«Եթե այդ հողերը ռազմավարական նշանակություն չունեն, ինչո՞ւ նահանջելու հրաման չեղավ եւ այդքան զոհեր եղան». Տարածքային կորուստների շուրջ

21-05-2016
3109 դիտում
«Եթե այդ հողերը ռազմավարական նշանակություն չունեն, ինչո՞ւ նահանջելու հրաման չեղավ եւ այդքան զոհեր եղան». Տարածքային կորուստների շուրջ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախն ունեցել է տարածքային կարուստներ, և այսօր ոչ թե պետք է քննարկել՝ շատ են այդ կորուստները, թե քիչ, այլ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր դրա համար պատասխանատու են եղել:

Այս կարծիքին է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ 800 հա տարածքների կորուստի հարցով իշխանությունների տված բացատրություններին:

«Ի՞նչ էին ուզում, ուզում էին Մարտակերտը վերցնեին, որ դա լիներ նշանակություն ունեցող կամ չունեցո՞ղ: Մի բան հստակ է, հայկական կողմն ունեցել է տարածքային կորուստներ, իսկ դրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ քաղաքական և ռազմական իշխանությունը: Շատ է, թե քիչ է, կապ չունի»,- «Մեդիալաբին» ասում է Պապյանը:

Հիշեցնենք, որ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քառօրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 800 հա տարածք, ինչը ռազմավարական նշանակություն չունի:

Մինչ այդ Սերժ Սարգսյանը խոսել էր 200 հա կորուստի մասին: Այս հաշվարկներին անդրադառնալով՝ որոշ ՀՀԿ-ականները բացատրեցին նույնիսկ, որ 200 հա ասելով՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ «տարածքների խորությունը»: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ տարածքները ռազմավարական ու մարտավարական առումով որևէ արժեք չեն ներկայացնում:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հող կորցնելը մի քիչ վերացական արտահայտություն է համարում:

«Պետք է նայել, թե ինչ ենք կորցրել, եթե չկորցնեինք, ինչ էինք շահելու: Եթե անհրաժեշտություն լինի, հայտարարում եմ բացահայտ բոլորիդ մոտ, որ դա մեկ-երկու օրվա խնդիր է այդ ամեն ինչը հետ վերադարձնելը: Բայց դրա արդյունքները և հետևանքները կարող են շատ ծանր լինել: Պետք է այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողի, որն ընդհանրապես ռազմավարական նշանակություն չուներ, ամայի տարածքներ էին»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:

Արա Պապյանն ընդհանրապես անբարոյական է համարում նմանօրինակ հայտարարությունները:

«Ի՞նչ է նշանակում՝ այդ հողերը ռազմավարական նշանակություն չունեն: Եթե չունեն, ինչո՞ւ զինվորականներին հրաման չտրվեց նահանջելու, և այդքան զոհեր եղան: Ուրեմն այսօր այդ մարդիկ պետք է պատասխան տան զոհվածների ընտանիքների առաջ»,- ասում է Պապյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր իրականցնում է բաստուրմայի քաղաքականություն:

«Երբ  բաստուրման կտրում ես, կտրելուց հետո նայում ես բաստուրմային, ոչ մի փոփոխություն չկա, գրեթե նույնն է: Բայց կտրտելով՝ մի օր տեսնում ես, որ այդ բաստուրմայից ոչինչ չի մնացել»,- ասաց նա:

Ըստ Պապյանի՝ հայկական կողմի այդ հայտարարությունները վկայում են, որ իրենք իրականացնում են Ադրբեջանի բաստուրմայի քաղաքականությունը:

էմմա Մանուկյան

© MediaLab.am