Նժդեհի արձանը՝ պատրվակ. «Ռուսաստանը փորձում է հասկանալ, թե Հայաստանն ինչ զիջումների է պատրաստ Ղարաբաղի հարցում»

12-06-2016
3171 դիտում
Նժդեհի արձանը՝ պատրվակ. «Ռուսաստանը փորձում է հասկանալ, թե Հայաստանն ինչ զիջումների է պատրաստ Ղարաբաղի հարցում»

Հայաստանում  Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման շուրջ պաշտոնական Ռուսաստանի բարձրացրած աղմուկը Հայաստանի՝ պաշտոնական մակարդակով Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականության քննադատությունների պատասխանն է: Արձանը, ըստ քաղաքագետ,  «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի»  հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանի, համոզմամբ, ընդամենը պատրվակ է Ռուսաստանի համար:

«Ռուսաստանը երբ տեսնում է, որ Հայաստանը  շարունակում է հետեւողականորեն քննադատել Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը, երբ տեսնում է, որ Հայաստանը  պահանջում է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի Ադրբեջանի սպառազինումը, երբ տեսնում է, որ Հայաստանը քաղաքական մակարդակը լուրջ եռում է ռուսական հարաբերությունների թեմատիկայով, փորձում է Հայաստանին հասկացնել, որ իրեն այդ ամենը դուր չի գալիս: Ռուսաստանը անհաջող ճանապարհ է ընտրել,  որն այդ երկրին լավ տեղ չի տանելու », - «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետ,  «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով, այդ քաղաքականությամբ, Ռուսաստանը նախ փորձում է հայ ժողովրդի համեբերության սահմանը ստուգել, ապա՝ ցույց տալիս իր ազդեցությունը:

«Եթե Հայաստանում արձան կանգնեցնելն իսկ պետք է Մոսկվայի հետ համաձայնեցվի, դա ցույց է տալիս մեր ինքնիշխանության աստիճանը: Ռուսաստանը հերթական անգամ այն ճոճանակն է խաղացնում, որը մենք տեսանք Հրաչյա Հարությունյանի դատավարության ժամանակ: Ռուսաստանի իշխանությունը փորձում է Ռուաստանում հակահայ տրամադրություններ բորբոքել, իսկ Հայաստանին ցույց տալ, թե ինչ կկատարվի, եթե Հայաստանը իր դեմ դուրս գա: Սա, այսպես ասած,  փիար թեսթ է Հայաստանի համար »,-«Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք,  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Երևանում պետական ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը:

«Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»,-ասել էր նա:

ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ  Ռուսաստանից հնչող քննադատություններին,  բայց սլաքներն ուղղեց դեպի Ադրբեջան: Բալայանի արձագանքում, մասնավորապես ասվում էր.  

Նժդեհի արձանի բացումը«Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, Մետրոպոլիտենի կայարան կա, հուշարձաններ են տեղադրված՝ թուրքական զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի համար: Այն բանի համար, որ նա Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ պաշտպանել է բնակչությանը աշխարհի քարտեզի վրա նոր առաջացած Ադրբեջան պետության զինված խմբավորումներից, կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում Զանգեզուրի:  Եվ, իհարկե, որևէ անհասկանալի բան չկա նրանում, թե ինչու Նժդեհի նոր հուշարձանի բացումը պատվերով հրապարակումների հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, ինչը Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ ոչ մեկ անգամ հնչեցրած պահանջների ուղղակի հետևանք է: Բաքուն անբարոյական ու անպտուղ փորձեր է անում՝ ստվերելու ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա»:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ Նժդեհի արձանի տեղադրմանը նախ Ադրբեջանը հիստերիկ արձագանքեց, իսկ Ռուսաստանն արձանի տեղադրումից շաբաթներ անց այդ թեման շահարկելով, ցանկանում է ցույց տալ, որ ավելի շատ Ադրբեջանի տեսակետն է կիսում, քան Հայաստանի:

Հայաստանի ԱԳՆ արձագանքը Ստյոպա Սաֆարյանի խոսքով, տողատակ ուներ եւ բազմիմաստ էր: Իրականում, ըստ Սաֆարյանի Հայաստանի ԱԳՆ-ն զսպվածություն չի ցուցաբերել, երբ իր արձագանքում Ադրբեջանին է քննադատել, որովհետեւ  եթե ցանկանար, թեկուզ եւ մեղմ, բայց ձեւակերպումներ կգտներ, այսպիսով սակայն,  փորձ է արվել կշտամբել Ռուսաստանին ադրբեջանամետ լինելու համար:

«Էլի հասկանանք, որ ադրբեջանցիների հետ եք: Ես այդ մեսիջը տեսա ԱԳՆ-ի պատասխանի մեջ, դա ավելի շատ մեղադրանք էր, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում նորից ադրբեջանի կողմն է»,-ասում  է նա:

Քաղաքագետը համոզված է՝ Ռուսաստանն իրականում չի մտածում, թե Նժդեհի արձանի տեղադրումը բեկումնային նշանակություն կարող է ունենալ: Նժդեհի արձանը, Սաֆարյանի խոսքով, իր մեջ լավագույն դեպքում հակաբոլշեւիկյան , հակաադրբեջանթուրքական ու պրոանկախական մեսիջներ կարող է պարունակել, բայց ոչ հակառուսական:

«Արձանի տեղադրման որոշումը կայացվել է մեկ տարի առաջ, արձանը տեղադրվել է շաբաթներ առաջ, այնպես որ, եթե Ռուսաստանն իսկապես մտահոգվեր այդ հարցով, հաստատապես կարձագանքեր այդ ժամանակահատվածում: Վստահ եմ, Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նժդեհի արձանի տեղադրումը որեւէ կերպ կապ չունի ֆաշիզմի հետ: Ռուսաստանը պարզապես պատրվակ է օգտագործում, բայց պետք է հասկանա, որ այն, ինչ քննադատում են  Հայաստանի հասարակությունն ու իշխանությունը, այլ է, արձանը՝ բոլորովին այլ», -ասում է քաղաքագետը:

Սաֆարյանը կարծում է, որ Ռուսաստանը մտնում է մի դաշտ, որտեղ իր քաղաքականությունը հակառակ էֆեկտն է տալու:

«Նժդեհը հայ հասարակության մեջ հայտնի է որպես Հայաստանի փրկությունը խորհրդանշող անձնավորություն եւ ինչպիսի մոտեցումների էլ դավանեն Հայաստանի հանրության անդամները՝ լինեն արեւմտամետ , թե ռուսամետ, որեւէ մեկը կասկածի տակ չի դնի Նժդեհի գործը: Ի վերջո, եթե Նժդեհի հետ կապված Ռուսաստանին ինչ-որ բան դուր չգար, նա նոր չէ, որ պետք է իմանար,որ Հայաստանի իշխող կուսակցության գաղափարական հայրը հենց Նժդեհն ու նժդեհականությունն է, պարզապես հիմա Ռուսաստանը ուղղակիորեն խուսափում է քննադատել Հայաստանի իշխանությանը եւ հարցը արձանների դաշտ է տեղափոխել»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայստանը պետք է Ռուսաստանին հասկացնի, որ Ադրբեջանին զինելու քննադատությունից խռովվածությունը քաղաքական կատեգորիա չէ:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի վստահ է, որ  Ռուաստանը  առանձնապես մտավախություն չունի, որ իր այս քաղաքականությամբ Հայաաստանում հակառուսական տրամադրություններ կբորբոքվեն, որովհետեւ մեդիան, մեծ հաշվով այդ մասին ոչինչ չի գրում, իսկ քաղաքական ուժերի մոտ՝ թե իշխանության, թե ընդդիմության, հակառուսական տրամադրություններ չեն առաջանում:

«Հասարակությունը իր կարծիքը կազմակերպված արտահայտելու ձեւ չունի, այդ երկու հիմնական կանալներն են՝ մեդիան եւ քաղաքական ուժերը, որոնք ոչինչ չեն անում, իհարկե, միտնիգները նույնպես կարծիք արտահայտելու ձեւ են, բայց դրանք էլ չեն լինում, եթե չհաշվենք առանձին փոքր ակցիաները ՌԴ դեսպանատան մոտ»,-նկատում է Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետն ասում է՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կերպով Ռուսաստանին ասել, որ դա Հայաստանի գործն է, որին Ռուսաստանը չպետք է խառնվի:

«Ես կարծում եմ, Ռուսաստանն այսպես կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ հասկանա, թե Հայաստանն ինչ զիջումների է պատրաստ գնալ  Ղարաբաղի հարցում», -նշում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, Երեւանում՝ Հանրապետության փողոցին հարակից հրապարակում,  մայիսի 28-ին,  բացվեց  հայ ռազմական, քաղաքական և պետական գործիչ, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհի արձանը, ում գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը: 

Անի Սայադյան

MediaLab.am