Վառված դրոշներ, ուռճացված ծախսեր. Կոռուպցիայի եւ գերծախսերի դեմ իշխանությունների պայքարին այնքան էլ չեն հավատում

30-05-2016
3240 դիտում
Վառված դրոշներ, ուռճացված ծախսեր. Կոռուպցիայի եւ գերծախսերի դեմ իշխանությունների պայքարին այնքան էլ չեն հավատում

Կառավարության կողմից ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը փաստում է, որ որևէ լուրջ աշխատանք չի տարվում խնայողությունների ռեժիմին անցնելու համար: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարելու, ինչպես նաև ճոխ ծախսերը կրճատելու մասին հանձնարարականներ է տվել: Նրա հայտարարությունից օրեր անց պարզվեց, որ որոշվել է առաջին հերթին կրճատել պետական գերատեսչությունների ծառայողական ավտոմեքենաներն ու աշխատակիցներին: Նախատեսվում է կրճատել 797 ծառայողական մեքենա:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դրանց զգալի մասն օգտագործման ենթակա չեն: Այսինքն՝ կառավարությունը կրճատում է չաշխատող ավտոմեքենաները, այնինչ հանրությունը պահանջում է թանկարժեք մեքենաների ճոխ ծախսերը խնայելև ուղղել բանակին:

Պարզվում է, որ օգտագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաներից յուրաքանչյուրի համար պետական բյուջեից տարեկան 1.2 մլն դրամ է ծախսվել:

Անահիտ Բախշյանը սա զավեշտ է համարում:

«Ոչ մի գործ էլ չի արվում, ձեռ են առել ժողովրդին, դա ձեռնառնոցի է: Այն մեքենան, որը պետք է դուրս գրվեր, անկախ ամեն ինչից պիտի դուրս գրվեր: Էլ չեմ ասում, թե այդ դուրս գրումը ոնց է որոշ մարդկանց գրպանի համար հաճելի»,- «Մեդիալաբին» ասում է Բախշյանը:

Նրա խոսքով՝ անչափ զավեշտալի է կոռուպցիայի դեմ պայքարի այս գործընթացը, որի մասին հայտարարում է կառավարություը: Հանրությունը ոչ թե ինչ-որ բան պետք է ակնկալի այս գործընթացից, այլ, նրա խոսքով, պետք է պահանջի իրոք պայքարել կոռուպցիայի ցանկացած երևույթի դեմ:

«Բայց այն ծայրը, որտեղից սկսել է կառավարությունը, դա ընդամենը քմծիծաղ ու հեգնանք է առաջացնում»,- ասում է Բախշյանը՝ կոչ անելով նախ իրոք կրճատել ճոխ ծախսերը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս կարծում է, որ կարևոր քայլը ծառայողական մեքենաների կրճատումը չէ, ինչից որ սկսել է կառավարությունը: Ըստ նրա՝ պետք է երկիրը նորմալ երկիր դառնա, հետո անցնեն մեքենաներ կրճատելուն:

«Դա չէ ամենաէական խնդիրն այս երկրում: Կարող են ունենալ տասնյակ հազարավոր ծառայողական մեքենաներ, եթե երկիրը նորմալ զարգանա ու հարուստ երկիր լինի, բայց եթե երկիրը նորմալ վիճակում չէ, տնտեսական վիճակն այսպես ծանր է, ուրեմն մինիմալ թվով ծառայողական մեքենա պետք է լինի»,- «Մեդիալաբին» ասում է Հոկտանյանը:

Նա նշում է, որ իշխանությունների կողմից լուրջ չէ սկսել մեքենաների թիվը մեծացնել-փոքրացնելուց: Եթե դրանից բացի այլ փոփոխություն չի լինելու, մեղմ ասած, պատկերը տխուր է լինելու:

Հոկտանյանի խոսքով՝ տարբեր երկրներում ծառայողական մեքենաների թիվը շատ ավելի համեստ է, քան Հայաստանում:

«Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե այսքան աղմուկից հետո վերջում քանի՞ ծառայողական մեքենա է մնալու: Եթե, օրինակ, վերջում մնում է 5 մեքենա կամ ամեն նախարարությանը մեկ մեքենա, կարծում եմ դրական է, բայց մենք չգիտենք, թե քանիսն են թողնում: Եթե ամեն նախարարությանը մնա 10-15 մեքենա, դա դարձյալ տխուր երևույթ է»,- ասում է Հոկտանյանը: Նշենք, որ կառավարությունը չի հրապարակել թիվ, թե կրճատումներից հետո քանի ծառայողական մեքենա կմնա Հայաստանում:

Հասարակությունն այս փուլում իշխանություններից պահանջում է տեսանելի բարեփոխումների ու ծախսերի էական կրճատում, իսկ սկսված գործընթացի նկատմամբ թերահավատությամբ է լցված: Դավիթ Հարությունյանն ասում է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչու մարդիկ չեն հավատում կառավարության գործին:
Նա նշում է, որ համամիտ չէ, թե պետական ապարատի ծախսերն ուռճացված են:

«Եթե խոսքը գնում է պետական համակարգի ծախսերի մասին, մարդիկ, ովքեր օգտագործում են ուռճացված բառը, փոքր ինչ մեղանչում են: Մեր պետական համակարգի վրա արվող ծախսը պետք է համեմատվի այլ երկրների ծախսի հետ, և դուք կտեսնեք, որ Հայաստանը ոչ թե ուռճացված է, այլ հակառակը՝ գտնվում է սանդղակի ամենաներքևում»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը համամիտ չէ, ոչ ճոխ ծախսեր չկան:

Նա բերում է Երևանի քաղաքապետարանի օրինակը, որի կատարած ծախսերը մշտապես քննադատվել են հանրության ու տարբեր գործիչների կողմից: Անահիտ Բախշյանն ասում է, որ քաղաքապետարանի ծախսերը կրճատելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն արվի:

«Մենք բազմաթիվ ոչ արդյունավետ ծախսեր ենք տեսնում բարձրաձայնում այդ մասին: Որոշ դեպքերում ուղղակի տեսնում ենք, որ փոշիանում են այդ գումարները: Դա վերաբերում է և ծառայողական մեքենաներին, և աշխատակազի անարդյունավետ գործունեությանը: Երեք տարի առաջ, երբ մենք ավագանու անդամ ընտրվեցինք, օրինակ, դրոշները փոխելու համար առանց ամաչելու 96 մլն դրամ էին բյուջեից հատկացնում: Ինձ պատասխանել էին գրավոր, որ ծախսն այդպիսին է, որովհետև 15 օրը մեկ դրոշները փոխվում են: Ասում էինք՝ փոխածները բերեք տեսնենք, ասում էին՝ վառել ենք: Բայց դա սուտ էր»,- նշեց նա:

Ավագանու անդամը նկատում է, որ ծախսերի կրճատման շատ տեղ կա այսօր, ինչը իշխանությունները պետք է իրագործեն, ոչ թե ծաղրեն հասարակությանը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am