Որտեղի՞ց է ձեռք բերվել «տրոտիլը», ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում. կասկածելի պատմություն`բազմաթիվ հարցականներով

28-04-2016
2482 դիտում
Որտեղի՞ց է ձեռք բերվել «տրոտիլը», ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում. կասկածելի պատմություն`բազմաթիվ հարցականներով

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի գործով դեռևս պետք է պարզվեն մի շարք փաստական հանգամանքներ, առանց որոնց անհնար է որևէ եզրակացություն կազմել ահաբեկչության բացակայության մասին:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով պայթյունի դեպքով իրավապահների աշխատանքին ու հանրային արձագանքին:

Հիշեցնենք, որ  ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի, որոնց թվում մեկ հղի կին ու երկու երեխա:

Այս դեպքից հետո հանրության տարբեր շրջանակների մոտ հարցադրումներ ու կասկածներ հնչեցին: Նախ, դեպքից շատ ժամեր անց անգամ իրավապահ մարմինները պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու հարցում ժլատ գտնվեցին՝ տեղիք տալով զանազան վարկածների, այդ թվում՝ ահաբեկչության վարկածի շրջանառման:

Այնուհետև Քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։

Պարզվել էր տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Ներկայացվեց, որ նշված անձը նպատակ է ունեցել տրոտիլով պայթեցնել հարազատ մորը, քանի որ անձնական խնդիրներ է ունեցել նրա հետ: Ավելի ուշ, Քննչական կոմիտեն հայտնեց, որ այդ անձը 55-ամյա Ռուբեն Բալյանն է, ով նախկինում երկու անգամ դատպարտված է եղել: Նա երկրորդ զոհն էր, որի ինքնությունը, դիակի անճանաչելի լինելու պատճառով, պարզվել էր ԴՆԹ թեսթի միջոցով:

«Տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութն ինքն իրեն չի կարող պայթել: Եթե հավատանք նախաքննության մարմինին, որ այն նույն տրոտիլն է հայտնաբերվել ավտոբուսում, որը նաև այդ անձի տիրոջ տանն է հայտնաբերվել, ապա առնվազն պետք է պարզել հետևյալ հարցերը՝ որտեղի՞ց է ձեռք բերվել տրոտիլը: Տրոտիլի ձեռք բերման աղբյուրն այս գործում հիմնական նշանակություն ունի: Ավելին, շատ կարևոր է ճշտել տրոտիլի պատրաստման արտադրությունը: Տարբեր արտադրության տրոտիլն ունի տարբեր բաղադրություն: Այսինքն՝ առավել քան հեշտ է տրոտիլի քիմիական բաղադրության նույնականացման միջոցով պարզել, թե որտեղ է արտադրվել այն»,- «Մեդիլալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ պետք է նաև ճշտել, թե ինչպե՞ս կարող էր այդ տրոտիլը նշված անձի ձեռքում հայտնվել:

«Ավելին, իսկ այդ անձնավորությունն ինչպե՞ս գիտեր տրոտիլի պայթեցման տեխնոլոգիան: Պատահական մարդը չի կարող տրոտիլը պայթեցնել»,- ասում է նա: Ըստ Սաքունցի՝ սրանք հարցեր են, առանց որոնց պատասխաններն ստանալու խոսել ահաբեկչության բացակայության կամ առկայության մասին, առավել քան անհիմն է:

Հաջորդ հարցադրումը, իրավապաշտպանի խոսքով այն է, որ եթե տվյալ անձը մահացել է, ապա ինչպե՞ս են իրավապահներն իմացել, որ նա հարզատներին պայթեցնելու համար է դա ձեռք բերել:

«Ի՞նչ է, ավտոբուսի բոլոր ուղևորներին ասել է՝ հետս տրոտիլ եմ տանում, որ հարազատներիս պայթեցնե՞մ: Շատ տարօրինակ է, որ հարզատներին պայթեցնելու նպատակ ունեցող անձը ձեռք բերած տրոտիլը հասարակական տրանսպորտով է տեղափոխում»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով, հանրությունը հերթական անգամ տեսնում է իրավապահների կողմից միտումնավոր, ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրում:

Նա նշում է, որ որևէ մեկը առավել, քան Սերժ Սարգսյանը, չգիտի, թե ինչպես կարող է հայտնաբերվել զենքի ձեռք բերման աղբյուրը, դրա տեղափոխության ճանապարհը և իրացման վայրը: Հետևաբար, պետք է այդ հարցերը պարզվեն:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ մասնագետ չէ, սակայն որպես սովորական քաղաքացի խնդիր ունի՝ արդյոք իրեն համոզե՞լ է նախաքննության մարմինը, թե՞ ոչ:

«Ես չեմ համոզվել, որ տրոտիլ գնելու ունակություն ունեցող մարդը կարող է այն տեղափոխել ավտոբուսով: Ես կարծում եմ, որ մեզ չի ասվում ամբողջ ճշմարտությունը այնպես, ինչպես մեզ չասվեց ամբողջ ճշմարտությունը Նորք Մարաշի զինված խմբի մասին: Ի՞նչն է կաշկանդում նախաքննության մարմնին կամ իշխանություններին ասել ճշմարտությունը, չեմ կարող ասել, բայց համենայնդեպս ասվածը մեզ չհամոզեց: Ես ոչ թե ասում եմ, որ դա ահաբեկչական ակտ է, այլ այն, ինչ մատուցվում է, ինձ չի համոզում»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշում է, որ իրավապահները պետք է գործեին պրոֆեսիոնալ, այլապես ստացվում է, որ խելապակաս մեկը, անհավասարակշիռ վիճակում որոշում է հարազատ մորը տրոտիլով վերացնել, ձեռք է բերում տրոտիլ, տեղափոխում է ավտոբուսով…

Ըստ Սաֆարյանի՝ մի քիչ շատ կասկածելի պատմություն է:

«Եթե նույնիսկ նա հավասարկշռված անձ չէ, եթե անգամ իր գործողություններն այդպես է մոտիվացնում, ապա կներեք, դրա թիկունում ուրիշ բան պետք  է լինի: Դրանից այն կողմ վարագույր կա, վարագույրից այն կողմ բան պետք է լինի: Ո՞վ օգնեց նրան, ինչո՞ւ օգնեց, ինչպե՞ս օգնեց: Ի վերջո նրան օգնողի նպատակը կարող էր լինել ամենևին ոչ թե մայրիկին պայթեցնելը, այլ հենց այն, ինչը տեղի ունեցավ ավտոբուսում»,- ասում  է Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ շատ ուշադիր հետևել է, թե ինչպես են բոլորն օգտագործում այս միջադեպը: Որևէ կազմակերպված հետևանքի շահարկում չի նկատել իշխանությունների կողմից:

«Չեմ տեսել, որ իշխանությունն ասի՝ ահա, սա ստիպում է մեզ կոնսոլիդանալ, մեկ բռունցք դառնալ, չբողոքել, հրաժարականներ չպահանջել: Նման բան իշխանությունը չի արել, այսինքն՝ հետևանքների շահարկում տեղի չի ունեցել: Հետևաբար հարց է ծագում՝ արդյոք սրա նպատակը հասարակության ոգին կոտրելը, վախեր սերմանելը չէր: Եվ եթե իշխանությունը չի դառնում դրա թիվ մեկ շահառուն, ապա ո՞վ է շահառուն: Կարող են դրսի ուժեր էլ լինել, ներսի ուժեր էլ: Այնպես որ հավասարապես չեմ կարող հերքել ոչ ներքին, ոչ արտաքին վարկածը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am