«Մենք հիմա շատ մոտ ենք կանգնած Ադրբեջանին՝ մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերով»․ Իրավապաշտպաններ

20-06-2016
2543 դիտում
«Մենք հիմա շատ մոտ ենք կանգնած Ադրբեջանին՝ մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերով»․ Իրավապաշտպաններ

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն իշխանության ամենաբարձր օղակների քաղաքական որոշման հետևանք է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով նկատում է, որ այս ձերբակալությունը նախագահական նստավայրում կայացված որոշման հետևանք է:

«Քաղաքական հետապնդում է իրականացվում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, ակնհայտ է նրա նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը՝ նրան քաղաքացիություն չտալը և այլն: Ապրիլյան պատերազմից հետո, երբ իշխանությունները տարածք հանձնեցին, և դրա բացահայտողը Ժիրայր Սեֆիլյանն էր, այդ նեգատիվ տրամադրությունները նրա նկատմամբ ավելի ու ավելի մեծացան: Սա ուժային մեթոդով ակնհայտ ճնշում է Սեֆիլյանի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»:

Սեֆիլյանի տանն իրականացված հետախուզության ժամանակ այսօր հայտնաբերվել է ընդամենը երկու հեռախոս, հին նամակ ու թուղթ, որի վրա Հիմնադիր խորհրդարանի անդամների հեռախոսահամարներն են եղել:

Ժիրայր Սեֆիլյանն ազատությունից զրկվում է արդեն երրորդ անգամ: Նախորդ անգամ նա ձերբակալվել էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ, քանի որ նախաձեռնել էր «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով գործընթացը: Այն ժամանակ ձերբակալության պաշտոնական հիմնավորումը հետևյալն էր. «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թ. ապրիլի 24-ին ՀՀ տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»:

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ Սեֆիլյանի առաջին ձերբակալության դեպքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել էր նրա անմեղությունը՝ ապօրինի կալանքի տակ պահելը:

«Երկրորդ անգամ հանրությունը տեսավ, թե դա ինչ խայտառակ ձերբակալություն էր, ինչ ապացույցներով էին նրան ձերբակալել: Իսկ հիմա կարծում եմ, որ Ղարբաղյան հարցի համատեքստում են ձերբակալել: Նա շատ հարցերում վճռական ու անզիջում է»,- հավելում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ միայն ձերբակալության վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է:

«Երբ նրանք գրել են, որ հիմնավորված են ապացույցները, նրանք իրավունք չունեն դա անելու, անձին զրկում են պաշտպանվելու իրավունքից: Այս վերաբերմունքը, իրավապահների այս մոտեցումը, իրավապահներ, որոնք կատարում են իշխանության իջեցրած պատվերը, ուղղակի մոլուցքի է նման: Սա ակնհայտ ու բացահայտ տրամադրվածություն է Սեֆիլյանի նկատմամբ, սա քաղաքական որոշում է և հետապնդում՝ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ընդդիմադիր հայացքների համար»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նկատում է, որ պաշտոնական տեղեկատվության հիման վրա կարծիք կազմելը Հայաստանում բավականին վիճահարույց է, որովհետև վստահություն չկա իրավապահ մարմինների հանդեպ, և շատ հավանական է, որ սա իսկապես քաղաքական հետապնդում է:

«Երկրորդը, եթե անգամ ընդունենք, որ Ժիրայր Սեֆիլյանը զենքեր է կուտակել և այլն, եթե դա ճիշտ է, ապա հետևյալ հարցն է ծագում: Վերջին շրջանում նա ասում էր, որ այդ գրաված բարձունքները պետք է ետ բերել, մանավանդ հանրապետության նախագահի խոսքից հետո, երբ ասել էր՝ ով ուզում է, թող գնա հետ գրավի: Այստեղից շատ տրամաբանական է, որ գրավելու համար զենք էր պետք: Շատ հավանական է, որ զենքը լինի այս համատեքստում, ոչ թե ուղղված լինի Հայաստանում զինված հեղաշրջում կազմակերպելուն, որը ես բացառում եմ»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նա նշում է, որ բացառում է զենքով հեղափոխություն անելու վարկածը, քանի որ լինելով արմատական ընդդիմադիր՝ Ժիրայր Սեֆիլյանը ներքաղաքական կյանքում միայն կողմ էր խաղաղ և ոչ թե բռնության մեթոդներին:

«Այս տեսակետից իմ նախնական կարծիքն այն է, որ մենք ունեցանք հերթական քաղաքական հետապնդվողն ու քաղաքական բանտարկյալը: Ուղղակի հարցն այստեղ այն է, որ եթե իսկապես զենքեր են կուտակվել, ինչին թերահավատորեն եմ ես վերաբերում, հատուկ ծառայությունները դրա մասին իմացել են և գուցե իրենց դրդմամբ է դա նաև եղել»,- նշում է նա:

Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունները միայն կարող են աշխատել հարմարվող ընդդիմության հետ, իսկ Ժիրայր Սեֆիլյանը հարմարվող չէր: Իսկ չհարմարվողների հետ շատ դաժան են վարվում՝ ձերբակալելով:

«Սեֆիլյանին արդեն երրորդ անգամ են բանտարկում, բայց նա հետևողականորեն պայքարում է՝ ի տարբերություն մեր մյուս ուժերի»,- նկատում է նա:

Իշխանյանն ասում է, որ Հայաստանում ամեն ինչ կարելի է խոսել, սուր քննադատել, ընդհուպ մինչև հայհոյել իշխանությանը, բայց եթե հանկարծ իշխանությունը վտանգ տեսնի, որ հնարավոր է այդ ամենը վտանգի իր իշխանությանը, ապա նրանք ամեն մեթոդի դիմում են՝ չեզոքացնելու այդ վտանգը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես նկատում է, որ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ձերբակալությունն ընդամենն ավելացնում է քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում: Սա, ըստ նրա, միտում ունի հասնել այն թվերին, որոնք կան Ադրբեջանում:

«Մենք հիմա շատ մոտ ենք կանգնած Ադրբեջանին՝ իրենց քաղբանտարկյալների առկայությամբ, մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերով: Մենք գիտենք, որ երբ իրավապահներին ազատություն է տրվում, ինչպես այս դեպքում, ինչպես են իրականացնում այդ գործողությունները: Իրավապահների այս գործողություններով Հայաստանն ուղղակի բացարձակապես կորցնում է իր հեղինակությունը, ուղղակի երկիրը գահավիժում է անդունդ»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am