«Մենք պետք է իշխանության բերենք երիտասարդներին, որոնք կոռումպացված չեն, հիմա աննախադեպ բարենպաստ իրավիճակ է»․ Տիգրան Խզմալյան

22-06-2016
«Մենք պետք է իշխանության բերենք երիտասարդներին, որոնք կոռումպացված չեն, հիմա աննախադեպ բարենպաստ իրավիճակ է»․ Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբը» երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ իրադարձությունների շուրջ խոսել է հասարակական գործիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարոն Խզմալյան, զրուցենք ապրիլյան պատերազմից հետո երկրում ստեղծված վիճակից ու ի հայտ եկած խնդիրներից, բայց մինչեւ այդ, անդրադառնանք հասարակական հնչեղություն ստացած վերջին դեպքին`Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը:

-Ժիրայրի ձերբակալությունը բազմաշերտ խնդիր է Մենք վաղուց արդեն կորցրել ենք ինքնիշխանությունը եւ հանդիսանում ենք Ռուսաստանի գաղութ, իսկ Ռուսաստանը, վերջին տարիներին սարսափելի արագությամբ ոստիկանապետությունից ուղղակի դառնում է կոշտ ստալինյան ոճի բռնապետություն եւ ինչ-որ տեղ արդեն անցնելով նաեւ Հայաստանին: Ինձ թվում է, որ վերջին ձերբակալությունները նույնպիսի սադրանք են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, Ռուսաստանի` Կրեմլի եւ ԿԳԲ-ի կողմից, ինչպիսին ապրիլյան պատերազմն էր: Երկու դեպքում էլ նպատակը նույնն է` դա դավադրություն է Հայաստանի պետականության դեմ, դա փորձ է ստեղծել քաոս, անտերություն: Այնպես չէ, որ մենք չգիտեմ ինչ օրինական պետություն ենք, ոչ, բնականաբար, սակայն մեր ինքնուրույնության այս վերջին նշույլները, կարող են տապալվել եւ սա փորձ է քաղաքացիական պատերազմ սանձազերծելու` նենգ նպատակով: Որքան էլ շատերին զարմանալի թվա, Սերժ Սարգսյանը խոչընդոտ է հանդիսանում Պուտինի այդ վերջին փորձերին, որովհետեւ գոնե ապրիլից սկսած նա դիմադրության նշաններ է ցույց տալիս: Դրա ապացույցն այն է, որ նա չկատարեց ամենակարեւոր առաջադրանքը, որը դրված էր իր առջեւ` նա Արցախ չկանչեց ռուս զինվորներին, այսպես կոչված խաղաղապահներին: Երկրորդ, նա մեկնեց Բեռլին եւ այնտեղ հայտարարեց, որ փաստորեն հրաժարվում է Ռուսաստանի հովանավորությունից: Իհարկե, մենք բոլորս պահանջում եւ ակնկալում ենք ավելին, բայց նկատի ունենալով նրա կենսագրությունը, պետք է գնահատել, որ նա իր անձնական հնարավորությունների սահմաններում խիզախություն ունեցավ մարտահրավեր նետել եւ վերջին ձերբակալությունները կատարվեցին մի քանի ժամ անց նրա մեկնելուց հետո: Ես պատահաբար տեսել էի, թե ինչպես է մեկնում նրա էսկորտը, ես տեսա ինչպես նա մեկնեց օդանավակայան, որոշ ժամանակ անց եկան առաջին լուրերը, իմ ընկերները տեղեկացրին, որ ձերբակալություններ եւ խուզարկություններ են: Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ սա փորձ էր ապակայունացնել իրավիճակը նաեւ նրան դաս տալու համար:

-Այսինքն, Դուք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը դիտարկում եք արտաքին մարտահրավերների ֆոնի ներքո՞, ո՞չ որպես ներքին քաղաքական հաշվեհարդար:

-Այո, միանշանակ, ընդ որում դա շատ հեշտ է ապացուցել: Հիշեք, երբ էին ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին նախորդ անգամ եւ երբ էին ձերբակալել Շանթ Հարությունյանին: Երկու դեպքում էլ դա նախորդում էր Պուտինի այցերին Հայաստան, եթե հիշենք նրա չարաբաստիկ այցը Գյումրի եւ հաջորդ այցը Երեւան, հենց դրանց հետ էին կապված Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունները եւ Շանթինը, այսինքն, ձերբակալում են իրականում մի բանի համար, երբ մարդիկ ընդդիմանում են Ռուսաստանին: Ժիրայրի դեպքում դա այդպես չեղավ, Ժիրայրը, ցավոք, չգնաց այդ ճանապարհով, նա շատ զգույշ էր վարվում եւ չէր հակադրվում ռուսական բռնակալությանը, այնուամենայնիվ, նրան օգտագործեցին տվյալ դեպքում որպես զոհ, նրան զոհաբերեցին այդ նենգ դավադրությանը: Վստահ եմ, որ դա բավականին շուտ կփոխվի եւ նա ազատություն կստանա:

-Քառօրյա պատերազմից հետո երկրում իրավիճակ, հասարակական տրամադրություններ փոխվեցին, նաեւ բազմաթիվ խնդիրներ ջրի երես դուրս եկան` կոռուպցիոն դրսեւորումներից մինչեւ այնպիսի հարցեր, թե ինչու էր հակառակորդի հարձակումն անսպասելի, եթե շարունակ զորքերի տեղաշարժեր էր նկատվում, անգամ տեսանյութ տարածվեց…

-Բոլոր Ձերն նշած փաստերը պետք է տեսնել ենթատեքստում եւ այդ ենթատեքստը միջազգային է: Մենք հաճախ սխալվում ենք եւ շատ բաներ սխալ ենք մեկնաբանում կամ չենք հասկանում, որովհետեւ դիտում ենք դա որպես ներքին ` զուտ հայկական իրողություն: Ոչ: Մենք գտնվում ենք հսկայական տեղաշարժերի կիզակետում եւ ապրիլյան պատերազմը նույնպես ուներ արտաքին պատվիրատու, դա նույն պատվիրատուն է ` Կրեմլը եւ Լուբյանկան, կարծեմ հիմա միայն քարերը չեն խոսում այդ մասին Հայաստանում: Այստեղ միայն զենքի վաճառքի հարցը չէ, դա միջոց է, նպատակն այն է, որ Ռուսաստանը չի ճանաչում հետխորհրդային երկրների եւ մասնավորապես Հայաստանի ինքնուրույնությունը , հետեւաբար ապրիլյան պատերազմը երկու երկրներին սանձելու , էլ ավելի Ռուսաստանին կապելու նպատակ էր հետապնդում եւ ամենակարեւորը, այնտեղ նաեւ արտաքին քաղաքական հարց էր լուծվում` ռուսդական զորքերը հույս ունեի դուրս գալ Իրանի սահմանի վրա, Հադրութ-Հորադիզի ուղղությամբ եւ նաեւ Բաքու –Ջեյհան նավթամուղի վրա, ինչը ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը , ոչ էլ Իրանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան թույլ չտվեցին անել: Ռուսաստանն այստեղ միայնակ գտնվեց: Ինչ վերաբերվում է ապրիլյան պատերազմի ամենակարեւոր արդյունքին, այստեղ կա եւ ներքին մոբիլիզացման խնդիրը եւ արտաքին: Արտաքինի մասին ես գրեցի անմիջապես պատերազմից հետո` դա պուտինիզմի պարտությունն էր Հայաստանում: Հայաստանում շատերը շատ արագ սթափվեցին եւ այդ չարաբաստիկ առասպելը ռուս փրկիչների մասին հօդս ցնդեց:

-Իսկ ի հայտ եկած խնդիրները՞, ինչ՞ վկայությունն են:

-Բանակին երկար ժամանակ փորձում էին զերծ պահել հասարակական քննարկումներից, բայց բանակը առավել քան որեւէ այլ ոլորտ, հասարակական երեւույթ է եւ ժողովրդական է, որովհետեւ ոչ մի այլ պետական համակարգում այդքան հասարակության ներկայացուցիչ չկա, ամեն մի ընտանիք զավակ ունի այնտեղ, այնպես որ դա հասարակության ամենաառաջապահ մասն է եւ ռազմական եւ քաղաքական եւ սոցիալական առումով, դա մեր ապագան է, այնտեղ մեր երեխաներն են, մեր 18-20 տարեկան քաղաքացիները, այնպես որ դա չի կարող լինել մենաշնորհ: Բանակում փորձում էին անել մենաշնորհ եւ արեցին ու ստացան այն, ինչին բերում են բոլոր մենաշնորհները` կոռուպցիա, գողություն, չարաշահումներ եւ ամենակարեւորը` քսանչորս ժամում մահացան շուրջ 80 երիտասարդներ եւս 20-ը` մահացան երեք օրերի ընթացքում: Այսպիսի խայտառակություն, այսպիսի դաժանություն մենք պատերազմի ժամանակ չենք տեսել: Ես երեք ու կես տարի աշխատել եմ Արցախում որպես հեռուստալրագրող, ես չեմ հիշում օր, որ մենք մի օրվա ընթացքում 80 զոհ ունենանք։

-Հասարակության մեջ ընդվզման, այս ամենին վերջ դնելու ցանկություն տեսնո՞ ւ եք, եթե սրան ավելացնենք նաեւ սոցիալական խնդիրները, որոնք կարող են առաջանալ ` վերջին հարկային փոփոխությունների բեռի հետեւանքով:

-Ցավոք սրտի մեր հասարակությունը քառորդ դարվա ընթացքում իր մեջ ներուժ չգտավ փոխելու իրավիճակը դրսից: Ինչ-որ տեղ դա պարզ է, որովհետեւ մեր իրական թշնամին վարչախումբը չէ: երեք նախագահներն էլ, այսպես, թե այնպես, հանդիսանում էին Ռուսաստանի դրածոներ, այնպես որ մեր ազատությունը երրորդ անգամ կգա այնպես, ինչպես եկավ 18 թվականին առաջին անգամ եւ երկրորդ անգամ` 1991 թվականին, մեր ազատությունը կգա, երբ որ հերթական անգամ կփլուզվի ռուսական կայսրությունը: Փառք Աստծո, ճակատագրի բերմամբ, դա կատարվում է մեր աչքի առջեւ եւ շատ շուտով մենք դա կտեսնենք, հետեւաբար, մեր հասարակության գլխավոր խնդիրը հիմա ներքին մոբիլիզացումն է, այն պետք է կատարվի, որպեսզի չստեղծվի վակուում եւ այդ վակուումի մեջ նորից դիմակներ փոխած չգան նույն չեկիստները, կարիերիստներն ու գողերը, ինչպես եղավ ինսունականների սկզբին: Մենք պետք է սերնդափոխություն ապահովենք, իշխանության բերենք երիտասարդներին, որոնք կոռումպացված չեն, ստացել են կրթություն, հատկապես նոր սփյուռքի երիտասարդներին: Մենք շատ արագ պետք է կատարենք այն բարեփոխումները, որ չենք արել քսան տարի շարունակ: Մենք դա կարող ենք անել, հիմա աննախադեպ բարենպաստ իրավիճակ է: Մեր կողմն է անցնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը` Միացյալ Նահանգները, Եվրոպան, Իրանը, անգամ Չինաստանը, նրանք ունեն շատ կոնկրետ քաղաքական շահեր Հայաստանում, այնպես որ այդ առիթը պետք է օգտագործել: Հայաստանում օր առաջ պետք ծնվի եվրոպական ուղղվածության քաղաքական ուժ, որը հասարակությանը կպատրաստի մեր ապագա գործունեությանն ու կյանքին եվրոպական ընտանիքում: Հիմա դա ամենակարեւորն է, մենք պետք է վերջնականապես արմատախիլ անենք սովետական ժանգոտ թույնը մեր մեջ եւ բացվենք աշխարհի համար, նախ եւ առաջ Եվրոպական Միության: Իմ խորին համոզմաբ, դա մեր միակ ճանապարհը:

Անի Սայադյան

MediaLab.am