` ոստիկանության, զինված ուժերի ու քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունները անպատիժ են թողնում լեսբիների, գեյերի, տրանսգենդերների և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց նկատմամբ բռնությունների ու խտրականության դեպքերը, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության` 2015թ. մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցում` հրապարակված ապրիլի 13-ին:

«Իշխանական կուսակցության ներկայացուցիչները և իշխանությանը կից լրատվամիջոցները հավասարություն խթանելու փոխարեն, շարունակում են ԼԳԲՏԻ համայնքի դեմ ատելության կոչերով հանդես գալ` ամրապնդելով երկրում անպատժելիության մթնոլորտը»,- հղում անելով Փինք Արմենիայի տարեկան զեկույցին` նշված է ուսումնասիրության մեջ` ավելացնելով, որ ԼԳԲՏԻ մարդիկ ենթարկվում են ֆիզիկական բռնությունների, սպառնալիքների, ոտնձգությունների, ինչին ոստիկանությունը անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում: Փինք Արեմնիան հոկտեմբերի 17-18 Հայաստանում կայացած ԼԳԲՏ համաժողովից հետո` մանսկիցների ստացած բազմաթիվ սպառնալիքների առիթով ոստիկանություն է դիմել և զեկույցում նշված է, որ հոկտեմբերի դրությամբ իրավապահները հետաքննություն էին իրականացնում, սակայն գործը կարճվել էր «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:

Փինք Արմենիային հղում անելով` զեկույցում նկարագրվում է դեպք, երբ 2015թ. օգոստոսի վերջին Երևանի կենտրոնում 5 հոգով հարձակվել ու ծեծել էին երկու տրանսգենդեր անձանց Մինչ ծեծը տուժողները վազել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ դատախազության ծառայողները օգնություն կցուցաբերեն: Սակայն, ինչպես նշում են 2 տուժողները, դատախազությունից չեն արձագանքել, դուռը չեն բացել, փոխարենը դատախազության ծառայողները ներսից լուռ հետևել են, թե իրենց ինչպես են ծեծում:

Պետքարտուղարության զեկույցում անմասն չի մնացել նաև «Իրավունք» թերթը. «ԼԳԲՏԻ անձինք, որոնց ֆեյբուքի հաշվիները հոմոֆոբ հոդվածում հրապարակել էր «Իրավունք» թերթը 2014թ. մայիսին, շարունակում են ճնշումների ենթարկվել: Նրանցից մեկը հայտնել է, որ բազմաթիվ սպառնալից նամակներ է ստանում, որ կգտնեն իր հասցեն ու վնաս կհասնեն: Աշխատանքային խտրականության պատճառով, նա չի կարողանում գործ գտնել»:

Զինծառայության մասով ասվում, որ բացահայտ գեյ անձինք ազատվում են ծառայությունից` ելնելով ենթադրությունից, որ ծառայակիցիների կողմից բռնության կենթարկվեն, սակայն այդպիսիք ազատվում են հոգեկան խանգարումներ ունենալու հիմնավորմամբ, ինչն այդ մարդկանց համար հետագայում դժվարություններ է ստեղծում աշխատանք գտնելու կամ վարորդական իրավունքներ ձեռք բերելու հարցում: Իսկ գեյերն, ըստ զեկույցի, որոնք ծառայել են բանակում, ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:

Ազատազրկվածների մասով հղում է արված քրեակատարողական հիմնարկների դիտորդական մարմնին` նշելով, որ նրանք անընդհատ ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի, այլ ազատազրկվածներ ստիպում են նրանց նվաստացուցիչ աշխատանքներ կատարել, իսկ հիմնարկի ղեկավարությունը նրանց առանձնացնում է մյուս ազատարկվածներից: Քրեակատարողական հիմնարկներում ամենավատ պայմաններում հենց ԼԳԲՏԻ մարդիկ են ապրում, ասված է զեկույցում:

Աղբյուրը`www.pinkarmenia.org