«Այնպես է ստացվում, որ ինչ Ադրբեջանն անում է, ենթարկվում ենք»․ Ըստ վերլուծաբանների, Սարգսյան֊Ալիեվ հանդիպումից «դրական սցենար չպետք է ակնկալել»

16-06-2016
3242 դիտում
«Այնպես է ստացվում, որ ինչ Ադրբեջանն անում է, ենթարկվում ենք»․ Ըստ վերլուծաբանների, Սարգսյան֊Ալիեվ հանդիպումից «դրական սցենար չպետք է ակնկալել»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը փաստում է, որ Հայաստանը նորից ենթարկվել է Ռուսաստանի շանտաժներին ու ճնշումներին: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ ով վտանգներ է տեսնում այս հանդիպման մեջ:

«Ինքնին այդ հանդիպումը, որից ԵԱՀԿ-ն միանգամից հրաժարվեց՝ ասելով, որ կապ չունի այդ հանդիպման հետ, խոսում է նրա մասին, որ երեք կողմերն էլ խախտեցին մինչ այդ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը: Հայաստանը և Ադրբեջանը դա խախտեցին՝ որպես բանակցության կողմեր, իսկ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Սակայն այստեղ կա տարբերություն. Ռուսաստանն ու Ադրբեջանը դա արեցին, որովհետև երբեք չեն էլ թաքցրել, որ դա բխում է իրենց շահերից, նրանք երբեք չեն էլ թաքցրել իրենց բուռն ցանկությունը՝ պայթեցնել Մինսկի խմբի ներկայիս ձևաչափը և հիմնախնդիրը տեղափոխել ռուսական դաշտ: Բայց Հայաստանի շահերի տեսակետից դա հակացուցված էր»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հունիսի 20-ին:

ԵԱՀԿ-ն շտապեց հայտարարել, որ չի մասնակցում այս եռակողմ հանդիպման կազմակերպմանը, հետևաբար չեն կարող այն մեկնաբանել: Հայաստանում իշխանության ներկայացուցիչները, թեև մեծ ակնկալիք չունեն այս հանդիպումից, սակայն ճիշտ չեն համարում հանդիպումներից հրաժարվելը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ որ կամ պետք է դուռը շրխկացնել ու գնալ, ինչը ճիշտ չէ, քանի որ դեմարշ կլինի, կամ էլ պետք է աստիճանաբար աշխատել ու հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա լիարժեք բանակցային կողմ:

Մինչ այդ, հայկական կողմը բացառում էր նոր հանդիպումը, քանի դեռ կյանքի չէին կոչվել Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցից գլխավորը շփման գծում հետաքննությունների մեխանիզմների տեղադրումն էր:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ այս հանդիպման փաստը խոսում է այն մասին, որ հայկական կողմը չգտավ հակախաղ՝ ռուսական շանտաժին դիմակայելու համար:

«Իսկ մեն տեսնում ենք, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ համատեղ է գործում: Ես վստահ եմ, որ ճնշում է եղել, այլ կերպ չէր կարող լինել: Երբ Մինսկի խմբի համանախագահ երկրները ստորագրել էին ամփոփիչ փաստաթուղթը, մենք տեսանք, որ այդտեղ տեղ էին գտել ձևակերպումներ, որոնք մշտապես առաջ է քաշել հայկական դիվանագիտությունը: Եվ այդ թեզերին մինչ քառօրյա պատերազմը դեմ է եղել Ադրբեջանը, և Ռուսաստանն է օգնել Ադրբեջանին, բարոյապես ու քաղաքականապես աջակցեց, որպեսզի նա վիժեցնի բոլոր ջանքերը: Հետևաբար ես չեմ կարծում, որ հայակական կողմն ինքնասպան է, այլ ուղղակի հայկական կողմին ստիպել են»,- նշում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այլ հարց է, որ հայակական կողմը ոչ մի հակազդեցության ռազմավարություն չի ունեցել և ընդամենը տրվել է ռուսական շատաժին, ինչը խոսում է այն մասին, որ այսօր Հայաստանի իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի շահերը:

Քառօրյա պատերազմի հետո Սերժ Սարգսյանը բանակցություններին վերադառնալու համար երեք պայման էր դրել: Դրանք էին վստահության մեխանիզմների ներդրումը, հասցեական գնահատականների հնչեցումը և երաշխիքներ միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը չի սկսի նոր ռազմական ագրեսիա: Գնալով Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը՝ Հայաստանը կարծես հե՞տ է կանգնում իր պայմաններից: Այս հացրին ի պատասխան Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ Վիեննայում տեղի ունեցախ հանդիպումից հետո հայկական կողմի հենց այս մտահոգություններն էլ ներառվեցին փաստաթղթի մեջ: Եվ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նույն ձևաչափով պետք է տեղի ունենար հունիսյան հանդիպում, որի ժամանակ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված վերջնական որոշումներ պետք է ընդունվեին:

Բայց, ըստ վերլուծաբանի, մենք տեսանք, որ Ռուսաստանաը փորձեց անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունաներ, և դա բխում էր նաև Ադրբեջանի շահերից: Ցավոք սրտի, այդ պարտադրանքն՝ ընդդեմ Հայաստանի, աշխատեց:

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանն արձանագրում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում շարունակում են անսկզբունքային լինել:

«Մի բան հայտարարում են, հետո, թե՝ վայ, չի ստացվում, բա ի՞նչ անենք: Նույն մոտեցումն է, ես ոչ մի նորություն չեմ տեսնում: Իրենք էլ չգիտեն, թե գնալու են այնտեղ ինչ անեն: Այնքան է, որ պետք է գնան ու պտիչկա դնեն: Ես կարծում եմ, որ հստակ սկզբունք չկա, դրա համար էլ գնում են»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նենագափոխում է իրավիճակը, փորձում է խուսափել Վիեննայում ձեռք բերված համաձայնություններից, պարզ երևում է, որ Ռուսաստանի օգնությամբ փորձում է ձևաչափ փոխել:

«Այս ամենը շատ պարզ է: Հիմա հայկական մոտեցումը ո՞րն է: Տվյալ պահին այպես է ստացվում, որ ինչ Ադրբեջանն անում է, ենթարկվում ենք»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Մասնագետի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման գնալու փոխարեն հայկական կողմը պետք է դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբին և ասեր, որ այս պայմաններում Ադրբեջանը պայմանավորվածությունները չի կատարում, թող նրանք ադեցություն գործեն, որպեսզի կատարի:

«Եթե մարդիկ համաձայնության են գալիս, հետո հրաժարվում են, իմաստը ո՞րն է որևէ բանակցություն վերսկսելու: Հրաժարվելն ի՞նչ է, դա մեղք չէ՞, դրա համար պատասխանատվություն չի կրո՞ւմ այդ երկիրը: Եթե չի կրում պատասխանատվություն, նորից բանակցելու իմաստը ո՞րն է: Պետք է երաշխիք ունենաս, որ դիմացինդ պայմանավորվածություն պահող է, որպեսզի իմանաս ինչ պայմանավորվածության գնաս»,- ասում է նա:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ այս հանդիպումից ակնկալիք չպետք է ունենալ: Ակնկալիքն այն է, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն դառնան, պետք է հետևել, որ դրանք իրականություն դառնան: Այնինչ, ապրիլի 4-ից սկսած, ըստ Մանվել Սարգսյանի, Հայաստանը գնալով մոռանում է իր հայտարարությունները ու փոփոխում դիրքորոշումը:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նույնպես կարծում է, որ այս հանդիպումից Հայաստանի ու Արցախի համար դրական սցենար չպետք է ակնկակել:

«Միակ լավ բանը կլինի այն, որ այնտեղ վատ բան տեղի չունենա: Հետևաբար, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այնտեղ որևէ պարտավորություն չստանձնի, գրողի ծոցն ուղարկի Պուտինին էլ, Ալիևին էլ՝ իրենց սեպարատ նախաձեռնություններով, որոնք Մինսկի խմբի ձևաչափից դուրս են տանում գործընթացը: Սա է հայկական կողմի այսօրվա անելիքը, հայկական կողմը կարող է իր սխալն ուղղել այդ ճանապարհով»,- ասում է Մեհրաբյանը:

Նա հավելում է, որ սա ևս մեկ անգամ պետք է ցույց տա Հայաստանի քաղաքացիներին, որ Ռուսաստանի հետ ստորագրած որևէ փաստաթուղթ չարժե նույնիսկ այն թուղթը, որի վրա այն գրված է: Եվ այն խոսակցությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, դա այդպես չէ: Ըստ Մեհրաբյանի՝ ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է, և այս հանդիպումն այդ սպառնալիքի դրսևորումներից մեկն է:

Էմմա Մանուկյան

Նկարազարդումը՝ «Մեդիալաբ»

www.MediaLab.am