«Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի հետ միասին». Ըստ վերլուծաբանների՝ թևակոխում ենք «խիստ վտանգավոր» ժամանակաշրջան

13-07-2016
9512 դիտում
«Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի հետ միասին». Ըստ վերլուծաբանների՝ թևակոխում ենք «խիստ վտանգավոր» ժամանակաշրջան

Վերջին օրերին ռուսական կողմի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, և առաջիկայում սպասվում է ՌԴ նախագահի այցը Ադրբեջան, փաստում են, որ շարունակվում է այն, ինչ տեղի էր ունեցել նախքան ապրիլյան պատերազմը: Իսկ Հայաստանն այդ ամենին նայում է մատների արանքով, ինչպես նայում էր նախքան ապրիլյան պատերազմը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը  հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ռազմա-տեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ համաձայն կնքված պայմանագրերի: Նա նշել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ սեպտեմբերին սպասվում է ՌԴ նախագահի այցը Ադրբեջան:

«Տեղի է ունենում այն, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը, բացի ներքին վերադավորումներից, մնացած որևէ ոլորտում որևէ պրակտիկ հետևություն չի արել: Եվ նարկայումս, այո, մենք թևակոխում ենք բավական բարդ ժամանակաշրջան, եթե չասեմ՝ խիստ վտանգավոր, և կարող ենք կագնել ցավալի փաստերի առաջ»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ նախապատրաստում է հերթական պատերազմը: Հայաստանն այս պայմաններում պետք է իր քաղաքականությունն ուղղի երկու ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի լուծմանը: նախ չպետք է թույլ տա, որ ռուս-ադրբեջանական այս գործակցությունը բերի նոր պատերազմի, այն վիճակին, ինչ տեղի ունեցավ երեք ամիս առաջ:

Երկրորդը, ըստ Մեհրաբյանի, Հայաստանն այսօր կորցնում է իր պետականությունը, պետք է վերականգնի իր՝ սուվերեն որոշում ընդունելու բոլոր մեխանիզմները: Եթե այս մեծ ռազմավարական շրջադարձը Հայաստանը չկատարի, մենք կկանգնենք խնդրի առաջ:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատում է, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հերթական հայտարարությունները նշանակում են, որ Ռուսաստանը կողմ է պատերազմը շարունակելու Ադրբեջանի քաղաքականությանը: Ըստ նրա՝ զենք մատակարարելը, անկախ նրանից, Ադրբեջանին պետք է այդ զենքը, թե ոչ, կմատակարարեն այդ զենքը, թե ոչ, այդ հայտարարությունն արդեն իսկ խոսում է այդ մասին:

«Կարող ենք ասել, որ Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի հետ միասին: Փաստորեն մյուս կողմերի ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի կանգնեցնեն այդ պատերազմը»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում հայկական կողմը պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք կատարի, որպեսզի կարողանա խուսափել այդ պատերազմից:

Հայկական կողմը նաև պետք է հանրային կարծիքը նախապատրաստի խնդրի լուծմանը: Աղասի Ենքոյանը նաև նկատում է, որ խնդրի լուծումը ըստ Սերժ Սարգսյանի հետևյալն է՝ մենք պատրաստ ենք այդ հողերը փոխանակել անվտանգության ավելի բարձր երաշխիքի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման դիմաց:

«Եթե ցանկանում ենք ղարաբաղյան խնդրի լուծում, հողեր զիջելն անխուսափելի է: Եթե չենք ցանկանում լուծում և ցանկանում ենք հարատև պատերազմ, ուրեմն կարող ենք չզիջել»,- ասում է Ենոքյանը:

Ըստ վերլուծաբանի, եթե չլինի նման զիջում, պատերազմն անխուսափելի է, բայց ամբողջ խնդիրը հիմա այն է, որ այնպիսի բանակցային գործընթաց է ընթանում, որպեսզի խուսափեն պատերազմից:

Ինչ վերաբերում է Վիեննայում ձեռք բերված կարևորագույն համաձայնություններին, որոնցից էր սահմանին հետաքննության մեխանիզմենրի ներդրումը, Աղասի Ենոքյանը նկատում է, որ Ադրբեջանը կարծես կամաց-կամաց համաձայնվում է դրան:

«Նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ նա համաձայնվել էր Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին, ինչը նույնպես հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմի մի մաս է»,- ասում է Ենոքյանը:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով կայացվող հանդիպումներին անդրադառնալով՝ վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ ի վերջո այդ հանդիպումները պետք է տեր ունենան:

«Եթե Հայաստանը Վիեննայում հասավ բավական կարևոր պայմանավորվածությունների, հետո իր ոտքով գնաց Պետերբուրգ և ջրեց այդ բոլոր պայմանավորվածությունները, էլ Մինսկի խումբ ինչ քար խփի  իր գլխին: Հայաստանը պետք է ի վերջո սովորի Ռուսաստանին ոչ ասել: Այդ ոչ-ը ռուսերեն հնչում է нет, այդ нет-ը պիտի ասվի»,- հավելում է նա:

Մեհրաբյանը նաև նկստում է, որ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակը վտանգավոր հայտարարություններ է անում:

«Տիկին Զախարովան վեր է կենում և ասում, որ գոյություն ունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբեր ձևաչափեր ու սկսում է թվել: Երևանից ոչ ոք չասաց՝ ոչ, տիկին Զախարովա, գլուխդ պատին ես տվել, ոչ մի տարբեր ձևաչափ էլ չկա, գոյություն ունի մեկ և կարող է գոյություն ունենալ բացառապես մեկ ձևաչափ, դա Մինսկի խումբն է: Իսկ Մինսկի խմբում դու և քո շեֆն ընդամենը մեկ երրորդն եք, ոչ ավելին: Եթե Հայաստանը դրան տիրություն չի անում, կանգնում է դեպի պատերազմ տանող ճանապարհին»,- հավելում է Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am