Հոգեբուժությունը` որպես պատժիչ ինստիտուտ. Երբ քեզ «խելոք» չես պահում

05-06-2016
3403 դիտում
Հոգեբուժությունը` որպես պատժիչ ինստիտուտ. Երբ քեզ «խելոք» չես պահում

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիր, քաղաքագետ,  քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանը հոգեբուժարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքով չի դիմի որևէ իրավապահ մարմնի, քանի որ չի հավատում Հայաստանում արդարադատության առկայությանը: 

«Հանրային հայտ կա, ես հանրային խոսել եմ ԶԼՄ-ներով, դրա հիման վրա դատախազությունը կարող է գործ հարուցել, դա իրենց պարտականությունն է: Եթե արդարադատություն կա Հայաստանում, թող գործ հարուցեն, ինչո՞ւ ես պետք է ընկնեմ իրենց հետևից, երբ որ իրենք են ծեծողներն ու իմ իրավունքները խախտողը»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Առաքելյանը:

Քաղաքագետը շարունակում է պնդել, որ մայիսի 17-ին իրեն Հանրապետության հրապարակից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխելուց հետո այնտեղ ծեծի են ենթարկել: Նա հոգեբուժարան էր տեղափոխվել Հանրապետության հրապարակի շատրվանների ավազնում մեջ խաղաղ ակցիա անելու պատճառով: Ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները նրան ձեռնաշղթաներով տեղափոխել էին հոգեբուժարան, որտեղ, ինչպես Արմինե Առաքելյանն է պնդում, իրեն սրսկել են, այնուհետև ծեծի ենթարկել:

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին` նշելով, որ ըստ ԶԼՄ-ների ՄԻԺԻ ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի, որոնց մասին խոսել է հրապարակային աղբյուրներով (մանրամասներն` այստեւ եւ այստեղ):

«Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը,-նշված է ՄԻՊ հայտարարության մեջ,-նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ Առողջապահության նախարարին»:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հոգեբուժարաններում մարդկանց ծեծի ենթարկելու ու հարկադիր բուժման մասին ահանզանգեր են լինում, անցյալ տարի  հրապարակված ծավալուն ուսումնասիրությամբ «Մեդիալաբն» անդրադարձել է այս խնդրին` ««Մտածեցի՝ վե՛րջ, կյանքս վերջացավ». Հայաստանում հոգեբուժական հարկադիր բուժումը` հարցերը լուծելու «հեշտ» ճանապարհ» հոդվածով, որը վերահրատարակվել էր նաեւ բրիտանական հեղինակավոր The Guardian-ում :

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում կազմակերպությունը այս ոլորտում հետազոտությունների եւ զեկույցների հեղինակ է,  ասում է, որ Արմինե Առաքելյանի կողմից իրեն հոգեբուժարանում ծեծի ենթարկելու մասին հայտարարությունն արդեն հիմք էր, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը լրատվական միջոցով տարածված տեղեկատվության հիման վրա, պաշտոնատար անձանց կողմից ապօրինություն կատարելու հիմքով, որոնք ուղեկցվել են բռնություններով, քրեական գործ գործ հարուցեր:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, սակայն, հերքել է Արմինե Առաքելյանի պատմածը՝ նշելով, որ ծեծի մասին որևէ խոսք չկա: Ըստ նախարարի՝ Արմինե Առաքելյանը հոգեբուժարան տեղափոխվել է  հարազատների ներկայությամբ՝ շտապ օգնության մեքենայով.

«Որևիցե մեկին հոգեբուժարաններում չեն ծեծում: Այլ խնդիր է, որ զուտ առողջական խնդիրներից ելնելով, որ մարդն իրեն չվնասի, հնարավոր է սահմանափակեն նրա շարժումները: Բայց ծեծի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Մուրադյանը:

Արմինե Առաքելյանը պնդում է, որ նախարարը ստում է:

«Իրեն պետք է տանեն ծեծեն, որ հասկանա: Այս իշխանությունները որևէ լեգիտիմություն չունեն և բնականաբար իրենց գործը պարտակելն է»,- ասում է Արմիեն Առաքելյանը:

Նա նշում է, որ սուտ է նաև նախարարի այն հայտարարությունը, թե ինքն իր հարզատների ներկայությամբ է շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հոգեբուժարան:

Արթուր Սանքունցի խոսքով՝ առողջապահության նախարարի ժխտումն առավել քան արտառոց է:

«Ոչ թե առողջապահության գերատեսչության ղեկավարը պետք է նման եզրակացություն տար, այլ միայն քննության արդյունքների հիման վրա կարելի էր տալ նման եզրակացություն, այն էլ այն  դեպքում, երբ այդ քննության արդյունքները համոզիչ լինեին և փարատեին բռնության վերաբերյալ կասկածները: Բայց երբ գերատեսչության ղեկավարն առանց քննության արդյունքների հերքում է բռնությունը, դա ավելի է խորացնում կասկածները, որ նման բռնություն եղել է»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նա նկատում է, որ Արմինեն շատ մանրամասն է պատմում իր նկատմամբ կիրառված բռնության դեպքը, ինչը առավել քան հիմնավոր է՝ պնդելու համար, որ այդ բռնությունները կատարվել են:

Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը նույնպես պնդում է,  որ Արմիեն Առաքելյանն աչքի շրջանում վնասվածք է ստացել, ինչը հոգեբուժարանում տեղի ունեցած ծեծի հետևանք է: Այժմ էլ բուժում է ստանում:

«Ծեծը եթե չլիներ, որտեղի՞ց կարող էր նրա աչքը վնասվել: Ցանկացած մարդ ոստիկանների կողմից տեղափոխելու ընթացում կարող էր վնասել ձեռքը, ոտքը, բայց աչքը ինչո՞ւ պետք է վնասվեր: Դա ծեծի հետևանք է»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Իսկ առողջապահության նախարարը, նրա խոսքով, հերքելու փոխարեն գոնե պետք է ասեր, որ լուրջ հետաքննություն է անցկացվում, թե ինչու է նման դեպք տեղի ունեցել:

«Նրանք առաջին հերթին պետք է վախենան, որ Արմինեն ՀՀ քաղաքացի չէ, եթե գործը հասնի միջազգային սկանդալի, շատ լուրջ պատասխանատվության են ենթարկվելու իրենք: Այդպես մերկապարանոց է ասել, որ ոչինչ չի եղել և բացառել բռնարարքները, իրենք իրենց ձեռքով ծուղակն են ընկնում»,- հավելեց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ  ուսումնասիրում են այս դեպքով իրավական գործընթաց սկսելու հարցը:

«Այնպես որ անպայման լինելու է հետաքննության նյութ: Եվ ընդհանրապես լինելու է հոգեբուժարաններում մարդկանց նկատմամբ բռնի վերաբերմունքի և մարդու իրավունքների խախտումներ վերաբերյալ բավական լուրջ  ուսումնասիրություն»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Արմինե Առաքելյանի խոսքով՝ իրեն այդ օրը ոստիկանները ձեռնաշղթա են հագցրել՝ առանց որևէ օրենքի հղում կատարելու:

«Ես չգիտեմ՝ որ օրենքն է արգելում ավազանի մեջ լողանալը: Ինձ ձեռնաշղթա են հագցրել ու տարել: Ամենաբարձր մակարդակով հրանահանգ էր տրված, որպեսզի ինձ այդ օրը ձռնաշղթա հագցնեն, տանեն հոգեբուժարան ու ծեծի ենթարկեն»,- ասում է նա եւ նշում, որ ողջ գործընթացի ժամանակ ոստիկանները հեռախոսով հրահանգներ են ստացել:
Արթուր Սաքունցը Արմինե Առաքելյանին Հանրապետության հրապարակից հոգեբուժարան տեղափոխելն արդեն իսկ համարվում է ապօրինություն:

«Ոստիկաններերի կողմից մարդուն կասկածել հոգեկան առողջական խնդիրներ ունենալու մեջ ու միանգամից տեղափոխել հոգեբուժարան, դա առնվազն անհիմն է, կամայականություն: Ոստիկանության աշխատողն ընդհանրապես նման լիազորություն չունի, լավագույն դեպքում, նրա մոտ կարող էին կասկածներ առաջանալ՝  կապված անձի առողջական վիճակի հետ, եթե անձի հետ տարվեր համապատասխան զրույց: Այդ դեպքում կարելի էր հրավիրել բժշկի, եթե դրա անհրաժեշտությունը կար: Բայց նրանք Արմիեն Առաքելյանին միանգամից հանեցին ավազանի միջից ու տեղափոխեցին հոգեբուժարան»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ շատ ավելի աչքի զարնող է այն հանգամանքը, որ այդ ամբողջ իրադարձությունները տեսանկարահանվել են: Այսինքն՝ կարծես նախապատրաստված ակցիա լիներ՝ ընդդեմ Արմինե Առաքելյանի: Իրավապաշտպանի խոսքով՝ տվյալ դեպքում տեղի է ունեցել ակնհայտ դիտավորյալ վարկաբեկում:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ վերջին իրադարձությունները, օրինակ, ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն նշանակելու խայտառակ որոշումը և դրա վերաբերյալ դատարանի համաձայնություն տալը, նույն տրամաբանության շրջանակեներում է:

«Եվ Արմինե Առաքելյանի, և Վարդես Գասպարիի կողմից տրվող հարցերն ակնհայտ ադեկվատ էին, դիմացի լսողներն էին գտնվում ոչ տրամաբանության մեջ և իրենց անտրամաբանական վարքագծով, օգտագործեով իրենց պաշտոնեական դիրքը, հոգեբուժությունն օգտագործում են որպես պատժիչ գործողություն: Սա նոր երևույթ չէ, կիրառվել է նաև Շանթ Հարությունյանի նկատմամբ: Հոգեբուժությունն օգտագործել որպես պատժիչ ինստիտուտ, անթույլատրելի է»,- ասում է նա:

Ըստ Սաքունցի՝  իշխանությունների այս գործելաոճն ուղղված է յուրաքանչյուրիս, սա ոտնձգություն է հանրության նկատմամբ, հետևաբար չպետք է անտարբեր լինել այս խայտառակության նկատմամբ:

Էմմա Մանուկյան

© Medialab.am