ՀՀ արտաքին առևտրում Ռուսաստանի կշիռը շարունակում է նվազել

02-05-2016
2588 դիտում
ՀՀ արտաքին առևտրում Ռուսաստանի կշիռը շարունակում է նվազել

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 10.4%-ով այս տարվա առաջին եռամսյակում։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության ուրբաթ օրը հրապարակած տվյալներից։ Նվազել է նաև ԵՄ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը, բայց ավելի քիչ չափով՝ 3.2%-ով։ Արդյունքում Ռուսաստանի կշիռը մեր ընդհանուր առևտրում նվազել է և կազմել 24.7%, իսկ ԵՄ կշիռը՝ աճել և կազմել 25.1%։

Ուշագրավ է սակայն, որ դեպի Ռուսաստան արտահանման գծով 2.2 անգամ աճ է արձանագրվել. նախորդ տարվա առաջին 3 ամիսների 32.2 մլն դոլարի փոխարեն այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 67.7 միլիոն դոլարի ապրանք։ Դա մոտավորապես այն է, ինչ Հայաստանն արտահանել է Ռուսաստան մինչև ԵԱՏՄ մտնելը՝ 2013-ի առաջին եռամսյակում։

Գծագիր 1․ Հայաստանից ՌԴ և ԵՄ արտահանումը 2012-2016թթ առաջին եռամսյակներին (մլն դոլար)1]

Ինչպես երևում է Գծագիր 1-ից, մինչև ԵԱՏՄ մտնելը դեպի ԵՄ մեր արտահանումը մոտ 2 անգամ գերազանցում էր դեպի ՌԴ արտահանման ծավալները, բայց ԵԱՏՄ մտնելուց հետո այդ տարբերությունը փոքրացել է, չհաշված 2015 թվականը, երբ նավթի գները կտրուկ նվազեցին ու սկսվեցին Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները։ Գլխավոր եզրակացությունը, սակայն, շարունակում է մնալ նույնը՝ ԵԱՏՄ մտնելուց հետո նվազել է մեր առևտրաշրջանառությունը ինչպես ԵՄ-ի այնպես էլ Ռուսաստանի հետ։ (Գծագիր 2)

Գծագիր 2․ Հայաստան-ՌԴ և Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը 2012-2016թթ առաջին եռամսյակներին (մլն դոլար)

2

Մինչդեռ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման դեպքում դեպի ԵՄ մեր արտահանումը ոչ միայն չէր նվազի, այլև, ըստ հետազոտությունների, կաճեր մոտ 15%-ով։ Դա նշանակում է, որ այսօրվա 107 միլիոն դոլարի փոխարեն մենք կարող էինք ունենալ մոտ 150 միլիոն դոլարի արտահանում դեպի ԵՄ երկրներ։

Վերադառնալով այս տարվա ցուցանիշներին՝ նշենք, որ մեր մյուս խոշոր գործընկեր երկրներից նշանակալի աճել է դեպի Իրան (2.9 անգամ), Իրաք (40%-ով), Վրաստան (41%-ով) և Ուկրաինա (2.3 անգամ) արտահանումը։ Արտահանման ընդհանուր աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 26.3%, ներմուծման նվազումը՝ 15.9%:

Դեպի Իրան արտահանման շուրջ եռակի աճը պայմանավորված է այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկմամբ, իսկ դեպի Ուկրաինա աճը՝ ուկրաինական ազգային արժույթի՝ հրիվնայի կայունացմամբ:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»