«Քոքից վերացնել», «վառել», «մորթել». Երբ ատելության կոչերի հետեւում երևում են լրատվամիջոցների ստվերները

13-06-2016
31215 դիտում
«Քոքից վերացնել», «վառել», «մորթել». Երբ ատելության կոչերի հետեւում երևում են լրատվամիջոցների ստվերները

«Այլասերվածների բնական վախճանը», «Տեղն է էդ գեյերին, ինչքան քիչ լինեն, էնքան լավ», «Քոքից վերացնելա պետք, դրանք քայլող վիրուս են». այսպիսի արտահայտություններով ու ատելության կոչերով ողողվեց սոցիալական դաշտը հայ օգտատերերի կողմից, երբ հայտնի դարձավ ԱՄՆ-ում Օրլանդոյի «Պուլս» գեյ ակումբի հրաձգության մասին, որի հետևանքով զոհվեց 50 մարդ, վիրավորվեց 50-ից ավելին:

Մինչ աշխարհը և միջազգային լրատվամիջոցները ցավում էին տեղի ունեցած ահաբեկչության համար, Հայաստանում սոցիալական ցանցերի օգտատերերը Օրլանդոյի հրաձգության մասին արտահայտում էին իրենց հրճվանքն ու նույնասեռականների նկատմամբ իրենց ատելությունը:

Հասարակության մեջ առկա խտրականությունն ու թշնամանքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ առավել ակնհայտ է դառնում փոքրամասնության նկատմամբ դրսևորվող բռնությունների ու ծեծի դեպքում, ինչպես նաև Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրը, ինչը պայմանավորված է նաև լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով

Դեռ մեկ ամիս առաջ գյումրեցի հայտնի ծանրամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Ղալուզյանի սեռափոխության թեմայի շուրջ կրկին ատելության ու քննադատության մի մեծ ալիք բարձրացավ, երբ Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը ծանրամարտիկն իր ֆեյսբուքյան էջի լուսանկարը գունավորեց ԼԳԲՏ համայանքի խորհրդանիշ համարվող դրոշով:

«Այլասերվածներ», «անբարոյականներ», «վառեք», «մերժեք դրանց». այսպիսի կոչերով ու պիտակներով է ողողված մեդիան ու առցանց տիրույթը Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի հանդեպ:

Հայաստանի բնակչության 90 տոկոսը կարծում է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները պետք է սահմանափակված լինեն: Այս ցուցանիշը արձանագրվել է 2015-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքում, որի շրջանակում անցկացվել է 1017 հարցազրույց Երևանում և Հայաստանի մարզերում:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ լրագրողների մեծ մասն ունի կարծրատիպային և խտրական մոտեցում սեռական փոքրամասնությունների հանդեպ, հետևաբար այդպես էլ լուսաբանում է:

Դրա վառ օրինակն է ամիսներ առաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Մամիկոն Հովսեփյանին ուղղված լրագրողի հարցը, թե. «Եթե խտրականության դեմ օրենքը ընդունվի Հայաստանում և թույլատրվի նույնասեռականների ազատ ելք ու մուտք, նրանց տեսնենք օրը ցերեկով, դա դուք նորմա՞լ եք համարում»:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մամիկոն Հովսեփյանը հրապարակավ հայտնեց, որ ինքը նույնասեռական է և օրը ցերեկով եկել է հանդիպման լրագրողների հետ, իսկ հնչեցված հարցը որակեց տարրական կրթվածության բացակայություն:

Բացի սեփական համոզմունքները մամուլում տարածելուց, ըստ Հովսեփյանի, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչեր են հնչում նույնասեռականներին աշխատանքի չընդունելու մասին:

«Շատ հաճախ խմբագիրները դնում են բավականի պրովակացիոն վերնագրեր, որը կարող է հոդվածի հետ ընդհանրապես կապ չունենա, բայց նկարներով ու նման վերնագրերով նորից ատելության ալիքը բարձրացնի»,-ասում է Հովսեփյանը:

Լրատվամիջոցների խտրական մոտեցումն ու կողմնակալ լուսաբանումը, սոցիալական մեդիայում տարածվող ատելության կոչերն ու անհանդուրժողականությունն իրենց բացասական ազդեցությունն են ունենում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների վրա:

«Եղել են դեպքեր, որ նման հրապարակումներից հետո մարդկանց աշխատանքից ազատել են, հետապնդել են, բռնություններ են եղել, փոխվել է ընտանիքի և հարազատների վերաբերմունքը այդ անձանց նկատմամբ, որոշ դեպքերում այդ մարդիկ ստիպված են եղել հեռանալ Հայաստանից, քանի որ ճնշումները մեծացել են նրանց նկատմամբ նմանատիպ նյութերի հրապարակումից հետո»,-հավելում է Հովսեփյանը:

«Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ-ի  2015-ին իրականացրած ուսումնասիրության համաձայն` հրապարակված նյութերի 70%-ը պարունակում են բացասական վերաբերմունք, ատելության խոսքի դրսևորում և մարդու իրավունքների ոտնահարում ՝ ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց շահերը պաշտպանող, կամ հանդուրժողականության դրսևորումներ ցուցաբերող անձանց ու կազմակերպություններին:

Հրապարակված նյութերի 20%-ը պարունակում են համեմատաբար չեզոք տեղեկատվություն: Դրանք հիմնականում արտասահմանյան ԶԼՄ-ներից թարգմանված նյութերն են:  Եվ հրապարակված նյութերի 10%-ը հայաստանյան ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրների մասին, իրական հերոսներով և իրական փաստերով հրապարակումներն են:

Հետազոտությունը կազմվել է 6 ամիսների ընթացքում, մոտ 50 ԶԼՄ աղբյուրներից, հիմնականում հայկական կայքերի, թերթերի հեռուստատեսությունների և ռադիոալիքների կայքերի կամ տարբեր ՀԿ-ների կայքերից համացանցում հայտնվող կամ համացանցից ԶԼՄ հարթակ տեղափոխվող նյութերի հիման վրա: Ուսումնասիրվել է մոտավորապես 8 000 գրառում և առցանց հրապարակում (հոդվածներ,տեսանյութեր, լուսանկարներ, կոլաժներ, և դրանց առնչվող գրառումներ):

Իրավապաշտպանները կարծում են, որ լրատվամիջոցները հրապարակում են կարծրատիպերով, խտրականությամբ և ատելությամբ լի նյութեր ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլև մյուս խոցելի խմբերի մասին, օրինակ՝ կրոնական փոքրամասնությունների:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն ասում է, որ կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք հստակ կրոնական խտրականություն և կրոնական թշնամություն են տարածում: Սակայն կան լրագրողներ և լրատվամիջոցներ, որոնք նման նպատակ չունեն և չգիտակցված են գրում նման հոդվածներ:

«Այդ կարգի նյութերը ստեղծում և ապրապնդում են կարծատիպեր, որոնք վիրավորում են զգալի թվով քաղաքացիների: Քանի որ լրագրողներից շատերը չունեն փորձ, շատ հաճախ պատկերացում չունեն մարդու իրավունքներից, օրենքներից ու դաստիարակություն են ստանում այնպիսի մթնոլորտում, որտեղ առկա է այդ խտրականությունն ու ատելությունը, հետևաբար չգիտակցված էլ գրում են այդպիսի նյութեր»,-ասում է Դանիելյանը:

Նա մատնանշում է բազմաթիվ դեպքեր, երբ մամուլը անդրադարձել է որևէ հանրահայտ երգչի կամ դերասանի կրոնականան համոզմունքներին կամ կրոնական կազմակերպության անդամ լինելուն, որը հետագայում ծանր հետևանքներ է ունեցել նրանց համար:

«Իհարկե դա ազդել և նրանց հեղինակության վրա, և թշնամություն է առաջացրել նրանց նկատամամբ, գուցե համերգներին մարդիկ ավելի քիչ են գնացել: Սա կրոնական հիմքով թշնամության քարոզչություն է և բնականաբար դա իրենց կյանքի վրա անդրադառանում է, և ես շատերին գիտեմ, ովքեր շատ ծանր են դա տարել: Հետևանքներն այն են, որ նրանց մեղադրում են ոչ միայն այլ կրոնական կազմակերպության անդամ լինելու մեջ, այլ պիտակավորում են՝ «ազգի թշնամի», «դավաճան» «օտար», «լրտես» անվանելով: Օրինակ՝ նման հոդվածներ շատ է դնում «Իրավունք» թերթը, ժամանակին նաև գրում էին այդպես «Новое время», «Голос Армении» թերթերը»,-հավելում է Դանիելյանը:

Երևանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասում է, որ լրատվամիջոցների երկու ճամբար կա Հայաստանում:

«Լրատվամիջոցներ, որոնք անմիջականերոն գտնվում են ռուսաստանյան մամուլի ազդեցության տակ և դա նույնիսկ հստակ համագործակցություն է ֆինանսական առումով, ինչը հետևողական, միտումնավոր քարոզչական դաշտ է ստեղծում փոքրամասնություների իրավուքնների դեմ և բնականաբար պահապանողական հասարակությունում չի կարող իր դերը չխաղալ: Բայց նաև ունենք լրատվամիջոցների բավականին լիբերալ ճամբար, որոնք փորձում են հակադրվել և այլ գաղափարներ առաջարկել հասարակությանը»,-նշում է Նավասարդյանը:

Ըստ նրա՝ հայկական հասարակությունը մնում է բավականին պահպանողական և ցանկացած  նոր համակարգեր տարբեր փոքրամասնությունների հետ հարաբերվելու համար, որոնք ընդունված են Եվրոպայում, Հայաստանում բավականին լուրջ դիմադրության են հանդիպում:

«Բնականաբար այդ ամենը տեղափոխվում է մեդիա և լցնում մեր լրատվամիջոցների բովանդակությունը»,-հավելում է Նավասարդյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ խնդիրը շատ ավելի խորն է, քանի որ Հայաստանում պետական մակարդակով աշխատանք չի տարվում, որպեսզի խտրական վերբերմունքը տարբեր փոքրամասնություների նկատմամաբ վերանա:

«Ընդհակառակը ոչ միայն չի տարվում, այլև նպաստում են այդ խտրականության և ատելության կոչին, որովհետև այդ նույն թերթերի հովանավորները գիտենք ովքեր են ու ինչ դիրք են բռնում իշխանության մեջ: Եթե իշխանության մեջ չլիներ այդպիսի մոտեցում, ապա այդ լրատվամիջոցները այդպես չէին լուսաբանի: Կամ եթե վիրավորանքի հիմքով նրանք դատվեին «Քաղաքացիական օրենսգրքով», ապա դժվար է ասել այդ նույն բանը այդ լրատվամիջոցները երկրորդ անգամ կանեին, թե ոչ»,-նշում է Իշխանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ խնդիրը ոչ թե օրենսդրական կարգավորման մեջ է, այլ վերաբերմունքի փոփոխման:

«Բոլոր հեռուստաընկերություները լուսաբանում են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների ասուլիսները, որոնք դեմ են խոսում կրոնական կազմակերպությունների դեմ, բայց երբ ասուլիս են տալիս այլ կրոնական կազմակերպությունները, չեն լուսաբանում, կամ որևէ  մեկնաբանություն չեն դնում հակառակ կողմից: Կարելի է ասել, որ խրախուսվում է ատելության կոչը և խտրական վերաբերմունքը պետական մակարդակով»,-ընդգծում է Իշխանյանը:

Իրավապաշտպանները կարծում են, որ «Հավասարության մասին» օրենքի ընդունումը շատ կարևոր դեր կունենա խտրականության կանխարգելման, խտրականության տեսակների սահմանման և իրավական պաշտպանության տեսանկյունից: Մյուս կողմից կարևորում են լրագրողների վերապատրաստումն ու նրանց կողմից էթիկական նորմերի պահպանումը:

«Ավելի կարևոր է, որպեսզի լրագրողական էթիկան պահպանեն, իրազեկվեն ու կրթվեն, թե ինչպես պետք է լուսաբանել փոքրամասնությունների իրավունքներն ու չեզոք լինել: Այլ ոչ թե արտահայտեն իրենց սեփական համոզմունքները նյութերում ու փաթաթեն ուրիշների վզին: Հանրային իրազեկումը կարևոր գործիք է նրանց ձեռքին, բայց դրանով լրագրողները չպետք է իրենց համոզմունքները թելադրեն հանրությանը»,-ընդգծում է Հովսեփյանը:

Բորիս Նավասարդյանը նույնպես կարևորում է լրագրողների վերպատրաստումը, սակայն անհրաժեշտություն չի տեսնում նման դեպքերում լրագրողներին պատասխանատվության ենթարկելու համար առանձին օրենսդրական կարգավորումներ մտցնելու:

«Սահմանադրությունում արդեն ասվում է, որ որևէ թշնամանք սեռական, ազգային, ռասսայական, կրոնական պատկանելիության հիմքով անթույլատրելի է: Եթե դա հրապարակային է, զանգվածաբար է տարածվում, ապա այստեղ լրագրողների և քաղաքացիների պատասխանատվությունը չէի տարբերակի: Միջոցն է կարևոր և անձի պրոֆեսիոնալ պատկանելիությունը մեծ նշանակություն չպիտի ունենա: Լրագրողների հետ կապված հարցերը այստեղ պետք է լուծվեն ինքնակարգավորման և էթիկայի վարքականոնների կիրառման շրջանակում, ոչ թե պետության միջամտությամբ, օրենքների միջոցով»,-ընդգծում է Նավասարդյանը:

Իշխանյանը ընդգծում է, որ այսօր փոքրամասնություններն իրենց մասին որևէ խտրական կամ ատելության կոչերով ողողված հոդված տեսնելիս, փորձում են «լեզու գտնելով» արդյունքի հասնել, որպեսզի իրենց նկատմամբ չլինեն ոտնձգություններ:

«Մինչդեռ նրանք պետք է ավելի շատ գնան հասարակական պաշտպանության, ասուլիսների, հայտարարությունների և իրավական ճանապարհով՝ դիմելով ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա կարող է բավականին արդյունավետ լինել, և ես խորհուրդ կտայի փոքրամասնություններին ակտիվ լինել այդ հարցում, գնալ դատական ճանապարհով իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Շատ վիրավորական է, երբ բացահայտ ստեր են խոսում նրանց մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում»,-ասում է Իշխանյանը:

Դանիելյանն էլ հավելում է, որ արդյունավետ կլինի, եթե «Հավասարության մասին» օրենքով երրորդ կողմը՝ հասարակական կազմակերպությունը, նույնպես կարողանա դատի տալ:

«Հիմա չեն կարող տալ, որովհետև իրենք տուժող չեն, իսկ տուժած անձինք շատ հաճախ խուսափում են դատարան դիմել, երբ մեդիայում նման վարկաբեկիչ, խտրականություն ու ատելություն տարածող նյութեր են հրապարակվում»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Լիլիթ Առաքելյան

MediaLab.am