«Կեղտոտ քարոզչություն»` հանուն «ազգային անվտանգության». Ինչ նպատակ է հետապնդում ատելություն սերմանողը

21-04-2016
34090 դիտում
«Կեղտոտ քարոզչություն»` հանուն «ազգային անվտանգության». Ինչ նպատակ է հետապնդում ատելություն սերմանողը

Հայաստանում գործող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամները վրդովված են Ադրբեջանի համանուն կազմակերպության հետ իրենց անունը կապելու և Հայ Առաքելական եկեղեցու կողմից ատելություն սերմանող տեղեկատվություն տարածելու առնչությամբ: 

Խոսքը Ադրբեջանի «Կյանքի խոսքի» կողմից Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու աղոթքներին է վերաբերում, որը հայկական մամուլում հրապարակվել էր քառօրյա թեժ պատերազմին հաջորդող ժամանակահատվածում՝ դա կապելով նաև Հայաստանի «Կյանքի խոսքի հետ»:

«Ինչպե՞ս կարող էին տվյալ նյութի հեղինակները, բաքվեցի հովվի խոսքերը մեջբերելով, իմիտացիա և խաբկանք ստեղծել, թե իբր Հայաստանի «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդներն ադրբեջանցի հավատացյալների պես աղոթում են Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար: Ըստ իս, սա վերին աստիճանի ցինիզմ ու անպատկառություն է, որը ես կորակեի` «թիկունքից հարված» սեփական հայրենակիցներին»,- ասում է Հայաստանի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը՝ դա անվանելով պղտոր ջրում ձուկ որսալու փորձ ու սադրանք:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմին հաջորդող օրերին մամուլում տեղեկություն տարածվեց, թե «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն աղոթում է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար: Նմանօրինակ վերնագրով հոդված հրապարակեց «Իրավունք» թերթը՝ իր կայքում տեղադրելով նաև տեսանյութ, որտեղ կան փաստեր, թե ինչպես է Ադրբեջանում գործող «Կյանքի խոսքի» ղեկավար Ռասիմ Խալիլովն աղոթում Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար:

Թերթը գրել էր, որ Ադրբեջանի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Ռասիմ Խալիլովը մեծ ջանքեր է գործադրում Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար, ինչի համար այցելում է դիրքեր ու աղոթք անում: Այնուհետև մեջբերել էր Խալիլովի՝ 2012 թվականի խոսքերը՝ «Ղարաբաղը մերը կլինի այն ժամանակ, եթե մենք ամեն օր աղոթենք դրա համար»:

Սա ներկայացվել էր այնպես, որ Հայաստանի «Կյանքի խոսք»-ն անմասն չէ այս ամենից և նույնպես աղոթում է Արցախը Բաքվին հանձնելու համար: Այդ հոդվածն իր ter-hambardzum.net կայքում արտատպել էր նաև Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Համբարձում Դանիելյանը, ինչը համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ:

«Համագոծակցություն  հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը Տեր Համբարձում Դանիելյանի կողմից նմանօրինակ նյութերի տարածումն ու քարոզը սխալ քայլ է որակում:

Նա նշում է, որ նման քարոզները որակվում են կրոնական թշնամանք տարածող և հակասահմանարական են:

«Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»,-նշված է ՀՀ Սահմանադրության հոդված 47-ում:

«Եթե մենք դա դիտարկենք այս օրերի կտրվածքով, երբ երկրում պատերզամական վիճակ է, զինվորներ են զոհվում, նման կեղտոտ ու քարոզչությունը վերջին սրիկայությունն է: Այն ժամանակ, երբ մեզ բոլորիս պետք է միասնություն դրսևորեինք, այդ պահն օգտագործել սուտ լուր տարածելու համար, դա որևէ արդարացում չի կարող ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Արմեն Լուսյանն իր հերթին մանրամասնում է. Հայաստանի «Կյանքի խոսք» եկեղեցին ինքնանկախ եկեղեցի է, որևէ կենտրոնի մասնաճյուղը չէ, առավել ևս՝ առնչություն չունեն Բաքվի «Կյանքի Խոսք» եկեղեցու հետ:

«Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցիների, այդ թվում՝ Բաքվի եկեղեցու հովվի դիրքորոշումը մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Սա ասում եմ այն բանի համար, որ մեկընդմիշտ հասկանալի լինի ոմանց, որ ադրբեջանցիների խոսքերը կամ աղոթքները մեր հայ հավատացյալ քրիստոնյաներին վերագրելու ցանկացած փորձ առնվազն անմտություն ու սադրանք է»,- ասում է նա:

Տեր Համբարձում Դանիելյանն ասում է, որ իրենք սպասում էին, թե հայաստանյան  «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները պետք է որևէ կերպ դատապարտեին Ադրբեջանում գտնվող «Կյանքի խոսքի» իրենց «եղբայրներին»:

Եթե չեն դատապարտում, ուրեմն համամիտ են նրանց հետ:

«Իրենք ինչքան էլ ասում են, որ առնչություն չունեն Բաքվի «Կյանքի խոսքի» հետ, ամեն դեպքում փաստեր կան, որտեղ Արթուր Սիմոնյանը, որը Հայաստանի «Կյանքի խոսքի» հովիվն է, Խալիլովի հետ առնչություն ունի: Նրանք միասին եկեղեցական ժողովների են մասնակցում»,- «Մեդիալաբին» ասում է Տեր Համբարձում Դանիելյանը:

Նա միաժամանակ նշում է, որ Հայաստանի «Կյանքի խոսքին» որևէ քննադատություն կամ սուր խոսք չեն ուզում ասել մանավանդ այս օրերին: Պարզապես մտահոգվում են, թե ինչո՞ւ Հայաստանի «Կյանքի խոսքը» չի ուզում որևէ կերպ քննադատող խոսքով հանդես գալ ադրբեջանցի «եղբայրների» հասցեին, դատապարտել Խալիլովի երևույթ:

Արմեն Լուսյանը հակառակն է պնդում.

«Վերջիվերջո, կարելի՞ է չէ ըմբռնել այն տարրական իրողությունը, որ նրանք ադրբեջանցի են, մենք հայ: Մի՞թե սա պարզից էլ պարզ չէ, որ մեր ազգային իղձերը, ձգտումներն ու շահերը հակոտնյա են ադրբեջանցիների ձգտումներին՝ անկախ այն բանից՝ նրանք մահմեդական, թե քրիստոնյա ադրբեջանցիներ են»:

Նրա խոսքով՝ իրենք բազմիցս արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, որ Արցախը պատմական հայկական տարածք է, որի կարգավիճակն էլ արդեն որոշված է, և դա որոշել է Արցախի հայությունը՝ Լեռնային Ղարաբաղի օրինական իրավատերը: Նա նաև նշում է, որ նման կարգի նյութեր տարածելն անթույլատրելի և դատապարտելի նաև այն պատճառով, որ այսօր էլ «Կյանքի խոսք» եկեղեցու տղաները կանգնած են սահմանին և զենքը ձեռքին հայրենիք են պաշտպանում:

«Եթե ոմանք այդքան հետաքրքրասիրություն ունեին պարզելու, թե ինչ են Բաքվում աղոթում, գուցե բարեհաճեին նախևառաջ իմանալ, թե Հայաստանո՞ւմ ինչ են աղոթում «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդները»,- հարցադրում  է անում Լուսյանը:

Տեր Համբարձում Դանիելյանի խոսքով՝ նմանօրինակ հրապարակում տեղադրելով իր կայքում՝ ամենևին էլ նպատակ չի ունեցել թշնամանք սերմանել:

«Իմ մեկնաբանություն մեջ դուք տեսնում եք, որ թշնամություն չկա, պարզապես ազգային անվտանգության հարց կա: Նկատելի է երևույթը, եթե դա նկատվում է, չի կարելի կանգնել ու ասել՝ մենք կապ չունենք իրենց հետ: Այս տարվա մարտին է եղել այն ժողովը, երբ իրենք միասին են եղել: Դա նշանակում է, որ իրար հետ լուրջ առնչություն ունեն»,- ասաց հոգևորականը:

Ստեփան Դանիելյանը նշում է, որ Ադրբեջանում գործող «Կյանքի խոսք»-ի անդամներին ճնշում ու դավաճան են համարում, որովհետև նրանք կրոնափոխ են եղել ու քրիստոնյա են դարձել: Որպեսզի ճնշումներից ազատվեն, նրանք նման հայտարարություներ են անում, որ կողմ են, որպեսզի Ղարաբաղ Ադրբեջանի կազմում լինի:

«Դա բերել ու տեղայնացնել Հայաստանի «Կյանքի խոսք» եկեղեցու հետ, ուղղակի չգիտեմ ինչ է, դա նույնիսկ կեղտոտ քարոզչություն չի կարելի համարել, բոլոր բարոյական նորմերի խախտում է: Նույն «Կյանքի խոսք» եկեղեցու անդամները բանակում ծառայում են և հիմա Ղարաբաղում են: Իր կառույցի բիզնես շահերը պաշտպանելու համար, ինչ-որ շուկայական խնդիրներ լուծելու համար նման կեղտոտ քարոզչություն է օգտագործում այդ քահանան»,- ասում է Ստեփա Դանիելյանը:

Ռոզա Հովհաննիսյան

© Medialab.am