Դուստրը միայն երկու շաբաթ անց կարողացավ այցելել Թալիշում դաժանաբար սպանված ծնողների շիրիմներին. Ինչ քայլերի կդիմի հայկական կողմը

26-04-2016
2014 դիտում
Դուստրը միայն երկու շաբաթ անց կարողացավ այցելել Թալիշում դաժանաբար սպանված ծնողների շիրիմներին. Ինչ քայլերի կդիմի հայկական կողմը

Ավելի քան երկու շաբաթ անց տարեց ծնողների` Վալերա եւ Ռազմելա Խալափյանների եւ 92-ամյա տատի` Մարուսյայի ողբերգական սպանությունից եւ հակառակորդի կողմից նրանց մարմիններն անարգելուց հետո միայն Գայանե Նազունցը կարողացավ հայրենի գյուղ` Թալիշ վերադառնալ, որպիսի նրանց գերեզմանին այցելի: 

Ադրբեջանական ուժերը ապրիլի երկուսին շատ կարճ ժամանակ կարողացան գրավել սահմանագծին գտնվող Թալիշ գյուղը, որն ապրում էր իր սովորական կյանքով, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նաեւ կարողացան դաժան հետք թողնել` բարբարոսաբար սպանելով տարեց Խալափյան ամուսիններին` կտրելով նրանց ականջները եւ գնդակահարելով անկողնային պառկած 92-ամյա Մարուսյային, ինչի մասին առաջինը բարձրաձայնեց «Հետքը»

Հարազատների մահվան մասին լուրը Գայանե Նազունցն իմացավ ինտերնետից, երբ մի կերպ չորս երեխաների հետ մազապուրծ կարողացավ կարկուտի նման թափվող արկերից, պայթյուններից եւ կրակոցներից խույս տալ եւ ժամանակավոր ապաստան գտնել հարազատների տանը` Աբովյան քաղաքում: 

«Ցավը շատ խորն է, մայրս էլ նրանց հետ եկավ Թալիշից, ոչ մեկս չգիտենք ինչ ասենք, ոնց սփոփենք մարդկանց, ովքեր իրենց տուն տեղ, ու հարազատներին են կորցրել: Գայանեն հարազատների թաղմանը նույնիսկ չկարողացավ ներկա գտնվել եւ օրերս կարողացավ Թալիշ մեկնել` նրանց գերեզմանին այցելելու: Սա մի ցավ է, որի վերջը չի երեւում: Բառեր չկան»,-«Մեդիալաբիբ» ասում է Գայանե Նազունցի ամուսնու քույրը` Մալինա Նազունցն, ով հյուրընկալել է եղբոր կնոջն ու երեխաներին:

Ապրիլի սկզբին հակամարտ գոտում սկսված աննախադեպ պատերազամական գործողությունները, որոնց հետեւանքով տասնյակ զոհեր եւ հարյուրից ավելի վիրավորներ եղան, անսպասելի էին ոչ միայն իրենց ծավալով, այլեւ վայրագություններով խաղաղ բնակիչների հանդեպ:

Մինչ լրատվամիջոցները տարածում էին թալիշցի Խալափյանների ընտանիքի հանդեպ տեղի ունեցած դաժան սպանության մանրամասները, հայկական կողմին վերադարձվեցին թեժ մարտերի մասնակից 18 զինվորականների մարմինները` անարգված եւ խոշտանգված:

Տեղի ունեցած իրադարձությունների եւ վայրագությունների հետ կապված, պաշտոնական Երեւանը հայտարարել է, թե համապատասխան ուղղություններով նամակներ են ուղարկվել, աշխատանքներ են տարվում` միջազգային հնարավոր ատյաններին ծանրակշիռ փաստարկներով փաթեթներ ուղարկելու ուղղությամբ:

Ապրիլյան անսպասելի քառօրյա պատերազմը, ըստ փորձագետների, աննախադեպ էր ոչ միայն վայրագություններով, այլեւ թշնամու կողմից կիրառված սպառազինությունների ծավալով` ներառյալ ծանր հրետանի, օդուժ, միջազգային կոնվենցիաներով արգելված գրադ կայանք եւ այլն:

Սահմանամերձ Մատաղիսից չորս երեխաների հետ Երեւանի հարակից Խաչփար գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած 34-ամյա Լիլիթ ՕՀանյանն ասում է, որ ռմբակոծության հետեւանքով փամփուշտները կարկուտի պես գյուղի վրա էին թափվում:

Նա ասում է, որ մինչեւ հիմա ականջներում հնչում են երեխաների ճիչերը. «պապա փրկի մեզ»: Լիլիթն ասում է, որ գիշերանոցներով «կարկուտի» տակով մի կերպ կարողացան փրկելը ամենաթանկը` կյանքը:

«Չեմ էլ ուզում հիշել էն ինչ եղավ-«Մեդիալաբին» ասում է Օհանյանը` նշելով, թե տեղի ունեցածը իր համար դեժավյու էր,- երբ ես տաս տարեկան էի մայրս ձեռքս բռնած նույն կերպ փորձում էր փախչել եւ մեր կյանքը փրկել, հիմա ես եմ իմ տաս տարեկան երեխայի ձեռքից բռնած նույնն անում: Տարիներ անց էլ պատմությունը կրկնվում է: Ականջներումս դեռ էդ  կրակոցներն են ու պայթյունները»:

Լիլիթ Օհանյանը ծնունդով Թալիշից է, Մատաղիս հարս է գնացել: Ասում է` փառք Աստծո, հարազատներս կարողացան Թալիշից ողջ դուրս պրծնել:

Ըստ «Թալիշ» հիմնադրամի, գյուղում մինչեւ ապրիլի 2-ն ապրում էր 137 ընտանիք` 550 բնակչով: Առնվազն 300 բնակիչներ` կանայք, երեխաներ եւ ծերեր տեղափոխվել են Հայաստան: Տղամարդիկ մնացել են գյուղերում:

«Թալիշում գրեթե ոչինչ չկա, գյուղն ահավոր վիճակում է, համարյա կանգուն տուն չկա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք վերադառնալու ենք Թալիշ»,- ապրիլի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:

Լիլիթ Օհանյանը նշում է, որ տղամարդիկ մնացել են սահմանամերձ Թալիշ, Մատաղիս գյուղերում` պաշտպանելու հայրենի հողը, նա միեւնույն ժամանակ ասում է, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նման բան կլինի:

«Մեր ուզածն ի ՞նչ է: Միայն ու միայն խաղաղություն»,-ասում է նա` նախընտրելով չանդրադառնալ հայրենի Թալիշում տեղի ունեցած եւ բոլորի քննարկման առիթ հանդիսացած բարբարոսություններին:

Մինչդեռ մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոս, փաստաբան, ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է, որ պետք է առաջ շարժվել եւ դիմել բոլոր հնարավոր միջազգային ատյաններին:

Մարուքյանը նշում է, որ խախտվել են միջազգային եւ մարդասիրական իրավունքի նորմեր, եւ պատերազմի վարման կանոններ` շեշտելով մարդկանց հանդեպ կատարված բարբարոսությունները` խոշտանգումները, անդամհատումները եւ արգելված սպառազինության կիրառությունը` խաղաղ բնակչության հանդեպ:

Նա նշում է, որ տեղի ունեցածը հիմք ընդունելով եւ գոյություն ունեցող ընթացակարգին հետեւելով, Հայաստանը հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որից հետո հայց ներկայացվի Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարան:

«Խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, եւ պատերազմի վարման կանոնները, որն Ադրբեջանի միջազգային պարտականությունների մեջ  է մտնում-ասում է Մարուքյանը,-եւ այս ամենը պետք է փաստաթղթավորված ներկայացնել համապատասխան ատյաններում»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշում է, որ  եւ Թալիշում խոշտանգված եւ սպանված Խալափյանների գործի, եւ հայկական կողմին վերադարձված կտտանքների ենթարկված, սպանված 18 զինվորականների գործով ակտիվ աշխատանքներ են տարվում` միջազգային ատյաններ դիմելու համար:

Նա նշում է, որ դատաբժշկական քննություն է տարվում` պարզելու, թե արդյոք այդ մարդկանց խոշտանգել են մինչեւ մահը, թե դրանից հետո, ինչպես նաեւ այլ կարեւոր հանգամանքներ: Ալավերդյանը նաեւ տեղեկացնում է, որ անհատական մակարդակով, զոհերի ընտանիքների կողմից արդեն իսկ ընդդեմ Ադրբեջանի Եվրադատարան գանգատներ են ներկայացվել:

«Մի բան պարզ է, այդ ամենն արվել է ահաբեկիչներին հատուկ լեզվով` ցուցադրաբար` դեմ գնալով քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերին,-«Մեդիալաբին» ասում է Ալավերդյանը,-եւ նպատակը մեկն է. ահաբեկել:  Հայաստանն այս դեպքում դիմելու է բոլոր հնարավոր ատյաններին: Մենք պարտավոր ենք հետամուտ լինել` մեղավորներին պատժելու համար»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am