«Ռոգոզինը մեկնում է Բաքու, դրան զուգահեռ Բաքվից հրաժարվում են Վիեննայում տրված խոսքերից». Կորցրած տարածքների եւ հնարավոր զարգացումների մասին

21-05-2016
2718 դիտում
«Ռոգոզինը մեկնում է Բաքու, դրան զուգահեռ Բաքվից հրաժարվում են Վիեննայում տրված խոսքերից». Կորցրած տարածքների եւ հնարավոր զարգացումների մասին

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը ցավալի է համարում ապրիլյան պատերազմի հետեւանքով հայկական կողմի ունեցած տարածքային կորուստը, սական կոչ է անում չկենտրոնանալ այս հարցի վրա:

Հիշեցնենք, որ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, ով մինչ այդ խոսում էր 200 հա տարածքային կորստի մասին, հայտարարեց, թե քառօրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 800 հա տարածք, ինչը ռազմավարական նշանակություն չունի:

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ տարածքները ռազմավարական ու մարտավարական առումով որևէ արժեք չեն ներկայացնում:

«Ես չեմ կարծում, որ դա բերեց ստատուս քվոյի էական փոփոխության, ինչին մտադրված էր Ադրբեջանը և ինչում շահագրգռված էր Ռուսաստանը: Իհարկե, շատ ցավալի է, որ այդ կորուստը տեղի է ունեցել, բայց ես կարծում եմ, որ ներկայումս շատ ավելի կաևոր հարցեր կան, որոնք պետք է բարձրացնել: Առաջինը, դա Արցախի վերադարձն է բանակցությունների սեղան»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ քայն այն պետք է լինի, որ այս հանդիպումներին պետք է հետևեն մի շարք ռազմատեխնիկական միջոցառումներ, այն է՝ դիպուկահարները, հրետանին պետք է դուրս բերվեն առաջին գծից, ԵԱՀԿ-ի մշտադիտարկման կետեր պետք է տեղակայվեն դիմակայության գծում, պետք է առաջնագծում ներդրվեն հետաքննությունների և պատասխանատվության մեխանիզմ: Ըստ նրա՝ սպանվում են մարդիկ, այդ սպանողներն ունեն անուն և ազգանուն, և այս անպատիժ սպանություններին պետք է վերջ տրվի:

«Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրն այս նշած կետերն են: Դրանք անելիք են, որը պետք է հայկական կողմն անի»,- ասում է վերլուծաբանը:

Հողեր կորցնելու հարցում, նրա խոսքով, չպետք է էմոցիաների տրվել: Նա հարցադրում է անում՝ ի՞նչ անենք, նոր պատերազմ սկսե՞նք, գնաք հետ վերցնե՞նք:

«Դա մեզ շեղելու է մեր հիմնական անելիքից: Այո, պետք է թույլ չտրվեր այդ ամենը, դրա համար էլ արվել են որոշակի հետևություններ, ՊՆ-ում պաշտոնանկություններ են եղել, այդ թերությունների վրա աշխատել են և պետք է աշխատեն, որպեսզի նման բան չկրկնվի: Անսպասելիության գործոնը պետք է մեջտեղից դուրս բերվի, պետք է մեր համար հակառակորդի որևէ քայլ անսպասելի չլինի, մենք պետք է հասնենք այդ մակարդակին»,- ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ թեժացնելով խոսակցությունն այս թեմայով՝ մենք շեղվում ենք մեր հիմնական անելիքից: Իսկ հիմնական անելիքներն ուրվագծվում է մի բանով՝ փաստորեն այսօր հող է նախապատրաստվում, ադրբեջանական դավադրության նոր ռումբ:

«Մենք տեսնում ենք, որ պարոն Ռոգոզինը մեկնում է Բաքու, դրան զուգահեռ Բաքվից հրաժարվում են Վիեննայում տրված խոսքերից: Դա այն դեպքում, երբ Վիեննայում երեք համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ գրված է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը համաձայնել են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման գաղափարին, հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Ի վերջո սա մանկապարտեզ չէ, այս մանկապարտեզին վերջ պետք է տրվի»,- ասում է նա:

Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ այսօր Հայաստանը պետք է կոնկրետ գործ անի, որպեսզի եթե մեր հակառակորդները, իսկ հակառակորդ ասելով՝ խոսքը նաև Ռուսաստանին է վերաբերում, որովհետև Ադրբեջանն առանց ռուսական զենքի մի մազութի տակառ է ընդամենը, եթե փորձեն նոր արյունահեղություն սանձազերծել, ապա դրա քաղաքական գինը լինի անընդունելի նրանց համար:

«Այսօր մեր դիվանագիտության խնդիրը դա է՝ այդ գինը բարձրացնել դիվանագիտական ճանապարհով, նրանց պարտավորություններ պարտադրելու ճանապարհով, միջազգային հանրության հետ համագործակցելով, որպեսզի այդ գինը դառնա նրանց համար անընդունելի: Պատերազմը կռվից տարբերվում է նրանով, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Քաղաքականության ու պատերազմի մեջ տղայական մոտեցումները տեղին չեն»,- նշում է վերլուծաբանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանն էլ կարծում է, որ Արցախի կորցրած տարածքները կարևոր նշանակություն ունեն ներքաղաքական իմաստով:

«Եթե այդ տարածքները Սերժ Սարգսյանը մինչև ընտրություններ չկարողացավ վերցնել, նրա ընդդիմադիրներն այդ տարածքները դարձնելու են հիմնական դրոշակ, որով գնալու են ընտրությունների»,-«Մեդիալաբին» ասում է Ենոքյանը: Նա միաժամանակ հավելում է, որ Հայաստանի անվտանգության համար երկիմաստ է այդ տարածքների նշանակությունը, հիմա դժվար է ասել դա: Եթե բանակցություններին վերադառնալու համար պայման դրվի՝ վերադարձնելու այդ տարածքները, ըստ նրա, դա ոչ լեգիտիմ պայման կլինի:

«Այդ պայմանը դնել, դա նշանակում է պարզապես բանակցություններից դուրս գալ»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Այնինչ, Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանը դավաճանության մեծ է մեղադրում իշխանություններին՝ այդ տարածքները կորցնելու համար և ասում, որ մեր զինված ուժերի գերխնդիրը պետք է լինի այդ տարածքները վերադարձնելը:

«Մենք այս պահին ունենք դատարկված Թալիշ գյուղ, որտեղ հնարավորություն չկա ապրելու, գյուղն անմիջապես ռմբակոծության տակ է: Մենք ունենք խոցելի ու ռմբակոծության տակ գտնվող Մարտակերտ, իսկ իշխանությունները հայտարարում են, որ դա ռազմավարական նշանակություն չունի: Այս հայտարարությունները մատնանշում են, որ իրենք հանդիսանում են դավաճաններ, իսկ դավաճանների վերաբերյալ պետք է սկսվեն համապատասխան գործընթացներ. նրանք պետք է հեռացվեն ու դատապարտվեն»,- ասում է Փոստանջյանը:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am