«Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քայլ չանելու դեպքում կապերը կտանեն դեպի իրեն». Ուր կհասնի ԴԱՀԿ-ի պետի հրաժարականը

19-04-2016
2103 դիտում
«Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քայլ չանելու դեպքում կապերը կտանեն դեպի իրեն». Ուր կհասնի ԴԱՀԿ-ի պետի հրաժարականը

Մինչ Հայաստանում շարունակում են քննարկվել քառօրյա պատերազմի հետեւանքները, կորուստները եւ հնարավոր զարգացումները, «Փանամայի փաստաթղթերում» հիշատակված ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի «հայերանասիրական» մղումներ պարունակող հրաժարականը օդում ճայթռուկի պես պայթեց` առաջ բերելով զարմանք, հարցեր, եւ խոսակցություններ, թե արդյոք հնարավոր է ինչ որ բան փոխվի կոռուպցիայի եւ հովանավորչության մեջ թաղված երկրում:

Որպես ցանցային` հետաքննող լրագրողների միջազգային կոնսուցիումի համատեղ (ICIJ) հետաքննության մասնակից, «Հետք»-ը բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի եւ նրա բարեկամների անունները` օֆշորային ընկերությունների փաստաթղթերում: Նրա քեռիների` Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքի անդամների անունները,  եւս այդ ցուցակում էին:

Ըստ «Հետքի» հրապարակման, Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեցարական բանկերում երկու ընկերության հաշիվները կառավարող միակ անձը: Նրա եւ նրա ընտանիքի անվան հետ են կապվում միլիոնավոր դոլարների արժողությամբ բիզնեսներ:

Ապրիլի 4-ին Միհրան Պողոսյանի մասին հրապարակված գաղտնազերծումներից հետո, թեեւ վերջինս հորիզոնում չէր երեւում, այնուամենայնիվ, շատերը չէին էլ պատկերացնում, թե որեւէ էական փոփոխություն կլինի: Պատճառն առ այսօր հրապարակված գաղտնազերծող բազմաթիվ հետաքննություններն են, որոնք մեծ հաշվով որեւէ հանգուցալուծման չէին բերել: 

Այս առումով շատերի համար զարմանալի էր Միհրան Պողոսյանի հայրենասիրական պոռթկումներ պարունակող հրաժարականը:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,-իր դիմումում նշել է նա։

Միհրան Պողոսյանի հրաժարականի բովանդակությունը ըստ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` ծիծաղելի է: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ նման սպասումներ, թե հրաժարական կլինի` չունեին:

«Նման սպասումներ, որ հրաժարական կլինի մենք չունեինք,-«Մեդիալաբին» ասում է Բաղդասարյանը, ով տեղի ունեցածը բնորոշում է, որպես «հայկական լրատվամիջոցների հաղթանակ»,-Իրականում բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն, եւ հրաժարականով հարցը չպիտի փակվի: Բացահայտումները կան, եւ պիտի տեսնենք թե ինչ քայլեր կլինեն հետո»: 

Տրամադրությունները եւ խոսակցությունները ԴԱՀԿ-ի պետի աղմկահարույց հրաժարականի շուրջ բազմազան են: Եթե ոմանք ուրախանում են երկրում հնարավոր փոփոխությունների տեսլկանով, ոմանց համար տեղի ունեցածն իր բացատրությունն ունի:

«Հայ կանանց ճակատի», «Նոր Հայաստանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը նշում է, որ մի քանիսին զոհ տալով, իշխանությունները կփորձեն փակել ժողովրդի աչքերը` հաշվի առնելով ներկա տրամադրությունները:

«Այս առնետը, որը տարիներ շարունակ ժողովրդին կեղեքելով ու երկիրը թալանելով է զբաղվել, այսօր հրաժարական է ներկայացրել վերջին օրերին հաճախ հնչող «կուլակաթափությունից» խուսափելու համար։ Իր  կարողությունները օֆշորում են, ինքն էլ կուղևորվի այնտեղ և հետքն  արդեն չենք կարողանա գտնել։Հարկավոր է հանրային պահանջ ներկայացնել, որպեսզի նրան դուրս չթողնեն երկրից: Նման դեպքերում մի քանի զոհ են տալիս և վերջ։ Հանրությունը պետք է հետևողական ու համառ լինի և չընկնի այդ ծուղակը»,-«Մեդիալաբին» ասում է Սիմոնյանը։

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հրաժարականը կապում է «Պանամագեյթ» անունով մեծ սկանդալի հետ, որում ոչ միայն հայտնվել է Միհրան Պողոսյանը, «այլեւ կարող է հայտնվել Հայատանի բարձրագուն ղեկավարութունը»:

«Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քայլ չանելու դեպքում կապերը կտանեն դեպի իրեն, որովհետեւ միլիոնավոր դոլարները Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ պետությյունը վերահսկում է ամեն ինչ, կապիտալի ամեն շարժ, չէին կարող հոսել առանց բարձրագույն ղեկավարության անտեղյակության: Թերեւս Սերժ Սարգսյանը այս քայլով իրեն է ապահովագրել հետագա եզարկացություններից, որոնք կարող էին ծանր արժենալ իր համար»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am