«Այն երկիրը, որը շահեց այս ամենից` Ռուսաստանն է». Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, պետք է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի վճարելիք գինն ավելի բարձր լինի

07-05-2016
2092 դիտում
«Այն երկիրը, որը շահեց այս ամենից` Ռուսաստանն է». Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, պետք է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի վճարելիք գինն ավելի բարձր լինի

Ապրիլյան քառօրյա պատերազմի, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակի ու հնարավոր զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է  «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

-Պարոն Կիրակոսյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի ՞ նչ ռազմաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում` թե'  Հայաստանի ու Ադրբեջանի, թե'  տարածաշրջանով հետաքրքրված պետությունների շահերի տեսանկյունից: 

-Ապրիլի 2-ից հետո տարածաշրջանում  նոր իրավիճակ ստեղծեց: Հրադադարի ռեժիմի խախտման նախկին դեպքերի համեմատ,  հիմնական տարբերությունն այն էր, որ սա Ադրբեջանի կողմից  շատ ավելի մեծ հարձակում էր: Ամենակարեւոր փոփոխությունը, որին մենք ականատես եղանք, Ադրբեջանի ռազմավարության փոփոխությունն էր:

1994 թ-ին կնքված զինադադարի պայմանագրից հետո առաջին անգամ  Ադրբեջանը փորձեց տարածքներ գրավել: Նրան դա հաջողվեց: Այս հանգամանքը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես հաջողություն: Կարեւոր է նշել,  որ չկա որեւէ  զսպման մեխանիզմ, ոչ ոք որեւէ կերպ չի զսպում Ադրբեջանին: Ավելի, լայն`  տարածաշրջանային առումով, ապրիլյան պատերազմը երկու կարեւոր հանգամանք ցույց տվեց: Առաջինը այն է, թե ինչ չեղավ ապրիլի 2-ին:

Հայաստանը կարծես թե հետ կանգնեց եւ իր ամբողջ ներուժը չօգտագործեց, բայց այս հանգամանքը նաեւ ցույց է տալիս, որ  Ադրբեջանի հաջորդ փորձի ժամանակ, ամենայն հավանականությամբ,  նման սահմանափակում այլեւս չի լինի: Եթե Ադրբեջանը երկրորդ անգամ հարձակվի, դա  կլինի սպառնալիք ողջ տարածաշրջանի համար` Բաքու-Ջեյհանից մինչեւ    Վրաստան:

Այսինքն, այս իրավիճակը ցույց է տալիս, որ  Ադրբեջանի հաջորդ հարձակումը  կլինի ուղղակի սպառնալիք Վրաստանի, միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ համար: Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը եւ միայն Ադրբեջանն է  տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը:

-Ի ՞ նչ դասեր տվեց ապրիլյան պատերազմը Հայաստանի  զինված ուժերին ու քաղաքական ղեկավարությանը:

-Եթե նայենք ռազմական տեսնկյունից, ապա մի քանի դասեր կան: Առաջինն այն է, որ Ադրբեջանը այլեւս  նախկին հակառակորդը չէ, այսինքն, Ադրբեջանը դարձել է ավելի անկանխատեսելի, նրա գործողությունները չեն տեղավորվում ռազմական տրամաբանության մեջ: Երկրորդ դասն այն է, որ  այլեւս չենք կարող վերադառնալ այն իրականությանը, որը կար ապրիլի 1-ին: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ նախկինում կնքված զինադադարը Ադրբեջանը մերժում է:  Երրորդ եւ ամենայն հավանականությամբ ամենակարեւոր դասը քաղաքական  զարգացումներին է վերաբերվում:

Ստեղծված իրավիճակում կոռուպցիան, որը գոյություն ունի քաղաքական տարբեր շրջանակներում, դարձել է ազգային անվտանգության սպառնալիք  եւ սա ավելի բացահայտ է դարձնում Հայաստանի թերություներն ու ազգային շահը` որպես այդպիսին, սա ցույց է տալիս  այն բացասական երեւույթները, որոնք առկա են: Դա ժողովրդավարության պակասն է, կոռուպցիան է, թույլ տնտեսությունն է: Այլ կերպ ասած, կոռումպացված օլիգարխները, լինեն նրանք համազգեստով, թե առանց համազգեստի, հանդես են գալիս որպես գործիք Ադրբեջանի ձեռքում:

-Ինչպե ՞ ս եք գնահատում պաշտոնական Մոսկվայի դերակատարությունը: Գիտենք, որ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը կայացավ հենց  այնտեղ` Մոսկվայում  եւ Մոսկվայի միջնորդությամբ: Այդ օրերին  նաեւ  Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով բարձրացվեց  Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքի խնդիրը: Փաստորեն, ստեղծված իրավիճակում մի կողմից Մոսկվան միջնորդ է, մյուս կողմից, շարունակում է զինել Ադրբեջանին, իսկ Հայաստանին տրամադրվելիք սպառազինությունն ուշանում է: 

-Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը համաձայնություն էր այն մասին, որ ռազմական գործողությունները դադարեցվում են, բայց դա զինադադար չէր: Կարեւոր է նշել, որ Մոսկվայում ներկայացված էին միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի  գլխավոր շտաբների ղեկավարները, ԼՂՀ   ներկայացուցիչն այնտեղ չէր: Սրանից բացի, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ  Ռուսաստանը կարծես թե հանդես եկավ Հայաստանին դավաճանելու դիրքերից:

Այլ կերպ ասած,  բոլոր խաղացողների դիրքորոշումները, լինի դա Ֆրանսիան, Ադրբեջանը, թե Թուրքիան, ավելի ակնհայտ են եւ կանխատեսելի: Միակ անկանխատեսելի դերակատարը Ռուսաստանն է: Եվ հաշվի առնելով պատմության դասերը, կարող ենք ասել, որ հայերի համար ամենավտանգավոր թշնամիները գտնվում են մեր ներսում,  նման գործողություններ տեղի են ունենում մեր դաշնակիցների , մասնավորապես, Ռուսաստանի քայլերի արդյունքում:

-Իսկ Հայաստանին տրամադրվելիք սպառազինության ուշացման պատճառը ո՞ րն է Ձեր կարծիքով, տեխնիկական է, թե՞  միտում կա այստեղ: 

-Ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակելու է իր  քաղաքականությունը: Նա զենք է վաճառելու եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, սակայն այս ուշացումը պատահականություն չէր,  դա միտումնավոր էր արված:  Միեւնույն  ժամանակ, եթե ռազմական տեսանկյունից խնդիրը դիտարկենք, ապա սպառազինությունը հավասարության, բալանսի միայն մի կողմն է ներկայացնում, հավասարապես կարեւոր է դիտարկել նաեւ այն գործոնը, թե ինչ որակի զինվորներ են կրում այդ զենքերը: Այս համատեքստում Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքերն ավելի ուժեղ են, քան Ադրբեջանի տեխնիկական առավելությունը: 

-Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանը ռազմական հանցագործության գնաց, նախ փաստացի, որպես ագրեսոր պատերազմական գործողություններ  սանձազերծեց,  այդ ընթացքում նաեւ ռազմական հանցագործություններ կատարեց` խոշտանգումներ, չթույլատրված զենքի օգտագործում… Այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ եւ տարածաշրջանով հետաքրքրված պետությունների արձագանքը արդյո՞ ք համարժեք էր:

-Ոչ, համարժեք չէր, իրական պատասխանն այն է, որ մասնավոր կերպով միգուցե միջազգային հանրությունն ընդունել է այս հանցագործությունները, բայց հրապարակային ոչինչ չի ասել եւ սա է նաեւ պատճառը, թե ինչու է Ադրբեջանն այսքան ինքնավստահ: Ադրբեջանին զսպելու  միջազգային հանրության ջանքերի բացակայությունը եւ Ադրբեջանի վտանգավոր սանձարձակությունը բերում է մի իրավիճակի, երբ խնդիրը դառնում է այն, թե արդյո՞ ք Ադրբեջանը նորից կհարձակվի, այլ այն, թե երբ կհարձակվի:

-Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունից հետո էլ  իրականում զենքերը շարունակում են կրակել: Այս պայմաններում խնդրի խաղաղ կարգավորման  հնարավորություն, ռեսուրս ունե՞ ն կողմերը , ինչի՞  կարող է հանգեցնել ստեղծված իրավիճակը:

-Իրական պատասխան այն է, որ մենք չգիտենք: Սա մեծ խնդիր է, սակայն, եթե վերլուծական տեսանկյունից նայենք, Մոսկվայի կողմից առաջարկված համաձայնությունը բանավոր էր, գրավոր չէր եւ քանի որ դա զինադադարի համաձայնագիր չէր, այն միտված էր այդ պահին կրակը դադարեցնելուն, ոչ ներկա իրավիճակին:  Դա նաեւ ցույց տվեց  այն սահմանափակումները, թե ինչի կարող է Ռուսաստանը հասնել: Այս տեսանկյունից եւ այս պահին ՀՀ նախագահը ճիշտ  դիրքորոշում է որդեգրել, նա չի գնում բանակցությունների, քանի դեռ անվտանգության երաշխիքների հարցը լուծված չէ:

-Արդյո՞ եք ստեղծված պայմաններում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն իրական է, պատերազմի վերսկսման վտանգ կա՞:  Ի՞ նչ զարգացումների կարող ենք սպասել:

-Մենք պետք է ակնկալենք մի քանի շարունակական նմանատիպ բախումներ եւ հարձակումներ, քանի որ հիմա ոչ ոք եւ ոչինչ չի կարող Ադրբեջանին զսպել, մենք էլ մեր կողմից շատ քիչ բան կարող ենք անել նրան կանգնեցնելու համար: Սակայն եւ դիվանագիտորեն եւ ռազմական տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի վճարելիք գինն այս ամենի համար ավելի բարձր լինի:

Ադրբեջանը ներկայումս ներգրավված է շարունակական պատերազմի տրամաբանության մեջ, որը ենթադրում է, որ պետք է անընդհատ հարձակումներ լինեն, որոնք Հայաստանին կթուլացնեն, սակայն ինչպես Ստալինգրադի դեպքում, այս դեպքում էլ, դա չի գործի, հայերին չի թուլացնի, հակառակը, ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք միասնական դարձանք: Այս առումով, որքան էլ վատ երեւույթ լինի պատերազմ, հնարավոր է Ադրբեջանը եւս մեկ պարտության կարիք ունի , որպեսզի վերջնականապես հրաժարվի այդ գաղափարից:

-ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորներ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ են մշակել եւ կառավարություն ուղարկել:Կառավարությունն այսօր իր եզրակացությունը տվեց նախագծին: Արդյո՞ք հիմա` ներկա փուլում, ԼՂՀ ճանաչման խնդիրը Հայաստանի համար օրախնդիր է: Գնա՞լ , թե ոչ այդ քայլին:

-Այն փաստը, որ Ազգային ժողովը եւ կառավարությունը այս խնդիրը հաշվի են առնում, խելացի որոշում է, սակայն ռազմավարական սխալ կլինի, եթե Հայաստանը իրականում ճանաչի ԼՂՀ անկախությունը: Իրական ուժը եւ հզորությունը  ավելի  շուտ ճանաչման սպառնալիքն է եւ ոչ ինքնին ճանաչումը: Եթե մենք նկատի ունենք, որ ԼՂՀ անկախության ճանաչումն  է մեր ռազմավարությունը, ապա  Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ երկրորդ պետությունը, որը կճանաչի  ԼՂՀ անկախությունը:

Անհատապես ես,  դեմ եմ ԼՂՀ անկախության ճանաչմանը, ոչ թե սկզբունքային տեսնակյունից, այլ պրակտիկ: Արցախի համար ավելի անվտանգ ապագա  կարող է ապահովվել Հայաստանի կազմում: Նախ եւ առաջ ԼՂՀ-ն թե ժողովրդագրական, թե տարածքի առումով շատ փոքր է, երկրորդ , Հայաստանի համար  ավելի հեշտ կլինի կազմակերպել ԼՂՀ պաշտպանությունը եւ երրորդ, միջազգային հանրության համար ավելի դժվար կլինի ճանաչել նրա անկախությունը: Սա անձնական կարծիք է, գուցե ոչ պոպուլյար:

-Հայաստանի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել է Հայաստանի եւ Արցախի միջեւ  ռազմական փոխօգնության պայմանագիր պատրաստել, սա ի՞նչ խնդիր կարող է լուծել: 

-Դա իրականում դրական քայլ է եւ ճիշտ արձագանք , սակայն իմ քննադատությունն այն է, թե ինչու մենք այդ համաձայնագիրը չունեինք նախկինում: Դիվանագիտական եւ քաղաքական առումով այդ հանձնարարությունը կարեւոր է, բայց եթե նայենք  ռազմական տեսանկյունից, մենք այն ավելի վաղ պետք է ունենայինք: 

-Դուք նշեցիք, որ Հայաստանը թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանի գործողությունների համար նրա վճարելիք գինն ավելին լինի : Արդյո՞ք մեր դիվանագիտությունը հենց այդ ճանապարհով է գնում  եւ արդյո՞ք անում է այն ամենը, ինչ կարող է անել: Ապրիլյան  թեժ մարտերի ընթացքում, մենք  չտեսանք արտգործնախարարին, չլսեցինք որեւէ հայտարարություն նրա կողմից:

-Պաշտպանելով կառավարությանը, որպես բացառություն, պետք է ասեմ, որ Հայաստանի դիվանագիտությունը իրականում շատ ավելի հաջողակ է եղել  միայն այն պատճառով, որ պահվել է գաղտնիության մեջ, հրապարակային չի իրականացվել: Թե պաշտպանության նախարարության , թե ԱԳՆ-ի կողմից շատ խելացի ռազմավարություն է որդեգրվել:

Դրանով նրանք թիրախավորել են ոչ միայն Ադրբեջանի հակառակորդներին, այլեւ նրա դաշնակիցներին:  Դա ուղղված էր նրան, որպեսզի սահմանափակվեր Ադրբեջանին իր դաշնակիցների կողմից հետագա աջակցությունը, ինչպխես նաեւ կտրվի այն օդը, որը անհրաժեշտ էր այդ աջակցությունը կազմակերպելու համար: Իհարկե, գոյություն ունեն սահմաններ:

Կոռուպցիայի, եւ քաղաքական խնդիրների հետ կապված կան սահմանափակումներ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի ուժեղացվի Հայաստանի ազգային անվտանգությունը: Օրինակ, անցել է այն  այն գեներալների եւ պաշտոնյաների ժամանակը, որոնք հարստացել են առաջին պատերազմի արդյունքում,  ներկայուսմ պորֆեսիոնալ զինվորականների ու գործիչների ժամանակն է:

-Մենք բանակի երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության ականատեսը եղանք: Արդյո՞ք սա բավարար է: Է՞լ ինչ գործողություններ  պետք է հաջորդեն  այս որոշմանը, որպեսզի Ձեր նշած ներքին խնդիրները լուծվեն: 

-Երկու գեներալ-մայորների, ինչպես նաեւ մեկ այլ պաշտոնյայի  պաշտոնանկությունն իրականում դրական, բայց ոչ բավարար քայլ էր : Անհրաժեշտ է խորացնել եւ ընդլայնել ռազմական բարեփոխումները: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի  ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ ուժերին, այլ` հայամետ: Ժամանակն է, որ այլ պաշտոնյաներ եւս իրենց ազատությունը վայելեն:

-Թեմայի համատեքստում  կա՞ այլ խնդիր, որին կցանկանայիք անդրադառնալ: 

-Հետաքրքրական եւ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչպես Թուրքիան այս ամենից տուժեց: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հայտարարություններ է անում Էրդողանը , Ադրբեջանը, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ իր գերակայությունը հաստատեց մեծ եղբոր նկատմամբ:

Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող հակամարտությունը, փաստորեն, ավելի է խորացել` անկախ նրանց քարոզչական գործողություններից: Ադրբեջանը լինելով անկանխատեսելի հարձակվող ուժ, ապրիլյան գործողությունների  արդյունքում ավելի է մեկուսացել Թուրքիայից, Իրանից, ինչպես նաեւ Արեւմուտքից:

Իրականում, ստեղծված իրավիճակում հաղթող որպես այդպիսին  չկա, սակայն այն երկիրը, որը շահեց այս ամենից`Ռուսաստանն է:  Եվ Հայաստանի եւ ԼՂՀ համար սա  նշանակում է, որ մենք պետք է փոխենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընթացքը եւ ունենանք ավելի  համահավասար դիրքերով հարաբերություններ: Իրականում մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարիքն ունենք, այդ հարաբերությունները կարեւոր են, սակայն, պետք է փոխվեն այդ հարաբերությունների պայմանները:

-Տեսնո՞ւմ եք նման միտում  իշխանությունների կողմից: Արդյո՞ք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որակը փոխելու ցանկություն կա:

-Այո, երկու օրինակ բերեմ: Առաջինը, ՌԴ պետդումայի պատվիրակության ժամանումն էր ՀՀ ԱԺ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով: հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում եւ անցկացվեց հայերեն լեզվով: Երկրորդ օրինակն այն է, որ ՀՀ ԱԺ-ն իր վրա է վերցրել այն պարտականությունը, որ կարող է հետազոտել իրավիճակը ռուսական ռազմաբազայում, այսինքն, թույլտվություն չի հարցրել: Սա ոչ թե հակառուսական քաղաքականություն է, այլ հավաստումն է այն բանի, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ապա Ռուսաստանի կողմից հարաբերույթունների անհավասարակշռությունը, ասիմետրիան, ինչպես նաեւ չափից դուրս գոռոզությունը անընդունելի է Հայաստանի համար: 

Անի Սայադյան

© MediaLab.am