ԼՂՀ միջազգային հեղինակությունն ու հակամարտության կարգավորումը

07-06-2016
2539 դիտում
ԼՂՀ միջազգային հեղինակությունն ու հակամարտության կարգավորումը

Հունիսի վեցին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ բռնության կիրառման փաստը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության մակարդակի մասին կասկածների տեղիք տվեց:

: Մասնավորապես, զարմանալի է թվում այն հանգամանքը, որ ոստիկանությունը ի սկզբանե հրաժարվում էր քրեական գործ հարուցել ու հայտարարում էր, թե նման բան չի եղել:

Ուշագրավ է, որ ԼՂՀ ժողովրդավարության մասին միջազգային հետազոտություններ գոյություն չունեն, քանի որ միջազգաին ճանաչում չստացած պետություններում նմանօրինակ հետազոտություններ չեն իրականացվում, ուստի եթե ՀՀ կամ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին կոնկրետ տվյալներ ու վերլուծություններ կան, ապա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նմանօրինակ տվյալներ չկան: Հետևաբար ԼՂՀ ժողովրդավարության մասին հետևություններ միջազգային հանրությունը կարող է անել միայն երկրորդական աղբյուրների (օրինակ՝ հայաստանցի հետազոտողների) ներկայացրած տվյալների հիման վրա և անցած ամռանը Բերձորում Ժիրայր Սեֆիլյաի և նրա համախոհներին ԼՂՀ ուժայինների կողմից բռնի ուժով հետ ճանապարհելու, ինչպես նաև, Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնության դեպքը կոծկելու փորձով: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ընթացքում Հայաստանի սակավաթիվ խաղաքարտերից մեկը Ադրբեջանի համեմատ ՀՀ և ԼՂՀ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ լինելն է, ապա Հայկ Խանումյանի, ինչպես նաև անցյալ տարի Բերձորի դեպքի նման իրադարձությունները միանշանակ վնասում են հենց հայկական կողմին: Վնասում են երեք հիմնական պատճառով:

Առաջին հերթին, ինչպես նշվեց հայկական կողմը բազմիցս, թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանի առջև շեշտում է իր առավել ժողովրդավար լինելը: Նմանօրինակ դիրքորոշումը ունի հստակ պատճառներ: Արևմտյան առաջատար կառույցներն ու պետությունները, ինչպես օրինակ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն հակամարտությունների լուծման հստակ մոդել ունեն: Ըստ այդ մոդելի, կոնֆլիկտների լավագույն կարգավորումը հակամարտող կողմերի ժողովրդավարական պետություն դառնալն է: Ենթադրվում է, որ ժողովրդավար երկրները չեն պատերազմում միմյանց դեմ: Փաստորեն՝ հնարավորինս ժողովրդավար և օրինակելի պետություններ դառնալը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կապահովեր երկու հիմնական դաշնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկում, այն է ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Երկրորդ պատճառը ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներն են: Ինչպես ցույց է տալիս Կոսովոյի օրինակը, ինքնահռչակ հանրապետության ճանաչման համար կան մի քանի հիմնական նախապայմաններ: Դրանցից, թերևս ամենակարևորը ձևավորված ժողովրդավարական կառույցներ ունենալն է: Եվ հենց այդ կառույցների առկայությամբ է Կոսովոն տարբերվում Աբխազիայից, Մերձդնեստրից ու Հարավային Օսեթիայից:

Երրորդ պատճառը, անշուշտ, կոնֆլիկտի միջազգային ընկալումն է: Հայկական կողմը միշտ փորձում է մատնացույց անել այն, որ Արցախը շատ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ է, քան Ադրբեջանը և այդ հիմքով ևս պնդում, որ չի կարելի առավել ժողովրդավար տարածքում ապրող մարդկանց «տեղափոխել» ապաքաղաքակրթական բռնապետություն: Որպես օրինակներ բերվում են Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, խոսքի և հավաքների ազատության բացակայությունը ու ռազմական հանցագործությունները: Եվ եթե չլինեին Բորձորի ու Հայկ Խանումյանի բռնությունները, ապա հայկական կողմի պնդումները կլինեին ծանրակշիռ ու միարժեք ճիշտ: Սակայն խոսքի ու հավաքների դեմ ուղղված այս բռնությունների լույսի ներքո միակ ծանրակշիռ և ակներև քաղաքակրթական տարբերությունը ռազմական հանցագործություններն են (հայկական կողմի զինվորներ ոչ գլուխ են կտրում, ոչ էլ ականջ):

Հետևաբար՝ ընդդիմադիր պատգամավորների հանդեպ բռնությունը, խոսքի և խաղաղ քաղաքական արշավների դեմ զինված և բռնություն կիրառելու պատրաստ ոստիկանություն հանելը միանշանակ վնասում են հենց Լեռնային Ղարաբաղի շահերին՝ թուլացնելով հայկական կողմի բանակցային ուժը և վնասելով  ՀՀ-ԼՂՀ զույգի միջազգային հեղինակությանը ու վտանգելով հակամարտության հայանպաստ կարգավորման հեռանկարին:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»