«Ձեր տղաները կմեռնեն, բայց դուք մի անհանգստացեք, մայրեր ջան, որովհետև սերունդը կշարունակվի». Սեռաբջիջների նախագիծը` էժան մանիպուլյացիա

03-05-2016
11298 դիտում
«Ձեր տղաները կմեռնեն, բայց դուք մի անհանգստացեք, մայրեր ջան, որովհետև սերունդը կշարունակվի». Սեռաբջիջների նախագիծը` էժան մանիպուլյացիա

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի՝ 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունն իրականում սեռաբջիջի բանկի գաղափարի հետ կապ չունի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց բժիշկ Արթուր Մինասյանը:

«Իր լոգիկայի հիմքում խնդիր է դրված կոնկրետ մարդկանց վերարտադրությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելը: Այսինքն, դա ոչ թե անպտղության կամ միասեռականների երեխա ունենալու խնդիր է լուծում, որը սերմնաբջիջի բանկի գաղափարն է,  այլ կոնկրետ ինչ-որ մարդկանց վերարտադրողականությունն ապահովելու լոգիկա է»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Մինասյանը:

Թևան Պողոսյանի այս նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է օրենքով ստեղծվելիք պահպանության բանկում պետականորեն պահպանել զորակոչվող երիտասարդների սեռաբջիջները: Ըստ Պողոսյանի՝ այդպիսով կլուծվի պատերազմ գնացող տղաների  գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ՝ կերաշխավորվի զինակոչիկների սերունդների շարունակականությունը: Իր այս գաղափարին անդրադառնալով՝ Թևան Պողոսյանը Tert.am-ին ասել է.

«Մի գեղեցիկ օր արթնացել էի, նայում էի սոցիալական ցանցերով քննարկումներին, շատ մարդիկ ասում էին` վայ, էս ի՞նչ հերոս տղաներ են, և այլն, բա նրանք սերունդներ չունենայի՞ն, և ասացի` եթե մարդիկ նման ցանկություններ են հայտնում, գրում են այդ մասին, ինչո՞ւ այդ գաղափարը չունենալ: Վա՞տ գաղափար է»,-նշել էր նա:

«Այդ լոգիկան շատ պարզ լոգիկա է, ես լուրջ զուգահեռներ եմ տեսնում նացիստական գաղափարախոսության հետ, որ ազգի գենոֆոնդը պետք է պահպանել ու զարգացնել:

Այդ նույն իդեան է դրված, և դա այնպես է նրա նախագծում ձևակերպված, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած անձանց սերմնաբջիջի պահպանությունը»,- ասում է Արթուր Մինասյանը:

Այն, որ նախագծում գրված է, թե պետությունը երաշխավորո՛ւմ է այդ սերմնաբիջի պահպանությունը, ըստ նրա, ստացվում է, որ դա պարտադրանք է դառնում:

Պետությունն է դառնում այդ բանկի պատասխանատուն, սա էլ է գալիս ապացուցելու, որ նացիստական գաղափարախոսության շրջանակներում է, պետությունը ազգի գեները պահպանելու խնդիր է լուծում: Դա դառնում է ոչ թե իրավունք, այլ պարտականություն: Այդ դեպքում, եթե դա պարտադիր է, ըստ Արթուր Մինասյանի, մի շարք հարցեր են ծագում:

«Ենթադրենք ունենք զինծառայող, որը սերմնաբջիջի որակի հետ ինչ-որ խնդիրներ ունի, որի կապակցութամբ ինքը ոչ պիտանի չի համարվել զորակոչի համար: Կամ ենթադրենք մի զինակոչիկ, որը հոգեկան առողջության խնդիր չունի, բայց իր գեներում կա այդ դեֆեկտը և սերունդների մոտ կարող է արտահայտվել: Եթե պարտադիր է, խտրականության հարց է առաջանում. երկուսն էլ զինծառայող են, մեկի սերմնահեղուկը որակյալ ա ու կարելի ա պահպանել-օգտագործել, մյուսինը՝ ասենք գենետիկ դեֆեկտի հետևանքով՝ ոչ: Խտրականությունն այստեղ է արտահայտվում: Այս ամբողջ աբսուրդը Թևան Պողոսյանը փորձում է ներկայացնել որպես հանրային պահանջին իր արձագանք»,- ասում է նա՝ հավելելով, որ նման հանրային պահանջ չկա:

Արթուր Մինասյանը համոզված է, որ իրական հումանիզմը կլինի այն, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորն այնպես անի, որ զինծառայողները չզոհվեն, պայմաններ ստեղծվեն նրանց անվտանգության պահպանման համար:

Մինասյանը նաև նշում է, որ այսպիսով խաղում են մեր հասարակությունում տարածված գերդաստանի շարունակականության կարևորության պատկերացումների վրա, ինչը էժան մանիպուլյացիա է:

«Ասում են՝ ձեր տղաները կմեռնեն, բայց դուք մի անհանգստացեք, մայրեր ջան, որովհետև սերունդը կշարունակվի: Կարծես թե մարդու ամբողջ իմաստը նրանում է, որ ինքը սերունդ տա: Դա մի լոգիկա է, որը կարմիր թելով անցնում է վերջին շրջանում իշխանությունների, տարբեր հասարարական ու քաղաքական շերտերի տրամաբանության միջով, որ՝ մարդը նրա համար է, որպեսզի ծառ տնկի, երեխա ունենա և տուն կառուցի: Հիմա Թևան Պողողոսյանը ապահովում է այդ երեխա ունենալու մասը»,- ասում է նա:

Պարտադիր այդ նորմը, ըստ մասնագետի, խախտում է Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքը, քանի որ հոդված 7-ում շարադրված է, որ ամուսնական տարիքի իգական ու արական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները և սաղմը վերարատադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:

«Ասում է՝ իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն հանձնել, և դա իրավունք է՝ սահմանված օրենքով, ոչ թե պարտականություն»,- ասում է Մինասյանը:

Նա նկատում է, որ Հայաստանում վերջին շրջանում տարբեր խմբերի կողմից անընդհատ Իսրայելին նմանակելու խնդիր է նկատվում:

«Թևան Պողոսյանը չի հորինել սա, Իսրայելի զինված ուժերում այս դրույթը կա, բայց դա կամավոր է»,- նշում է նա:

Կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը այս նախաձեռնությունը մի փոքր զավեշտալի է համարում, որ մտահոգվածությունն հենց այդ ուղղությամբ է, փոխանակ ավելի կարևոր խնդիրների մասին մտածեն:

«Հետո, ի՞նչ է նշանակում ազգի գենետիկ բազան պահպանել: Դա ինձ հիշեցնում է ծայրահեղ դիրսկուրս: Այնպիսի տպավորություն է, որ հերոսին հերոսացնելը շարունակվում է: Այսինքն մենք փորձում ենք մեզ արդարացնել՝ ասելով, որ զինվորներ տալիս ենք, բայց մենք դրա դիմաց ուրիշ հերոսներ են պահպանում, փոխանակ մենք կենտրոնանաք, թե ինչ անենք, որ պատերազմն ավարտվի, խաղաղ լուծումներ գտնենք»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

Նրա խոսքով, այնպիսի տպավորություն է, որ այս նախաձեռնությամբ զոհվածների մայրերին ու կանանց՝ որպես մխիթարանք, իրենց սերմնաբջիջն է նվիրվում:

«Այսինքն՝ սերմն ենք նվիրում: Մի քիչ աբսուրդ իրավիճակ է, չարժեր այդքան էներգիա կորցներ այդ նախագծի վրա, թե ինչպես այդ հերոսների շարունակականությունն ապահովենք: Կարծես պարտադրված է կանանց համար, որ կանայք պետք է ուզենան այդ սերմնաբջիջները, որպեսզի վերարտադրվեն: Բայց ո՞վ է ասում, որ այդ են ուզում կանայք, ով ասեց, որ իրենք պատրաստ են  հետո շարունակել ազգը: Ինքն այն մոտեցումն է բերում, որ այդ սերմնաբջիջներն այնքան ուժեղ են ու լավը, ազգային ու հերոսական, որ անպայման բոլորը՝ որպես պարգև, պետք է ընդունեն դա: Դա պարտադրողական քայլ է, պարտադրում են կնոջը, որ ինքը պետք է անպայման շարունակի զինվորներ վերարտադրի»,- ասում է Լարա Ահարոնյանը:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ թեև այս նախաձեռնությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես լարված պահերին հումորային մի միջամտություն, սակայն դա իսկապես կլիներ շատ զվարճալի, եթե չլիներ այդչափ վտանգավոր:

«Նման ցնդաբանությունները սկսվում են հենց այսպես, ուղղակի «բարի ցանկությունից» դրդված, թե իբր չկտրենք «կյանքի աղբյուրը», որը շատ փխրուն է, հատկապես ռազմաճակատում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հենց այդպես էլ կոչվում էր նացիստական Գերմանիայում 1935 թվականին հիմնված ծրագիրը՝ «Կյանքի աղբյուր», և հիմնական խնդիրն էր նոր՝ տիրապետող ռասայի ստեղծումը: Ադոլֆ Հիտլերն իր «Իմ պայքարը» («Mein Kampf») գիրքում շարադրել է ծրագրի գաղափարը՝ որն է «տալ աշխարհին աստծո նմանությամբ սերունդ»:

«Այդ ծրագրում կար նաև կանանց վերաբերող հատված: Նրանց պարբերաբար ենթարկում էին գաղափարական մշակման՝ մատնանշելով նրանց բարձր առաքելությունն ու ազգի առջև ստանձնած պարտավորությունը: Թե ինչի հանգեցրեց անցյալ դարի 30-ականներին հիմնված այս կեղծ և ակնհայտորեն հրեշավոր գաղափարախոսությունը, հայտնի է պատմությանը»,- ասում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով,անցյալ դարի առաջին կեսին գիտությունը դեռ արհեստական բեղմնավորման հնարավորություն չէր ընձեռել մարդկությանը, իսկ հիմա տղամարդը կարող է բեղմնավորել կնոջն անգամ մահից հետո:

«Այ քեզ անմահության ճանապարհ, բայց դե պատկերացրեք այն զինվորի հոգեվիճակը, ում ռազմաճակատ մեկնելիս ասում են. «... այժմ պետք է հանձնես քո սերմնահեղուկը»: Օհ, սարսափելի հոգեբանական վիճակ, և նա գրում է նամակներ իր սիրելիին՝ «Սիրելիս, ես հնարավոր է և զոհվեմ, բայց քեզ հետ կլինի իմ սերմնահեղուկը...»: Չգիտեմ, ինչպե՞ս կարող է նման ցինիզմ ծագելել Հայաստանի օրինաստեղծների գլխում, փոխանակ զինվորի կյանքն ապահովագրելու ու սոցիալական երաշխիքներ ստեղծելու նրանց ընտանիքների համար, ասում են գնացեք մեռեք, ձեր սերունդները կապրեն ու կբազմանան»,- ասում է նա:

Եվ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Հայաստանում զինվորական ծառայության են գնում և առավելապես զոհվում են անապահով խավի երեխաները, ապա, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, հանգիստ կարելի է ասել, որ առավել ապահով խավը կունենա ապահով սեքսի իրավունք, իսկ անապահով խավը՝ սերմնահեղուկն ապահով տեղում պահելու:

«Կեցցե սոցիալական արդարությունն ու հավասարությունը»,- հավելում է նա:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am