Սեքսիզմ, խտրականություն, ցածր մշակույթ. Երբ են հիշում դիմացինի միջի կնոջը

26-04-2016
18455 դիտում
Սեքսիզմ, խտրականություն, ցածր մշակույթ. Երբ են հիշում դիմացինի միջի կնոջը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրող Սիրանույշ Պապյանին  ուղղված «ներողություն, ես էլ քո մեջ կին չեմ տեսնում» արտահայտությունը անսպասելի չէր, ոստիկաններն այդ մշակույթի կրողն են և մշտապես խտրական վերաբերմունք են ցուցաբերում կանանց նկատմամբ:

«Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ասում է Կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:

«Ես սպասում էի, որ նա այդպիսի բան կասեր՝ իմանալով, թե ինչքան խտրական են վերաբերվում ոստիկանները տարբեր մարդկանց ընդհանրապես: Ուղղակի ամեն անգամ փորձում են թաքցնել, ցույց տալ, որ իրենք լավն են դարձել, զարգացել են, բայց այդ կնատյացությունը միշտ կա իրենց մեջ»,- «Մեդիալաբին» ասում է  Ահարոնյանը:

Ոստիկանապետի այս պահվածքը արդեն երկու օր է՝ բուռն քննարկումների տեղիք է տվել:

Հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում մարդիկ քննարկում են տեղի ունեցածն ու հիմնականում մեղադրում ոստիկանապետին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում փորձառու լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե հանրությունը չի տեսնում ոստիկանության կատարած բարեփոխումները, ոստիկանապետն ասել էր, որ ինքն էլ նրա մեջ կին չի տեսնում:

Սիրանույշ Պապյանը իրավապաշտպանների ու փաստաբանների հետ քննարկում է անելիքները և պատրաստվում է դիմել դատարան:

«Հայցեր ենք պատրաստելու, դիմելու ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և դատարան: Ոստիկանապետն առնվազն պետք է ներողություն խնդրի: Որքան էլ այսօր ոստիկանության լրատվական ծառայության պետը փորձեց մեկնաբանել տեղի ունեցածը, այնուամենայնիվ բոլորն ակնհայտ տեսել ու լսել են կատարվածը, տեսանյութ կա, կարող են նայել»,- «Մեդիալաբին» ասում է Սիրանույշ Պապյանը:

Նրա խոսքով, հայցերի հիմքում ոստիկանապետի կողմից ներողություն խնդրելու պահանջն է դրված: Չի բացառվում, որ նաև փոխհատուցման պահանջ դրվի, բոլոր հարցերը ճշտվում են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղի ունեցածի վերաբերյալ այսօր տարածել է պարզաբանում՝ ասելով.

«Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ՝ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով իր սուր ելույթների համար բազմիցս քննադատվել է տղամարդ գործընկերներրի կողմից, որպես կին՝ խտրական վերաբերմունքի արժանացել, ասում է, որ Հայաստանում համապատասախան մշակույթի խնդիր կա:

Նմանօրինակ մի դեպք էլ տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո նրան նախատելու գործին լծվեց հանրապետական Հովհաննես Սահակյանը: Խոսքն ուղղելով Փոստանջյանին «կառավարող դրսի ուժերին»` Սահակյանն ասաց, որ նա այնուամենայնիվ մի փոքր խնամքով վերաբերվի իր հայ կին լինելու, քանի որ «դարեր շարունակ մենք հայ կնոջ հանդեպ ունեցել ենք մեկ այլ վերաբերմունք»:

«Մենք մշակույթի հետ կապված խնդիր ունենք, Հայաստանի հանրապետությունում տղամարդիկ դեռ իրենց արժեքն ու կարգավիճակը չեն պատկերացնում: Մինչդեռ կանայք հանրային կյանքում բավական լավ պատկերացնում են իրենց դերը, և բացի այն, որ պատկերացնում են, պատշաճ մակարդակով են ներկայացնում: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր բնագավառներին»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեցնում է, որ կինն ու տղամարդը հավասար իրավունքներ ունեն:

«Էլ չեմ ասում, որ կնոջ առաքելությունը անկրկնելի է աշխարհում, որովհետև կինն է կյանքը շարունակում, և որևէ մեկին, եթե նա իր մշակույթով նորմալ մարդ է, վերապահված չէ կնոջը վիրավորել»,- ասում է նա:

Լարա Ահարոնյանը նշում է, որ եթե նորմալ երկրում ապրեինք, ոստիկանապետն իր այդ արարքի համար պետք է հրաժարական տար, որովհետև խտրական վերաբերմունք է դրսևորել:

Բայց Հայաստանում իրականությունն այն է, որ պաշտոնյաները վիրավորում են տարբեր անձանց, խտրական վերաբերմունք են դրսևորում, մասանավորապես, կանանց հանդեպ և մնում են իրենց պաշտոնին:

«Կամ իրենց ժամանակավոր հեռացնում են, հետո ուրիշ պաշտոններ են առաջարկում: Այսինքն, սա ցույց է տալիս, որ իրոք ոստիկանության մեջ ոչինչ չի փոխվել: Եթե իրենց պատասխանատու պաշտոնյաներն են այդպես արտահայտվում, ապա արդեն պարզ է, թե ներքևում ինչպես են վերաբերվում կանանց»,- նշում է նա:

Լարա Ահարոնյանի խոսքով, իրենք բազմիցս բարձրացրել են այն հարցը, որ ոստիկանները կանանց հանդեպ խտրական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով կանայք չեն ուզում դիմել ոստիկանությանը, երբ բռնության են ենթարկվում:

«Իրենք այնքան խտրական են վերաբերվում կանանց, չեն գիտակցում, որ կանայք հավասար իրավունքներ ունեն այս հասարակության մեջ: Իրենք լրագրող չեն տեսնում, միանգամից կին են տեսնում, դրա համար դա են թիրախավորում թե վիրավորանքների, թե արտահայտությունների մեջ: Հստակ ապացույց է դա, որ իրենց համար այդ կարծրատիպերը կան, ոչինչ չի փոխվել»,- ասում է Լարա Ահարոնյանը:

Սիրանույշ Պապյանի խոսքով, պաշտոնյաների մոտ կարծես ավանդույթ է դարձել լրագրողներին վիրավորելը, այդպես էլ չեն գիտակցում չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը:

«Էլ չեմ ասում այն մասին, որ կին լրագրողների նկատմամբ վերաբերմունքի լուրջ վերանայում պետք է տեղի ունենա: Որքան էլ փորձեն ասել, թե ոստիկանության բարեփոխումները չտեսնելուն ի պատասխան է Վլադիմիր Գասպարյանն այդ արտահայտությունն արել, սա չի մեղմում նրա արարքը: Սա արժանապատվության հարց է, ես պատիվ ու արժանապատվություն եմ պահանջում ոստիկանապետից»,- ասում է Սիրանույշ Պապյանը:

«Այն արտահայտությունը, որ «Ես ձեր մեջ կին չեմ տեսնում», խոսում է մարդու ցածր մշակույթի մասին: Եթե մարդը սխալվել է և ինքը ցածր մշակույթի կրողը չէ, ապա պետք է անմիջապես, դեռ երեկ պետք է ներողություն խնդրեր: Ես կցանկանամ, որ այդպես լինի: Իսկ եթե այդպես չէ, դա արդեն ոչ միայն ցածր մշակույթի մասին է խոսում, այլ նաև խտրական մոտեցման մասին, որը պետք է պատժվի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, չորրորդ իշխանությունը հավասար է գործադիր իշխանությանը, և այդ աշխատանքը պետք է արժանանա հարգանքի, անթույլատրելի է անհարգալից վերաբերմունքը լրագրողի աշխատանքի նկատմամբ:

Կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի արարքը «սեքսզիմի հերթական դրսևորում» է որակում:

Նա նկատում է, որ Հայաստանի պաշտոնյաներին հատուկ են սեքսիզմի դրսևորումները, որոնք խտրականության գործիք են:

«Ընդհանրապես, կանանց թիրախավորելն ու հոգեբանական, սեռական ճնշման ենթարկելը հայրիշխանական պատկերը կրող հասարակությունում, ինչպիսին մերն է, շարունակական բնույթ է կրում և անպատժելի է»,- ասում է Զարուհի Հովաննիսյանը:

Նա հարցադրում է անում՝ ծառայություն իրականացնելիս ինչո՞ւ ոստիկանապետը պետք է լրագրողի մեջ կին տեսնի և ինչո՞ւ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս պետք է սեռայնացվի:

«Եթե անգամ Հայաստանում կա կարծրատիպային պատկերացում կանանց վերաբերյալ, ապա պետական պաշտոնյան գոնե պետք է իմանար, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներով»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am