«Եթե ռուսական խաղաղապահներ մտնան Արցախ, մենք վերահսկողությունը կկորցնենք». Վերլուծաբանը` Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումների մասին

23-04-2016
1451 դիտում
«Եթե ռուսական խաղաղապահներ մտնան Արցախ, մենք վերահսկողությունը կկորցնենք». Վերլուծաբանը` Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումների մասին

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, ռուսական մամուլում տեղեկություններ եղան, որ Լավրովը Հայաստանում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակ է ներկայացնելու: Շրջանառվում են «Պուտինի փաստաթուղթ», «Լավրովի փաստաթուղթ» եզրույցները, և խոսք է գնում տարածքների հանձնման մասին: Ի՞նչ եք արձանագել դուք:

-Ամեն ինչ կատարվելու է այն բոլոր բանակցությունների ու պայմանավորվածությունների շրջանակներում, ինչի մասին մինչ այսօր խոսվում էր: Մի քանի կետեր կան, որոնք պետք է ցանկացած կարգավորման մեջ տեղ գտնեն: Դրանք են՝ տարածքների վերադարձը, Արցախի կարգավիճակի, անվտանգության միջոցառումների հարցն ու փախստականների վերադարձը: Այսինքն, այս ամբողջ համալիրը ցանկացած կարգավորման մեջ կա: Ամբողջ հարցը դետալներն են: Այսինքն, ինչ տարածքներ պետք է վերադարձվեն, դրա դիմաց ինչպիսի կրագավիճակ պետք է ստանա Ղարաբաղը, ինչ խաղաղապահներ պետք է լինեն: Այս ամենի մեջ արդեն կարող են խնդիրներ լինել:

-Այն, որ Ռուսաստանն է այս փուլում նախձեռնությունն իր ձեռքը վերցրել, ի՞նչ կարող ենք սպասել գործընթացից:

-Կարող ենք ակնկալել այն, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի խաղաղապահները լինեն ռուսական, որպեսզի այնտեղ ռուսները կանգնեն: Դա, ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ վատ տարբերակ է, որովհետև ռուս խաղաղապահները կգան ոչ թե կոնֆլիկտը խաղաղեցնելու ու լուծելու, այլ իրենց խնդիրները լուծելու համար: Իսկ իրենք մեր տարածաշրջանում բավական շատ խնդիրներ ունեն, մանավանդ որ Ռուսաստանը հիմա իր ներկայությունը սահմանափակում է Ուկրաինայում ու Սիրիայում: Հետևաբար, ռուս ժողովրդի համար պատերազմ պետք է ցույց տալ, և այդ պատերազմը կլինի հենց այն, ինչ կկատարվի Ղարբաղում:

-Այդուհանդերձ, այս փուլում կարգավորման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Ադրբեջանի այս մեսիջային պատերազմը, որը եղավ ապրիլի սկզբին, հենց այդ մասին է, որ պետք է կարգավորում, այլապես կարող է շատ ընդլայնվել: Իսկ այն, որ երկու կողմին էլ պետք է խաղաղություն պարտադրեն, դա կարծես թե ակնհայտ է դառնում, որովհետև երկու կողմերի իշխանություններն էլ պատրաստ չեն խնդրի լուծմանը: Երկրորդ, անցած 20 տարվա ընթացքում հասարակություններն այնքան են ռադիկալացվել, որ հասարակությունները նույնպես պատրաստ չեն այդ խնդրի լուծմանը:

-Երեկ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ համանախագահների առաջարկած տարբերակը Հայաստանի երազանքը չէ: Սա ի՞նչ կարող է նշանակել, հնարավո՞ր է Հայաստանին անցանկալի լուծումներ պարտադրվեն:

-Հայաստանի համար հիմա ցանկացած պարտադրանք անցանկալի է: Ինձ թվում է, որ այս փուլում Ղարաբաղի անկախության հարց չի լուծվի: Իսկ դա միակ ցանկալի բանն է Հայաստանի համար: Այսինքն՝ այն, ինչ ցանկալի է, դա չի արվի, մնացած բոլորն անցանկալի է Հայաստանի համար: Ինձ թվում է, որ այս փուլում ինչ-որ տարածքների վերադարձի, ռուսական խաղաղապահների տեղակայման, փախստականների վերադարձի հարց կլուծվի:

-Տարածքների վերադարձի հարցով հայ հանրության մոտ վերջին օրերին մեծ ընդվզում է, հնարավո՞ր է, որ այս հարցում զանգվածային անհնազանդություն լինի:

-Ընդվզման ալիք կարող է բարձրանալ բայց այդ ալիքը խնդրի լուծման չի տանի: Այսինքն, եթե միջնորդները շատ վճռական լինեն, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը շատ վճռական լինի և, եթե տեսնի, որ իշխանությունները ենթարկվում են այդ հանրային ընդվզմանը, նրա համար մեծ խնդիր չէ փոխել իշխանությունները և նոր իշխանությունների հետ համաձայնության գալ:

-Այսինքն, Հայաստանի իշխանությո՞ւնն էլ չի կարող դիմակայել այդ ճնշումներին, եթե որևէ անցանկալի լուծում պարտադրվի:

-Իշխանությունները չեն կարող ընդդիմանալ: Եթե ճնշումներ լինեն շատ ուժեղ, եթե վճռական լինեն միջնորդները, որ հիմա ուզում են խնդիրը լուծել, ապա իշխանությունները պետք է տեղի տան, նրանք չեն կարող դիմադրել դրան:

-Եթե ամփոփում ենք վերջին օրերի զարգացումներն ու Լավրովի այցը Հայաստան, Ռուսաստանի ակտիվացումը բանակցային գործընթացում, ի՞նչ կարող ենք արձանագրել:

-Կարող ենք արձանագրել այն, որ Ռուսաստանը մյուս տարածաշրջաններում կոնֆլիկտները սառը թողնելով՝ ցանկանում է այս կոնֆլիկը մի փոքր բորբոքել: Կոնֆլիկտին լուծում չի լինի, որովհետև Ռուսաստանի  որևէ լուծում ձեռք չի տալիս: Բայց կլինի ինչ-որ մի կիսատ տարբերակ, որի կարևոր և ամենաանցանկալի բաղադրիչը կլինի ռուսական խաղաղապահների տեղկայումը: Եթե ռուսական խաղաղապահներ մտնան Արցախ, մենք արդեն Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կկորցնենք:

-Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ 1994 թվականի զինադադարի համաձայնագիրն ուժի մեջ է, դա անժամկետ պայմանագիր է: Սա ի՞նչ է նշանակում:

-Ես չեմ կարծում, որ 1994 թվականի զինադադարի շրջանակներում որևէ բան հնարավոր  կլինի անել, որովհետև այդ զինադադարի ամենակարևոր տարրը դա Ղարաբաղի մասնակցությունն էր բանակցություններին, բայց արդեն վաղուց դա դե ֆակտո ուժի մեջ չէ: Երկրորդ, այդ զինադադարից հետո մենք տեսնում ենք, որ եղել է սահմանային գծի փոփոխություն, այսինքն՝ ուզենք, թե ոչ հիմա մենք իրականության մեջ ենք ապրում:

-Իսկ հնարավո՞ր է, որ այս փուլում Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում:

-Շատ ցանկալի կլինի, բայց ես չեմ տեսնում այն լծակները, որով կկարողանան ստիպել Ղարաբաղին ընդգրկել այս գործընթացի մեջ: Ոչ ոք չի ցանկանա դա՝ ո'չ Ռուսաստանը, ո'չ Ադրբեջանը, ո'չ մյուս միջնորդները: Երբ 1994-97 թվականներին հայկական կողմը հանդես էր գալիս երկու կողմով, շատ ուժեղ էր բանակցություններում: Այդպիսի ուժեղ Հայաստանի հետ դժվար էր բանակցելը: Հիմա Հայաստանը բավական թույլ է, և ոչ ոք չի ցանկանա Հայաստանի ուժեղացումը, որպեսզի խնդրին կարողանան լուծում տալ:

Էմմա Մանուկյան

© Medialab.am