«Ասացին, որ ես էլ, քույրս էլ պետք է մեկ ամիս մնանք հոգեբուժարանում». Դիսլեքսիա. չհասկացված լինելուց մինչև խտրականություն

11-06-2016
35474 դիտում
«Ասացին, որ ես էլ, քույրս էլ պետք է մեկ ամիս մնանք հոգեբուժարանում». Դիսլեքսիա. չհասկացված լինելուց մինչև խտրականություն

Պատմաբան, մարդու իրավունքների դասընթացավար Տաթև Մարգարյանին և իր քրոջն առաջարկել են դիմել հոգեկան առողջության կենտրոն, երբ նրանց անհրաժեշտ է եղել դիսլեքսիա ունենալու մասին հաստատող փաստաթուղթ ձեռք բերել։

«Քույրս պետք է Եվրոպայի խորհրդում աշխատելու համար քննություն հանձներ։ Ասել էին՝ եթե դիսլեքսիա ունենալու մասին հաստատող փաստաթուղթ ունես, քեզ ավելի շատ ժամանակ կտրամադրենք»։

Քույրերը երկու շաբաթ են ծախսել տարբեր պատկան մարմիններ զանգահարելու, այցելելու վրա։ Արդյունքում՝ ոչ ոք չի կարողացել ասել, թե որտեղից կարելի է նման փաստաթուղթ ձեռք բերել.

«Ասում էին՝ նման փոքր բաների համար մենք փաստաթուղթ չենք տալիս։ Հետո ասացին, որ ես էլ, քույրս էլ պետք է մեկ ամիս մնանք հոգեբուժարանում։ Հետո ասում էին՝ մեկ է դուք սովորելու տարիքից դուրս եք եկել... Հաջորդ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քննություններին գնալիս քույրս անգամ չմտածեց էլ այդ թղթի մասին»։

Ինչպես են տեսնում դիսլեքսիա ունեցոող մարդկանց մի մասը

Դիսլեքսիա ունեցող մարդկանց մի մասն այսպես է տեսնում

Դիսլեքսիան սովորելու յուրահատուկ դժվարություն է, որը հիմնականում ազդում է բառերի ճշգրիտ և սահուն ընթերցանության և ուղղագրության հմտությունների վրա։ Դիսլեքսիան կարող է ազդել տարբեր մարդկանց վրա տարբեր տարիքում տարբեր ձևերով, և ազդեցությունը կարող է լինել մեղմից մինչև խիստ։ Երեխան չի կարողանում վանկերը ճիշտ միացնել, երբեմն բաց է թողնում բառի առաջին կամ վերջին վանկը, տառեր է բաց թողնում կամ ավելորդ հնչյուններ է ավելացնում բառին, չի կարողանում նախադասությունը կարդալ:

Անձը կարող է տեսնել տառերը թարս կողմից, շրջված, հայելային, էջում տեղաշարժվելիս։ Հնարավոր է չտարբերի միևնույն ձևն ունեցող տառերը՝ ա-ս, ի-ր, բ-գ-դ։ Կարող է տեսնել տառերը էջում խմբված կամ տարբեր հերթականությամբ։ Դիսլեքսիա ունեցող անձանց մի մասը տեքստը տեսնում է ճշգրտությամբ, սակայն ամեն անգամ կարդալ փորձելիս գլխացավեր են ունենում։ Մարդկանց մի մասն էլ կարող է կարդալ միևնույն տողը մի քանի անգամ՝ չհիշելով կարդացած բովանդակությունը։ Այս ամենը սակայն որևէ կապ չունի անձի մտավոր կարողությունների հետ, քանի որ հանդիպում է տարբեր ունակություններ ունեցող անձանց շրջանում։

Դիսլեքսիա ունեցող հայնտնիներից են Ագաթա Քրիստին, Ուինսթոն Չերչիլը, Վուդրո Վիլսոնը, Ուոլթ Դիսնեյը, Թոմ Քրուզը, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Բելլը և այլք։ 

Երգչուհի Շերը իր դիսլեքսիա ունենալու մասին բացահայտել է 30 տարեկանում։  Նա մշտապես ունեցել է դժվարություններ դպրոցական կյանքում, իսկ 16 տարեկանում նա դուրս է մնացել դպրոցից. «Դպրոցում իսկապես դժվար էր։ Այն, ինչ սովորել եմ, սովորել եմ միայն լսելու միջոցով»։

ՇերԴԻսլեքսիա

Dyslexia Internetional կազմակերպության տվյալների համաձայն՝ դիսլեքսիան հանդիպում է 10 մարդուց մեկի մոտ՝ սոցիալական մեկուսացման և գրագիտության բացակայության վտանգի տակ դնելով շուրջ 700 մլն մարդու։

American dyslexia association-ի զեկույցներում նշվում է, որ շուրջ 40 մլն ամերիկացի մեծահասակ դիսլեքսիա ունի, սակայն նրանցից միայն 2 միլիոնը գիտեն այդ մասին։

Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ-ում 2015-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում դիսլեքսիա ունեցող ընդամենը մեկ մարդ է ունեցել ճանաչված հաշմանդամություն: Սակայն, այս թիվը հեռու է Հայաստանում իրականությունը ցույց տալուց:

«Եթե ես չգիտեմ, թե որտեղից գտնեմ ապացույց, որ ես ունեմ դիսլեքսիա, Հայաստանում հաշմանդամության ճանաչման մասին խոսել էլ չի մնում»,- ասում է Տաթև Մարգարյանը՝ զարմանալով գրանցված միակ մարդու համբերատարության վրա, որ հաջողել է հաղթահարել այդ գործընթացները։

Երբ «Մեդիալաբը» դիսլեքսիայի դեպքում հաշմանդամության ճանաչման գործընթացի, հնարավորությունների և խոչընդոտների մասին փորձեց մի քանի հարցեր ուղել Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին, պաշտոնյան հարցրեց. «իսկ ի՞նչ է դիսլեքսիան»։

Գործակալության պետը ընդգծելով հաշմանդամության ճանաչման խիստ անհատական լինելը՝ մերժողական տրամադրվածությամբ խուսափեց նաև հստակ օրինակների մասին խոսելուց:

Մի շարք երկրներում դիսլեքսիայի ճանաչումը և գնահատումը կատարվում է լեզվի, հիշողության, ուղղագրության և ընթերցելու հմտությունների ստանդարտացված թեստի միջոցով, որի ժամանակ հաշվի է առնվում նաև այլ դժվարություններ՝ ինչպես ընթերցելու արագությունն է և այլն։

Դիսլեքսիայի բացահայտման փուլը սկսվում է փոքր հասակում բժշկի այցելելով, որը ստուգում է անձի տեսնելու և լսելու հմտությունները, ճշտում է զարգացման առանձնահատկությունները,  ընտանիքի անդամների ընթերցելու կամ սովորելու այլ դժվարություն ունենալու փաստը։

Տեսողությունը, լսողության խնդիրները կարող են անուղղակիորեն նույն խնդիրներին հանգեցնել, սակայն դրանք չեն հանդիսանում դիսլեքսիայի պատճառը։

Այնուհետև կրթական հոգեբանի կամ այլ մասնագիտացած անձի կողմից իրականացվում է համալիր ստուգում։ Հոգեբանը կարող է այդ ընթացքում բացահայտել նաև այլ խնդիրներ՝ ինչպես ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշն է, տագնապները, դեպրեսիան կամ այլ խնդիրները, որոնք կարող են ազդել սովորելու գործընթացի վրա։ Այնուհետև թիմային կերպով կատարվում է անձի կարիքի գնահատումը։ Այս գործընթացը պարտադիր է մի շարք երկրներում, որտեղ այդ ամենը հաստատվում է հենց կրթական հաստատությունում։

Տաթև Մարգարյանն ասում է, որ քննության ընթացքում դասախոսն է նկատել իր դժվարությունները.

«Ամերիկյան համալսարանում սովորելիս առաջին քննությունից հետո դասախոսը կանչեց ինձ ու հարցրեց, թե ինչու իրեն տեղյակ չեմ պահել, որ դիսլեքսիա ունեմ։ Ես ասացի, որ չգիտեի այդ մասին։ Դա համարում էի իմ առանձնահատկությունը»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Դասախոսը թեստի միջոցով իր կասկածները հաստատելուց հետո անձնական նախաձեռնությամբ առաջարկել է քննություններին հավելյալ ժամանակ տրամադրել նրան։ Այս միջոցը կիրառվում է դիսլեքսիա ունեցող մարդկանց համար` հավասար հնարավորությունների ապահովման նպատակով։

Տաթև Մարգարյանն, օրինակ, դժվարանում է հիշել թվերը, սակայն ունի սեփական մեթոդները։ Ասում է, որ եթե հիշում է «38», ապա դա իրականում «83»-ն է.

«Տառերի դեպքում էլ է խնդիրը դրսևորվում։ Ես առաջին տարին համալսարան չընդունվեցի։ Այն ժամանակ քննությունը թելադրության միջոցով էր, ես քննության կեսից մոռացա մեծատառ «Ք» տառը։ Հետո, շատ տարիներ հետո, իմացա, որ դիսլեքսիա ունեցող մարդկանց համար մեծատառերը հիշելը դժվար է։ Հաջորդ տարի քննությունն արդեն թեստային էր»,-պատմում է Մարգարյանը։

Նա նշում է, որ դիսլեքսիայի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարում է սեփական հնարամտության շնորհիվ՝ հստակ մշակված ռազմավարությամբ։ Քննարկումներին մասնակցելուց առաջ տեքստը նախօրոք է տպում կամ զգուշացնում է, որ հնարավոր է սխալներ թույլ տա:

«Նշում եմ՝ եթե տեսնեք, որ հինգ տառանոց բառից երեք տառը չեմ գրել, խնդրում եմ հուշել ինձ»,-ասում է նա։

Տաթեւը հիշում է, որ դպրոցական տարիներին եւս բախվել է խտրականության եւ անիրազեկվածության հետեւանքով չհասկացված լինելուն:

«Մաթեմատիկայիս ուսուցիչը վստահ էր, որ ես իրեն ծաղրում եմ։ Քիչ էր մնացել երկրորդ տարին նույն դասարանում մնայի։ Ինձ թելադրում էր վարժությունը, ես այլ բան էի գրում ու սխալ լուծում։ Ես մշտապես սխալներ էի թույլ տալիս։ Հիմա հասկանում եմ, որ դրանց մեջ տրամաբանություն կար, բայց ժամանակին այդ ամենն իրոք անտրամաբանական էր թվում»,-վերհիշում է նա։

Ասում է, որ տեխնոլոգիաներն իրեն օգնում են, սակայն հոգնում է ամեն տառը վերահսկելու գործընթացի վրա ծախսած ջանքերի պատճառով։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիսլեքսիա ունեցող մարդկանց կրթությունը կազմակերպելու համար կարևոր է անհատական ուսուցման պլանի մշակումը, հավելյալ ժամանակ տրամադրումը առաջադրանքները կատարելու համար։ Դասագրքերի աուդիոտարբերակների ստեղծման և տրամադրման, լրացուցիչ ժամանակ տրամադրումը կարող է աջակցել դիսլեքսիա ունեցող անձի կրթության կազմակերպմանը:

Որոշ տառատեսակների միջոցով հնարավոր է հեշտացնել դիսլեքսիա ունեցող անձանց ընթերցանությունը, օրինակ` լատինական այբուբենի համար գոյություն ունեն  DyslexieOpenDyslexic և Lexia Readable տառատեսակները, սակայն դրանք հասանելի չեն հայերենի համար։  

9-ամյա Դավիթին ևս տեխնոլոգիաներն աջակցում են դիսլեքսիայի հետևանքով կրթական արգելքները հաղթահարելու համար։ Ստեղնաշարի բոլոր տառերը փակում են, բացի օրինակ «Հ», «Ա» և «Ց» տառերից, հետո ցույց տալիս նրան հացի նկարը, իսկ Դավիթը հավաքում է։

Մայրը՝ Տաթևիկ Ստեփանյանը որոշել է, որ այս տարի ԱՄՆ-ից անձնական տպիչ ու «Ipad» պետք է բերի, որի հատուկ հավելվածի միջոցով էլ կրթական գործընթացը հեշտանա։ Դավիթի մոտ դիսլեքսիան բացահայտել են առաջին դասարանի երկրորդ կիսամյակում, երբ վարքային խնդիրները հաղթահարվել են ու ուսուցիչների հետ կապ է հաստատել (Դավիթը նաև աուտիզմ ունի)։

«Առաջին անգամ կասկածեցինք առաջին դասարանում, երբ հասկացանք, որ չի կարողանում հիշել տառերն ու թվերը, խուսափում է նայել տետրին, փակում է աչքերը։ Սկզբում գրում էր սարսափելի մեծ՝ մեկ էջի վրա։ Հիմա առանձին-առանձին գրված թվերը տարբերակում է, բայց հենց իրար կողք են հայտնվում, փակում է աչքերն ու ասում, որ լողում են դրանք ու աչքերը ցավում են»,-«Մեդիալաբին» պատմում է Տաթեւիկ Ստեփանյանը։

Աշխարհի տարբեր երկրներում նոր թափ առած դիսլեքսիա ունեցող մարդկանց շարժումներից Հայաստանն անմասն է մնում, սակայն ոչ այն պատճառով, որ խտրականությունը զրոյական է կամ արգելքներ չկան։

Դավիթի մոր՝ Տաթևիկի խոսքով՝ դիսլեքսիայի վերաբերյալ իրազեկվածության բացակայությունն է խնդիրը, և ամենևին էլ բնական չէ, որ անգամ մասնագետները չգիտեն, թե ինչ ասել է «ընթերցելու դժվարություն», իսկ դիսլեքսիա ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի մասին էլ ընդհանուր գնահատական ունեն.

«Խոսելն ուրիշ բան է, աշխատելն ու արդյունք տալն՝ ուրիշ»,-ասում է նա։

Մուշեղ Հովսեփյան

MediaLab.am