Կնասպանություն. Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություններ, որոնց համար պատասխան տալ պետք չէ

01-10-2016
68068 դիտում
Կնասպանություն. Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություններ, որոնց համար պատասխան տալ պետք չէ

2012 թվականին Արարատ քաղաքում իր տան խոհանցում ծաղկամանի  եւ դանակի 21  հարվածներով ամուսնու կողմից սպանվեց 35-ամյա Դիանա Նահապետյանը: Նրա քաղաքացիական ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը սպանությունը կատարել է Դիանայի՝ այն ժամանակ անչափահաս երկու դստրերի աչքի առաջ:

Դիանայի մայրը՝ Վալյա Նահապետյանը Հայաստանի արդարադատությունից սպասում էր հանցագործի նկատմամբ համարժեք պատիժ, որով գուցե ինչ-որ առումով կմեղմվեր սպանվածի հարազաների վիշտը: Մինչդեռ անցյալ տարի Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց՝ կնոջը դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանին դատապարտել ընդամենը 3.6 տարվա ազատազրկման: Հանցագործը պատիժը կրել է ընդամենը 6 ամիս, քանի որ 3 տարին արդեն մինչ դատական գործընթաց էր գնում, ազատազրկման վայրում էր: Նախնական մեղադրանքն էր՝  12 տարվա ազատազրկում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնակի դաժանությամբ սպանություն»):

Այս հոդվածը դատահոգեբանական 2 փորձաքննությունների եզրակացության հիման վրա փոփոխվել էր եւ դարձել 105-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով: Մեղադրանքը մեղմվել է դատահոգեբանական եզրակացության հիման վրա, ըստ որի մարդասպանը հանցանքը կատարել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում: 

Դիանա Նահապետյանի դուստրերը, ինչպես մշտապես պնդում է տիկին Վալյան, ոչ միայն մնացին առանց մայրական խնամքի, այլեւ հիվանդ տատու հույսին, ու մինչ օրս ուշքի չեն գալիս, հոգեկան ծանր  ապրումների մեջ են:

«Ցավալի է, որ մեր հասարակությունում, որտեղ մենք կնոջը հարգում ենք եւ կարծես թե մայրը համարվում է սրբություն, բայց կնոջ նկատմամբ բռնությունը հասարակությունում սովորական երեւույթ է դիտարկվում: Այս մասին են խոսում բազմաթիվ դեպքերը, երբ կանայք բարձրաձայնում են զուգընկերների, ամուսինների կողմից կատարվող բռնությունների մասին, նրանք մեր հասարակության կողմից դատապարատվում ու պախարակվում են: Ամուսնու կողմից խոշտանգված կնոջը մեր հասարակությունում ինչ ասես՝ ասում են, սկսում են արդարացնել բռնությունը: Ասում են՝  ուրեմն կինը մեղավոր է եղել, անբարոյական են համարում նման կանանց, ասում են՝ թող չհասցներ այդ աստիճանի: Հասարակությունը չի մտածում, որ դանակը ոսկորին է հասնում, կա ընտանեկան բռնություն եւ պետք է սպանությունն ու բռնությունը կանխարգելու մասին  մտածել»,-ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի «Արագ արձագանքման խմբի» ղեկավար Սոնա Հովակիմյանը:

Հովակիմյանը նշում է՝ Հայաստանի իրավապահ համակարգում նկատվում է մի միտում, երբ  կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից կատարվող բռնությունները մեղմացվում են, արդյունքում հասարակությունում անպետժելիության մթնոլորտ է ձեւավորվում:

2012 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում հղի Մարո Գուլոյանի մահը իրավապահ մարմինների կողմից համարվել է ինքնասպանություն: 2-ամյա դստեր մայրը՝ Մարոն, ըստ Հայաստանի արդարադատության, սեփական խալաթի գոտիով կախվել է: Մահվանից ժամեր առաջ Մարոն հայտարարել էր բռնարար ամուսու հետ հարաբերությունները խզելու մասին: Մարոյի ծնողները վստահ են՝ հղի կինը չէր կարող ինքնասպան լիներ, բացի այս, գոտիով կախվելու ոչ մի ապացույց չկար: Մարոյի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ կնոջ պարանոցին հայտնաբերված մատնահետքերը վկայում են, որ կինն, ամենայն հավանականությամբ, խեղդամահ է եղել ամուսնու կողմից: Մարոյի մահվան համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:      

Մեր երկրում ընտանեկան բռնությունները, որոնք ավարտվում են ամուսնու կողմից կնոջը դաժան սպանությամբ բազմաթիվ են. սպանությունների գերակշիռ դեպքերում արդարադատությունը համարժեք չի գործում: Կանայք, որոնք տարիներով խոշտանգվել են ամուսինների կողմից, մինչ սպանությունը, բազմաթիվ անգամ դիմել են իրավապահ մարմիններին, որոնք բռնարարներին այդպես էլ չեն զսպել, որպեսզի գոնե մահվան ելք չլինի:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոլիցիայի հրապարակած զեկույցի համաձայն թվականներին ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է 30 կին, մեր երկրում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 2000 դեպք, կոլիացիայի թեժ գծին 2013-2015 թվականներին 5 171 ահազանգ է եղել, իսկ ոստիկանության տվյալներով անցյալ տարի ընտանեկան բռնության 784 դեպք է գրանցվել, 2011-ին կատարված հարցումներից պարզվել է, որ հարցված կանանց 60%-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է 1 կամ մի քանի տեսակի բռնության:  Այս զեկույցում ընտանեկան բռնության  կին զոհերի դեպքերը սահմանվում են որպես կնասպանություն, որը հանրության կողմից ադեկվատ չի ընկալվում:

Հուլիսի 8-ին նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն ու նրա հայրը հրաշքով են փրկվել, սակայն մայրը՝ Կարինե Մանսուրյանը բռնարարի կողմից գործածված կացնի բազմաթիվ հարվածների հետեւանքով մահացել է: Կարինե Մանսուրյանի մահվան պատասխանատվությունն ընկնում է նաեւ Հայաստանի հանրապետության արդարադատության վրա: Այսպիսի հայտարարություն է արել կոալիցիան:

Բանն այն է, որ Թագուհի Մանսուրյանն ամիսներ առաջ դիմել էր իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ նախկին ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկում իրեն եւ մորը:

Դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «խոշտանգում» հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր Մարտիրոսյանին  դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նա ազատության մեջ էր: 

Նույն ժամանակաշրջանում նույն դատավորը՝ Նելլի Բաղդասարյանը որոշում էր կայացրել կալանավորել խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնող Վարդգես Գասպարիին, այն բանի համար իբրեւ թե նա վիրավորական արտահայտություններ է արել իրավապահ մարմինների հասցեին:

Հանրային պալատի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը զբաղվել է նաեւ Թագուհի Մանսուրյանի՝ խոշտանգման քրեական գործով, ասում է՝ դատարանը պետք է  Մարտիրոսյանի նկատմամբ ազատազրկումը կիրառեր, որպեսզի հանցագործը պետական հարկադրանքի ենթարկվեր ու հասկանար՝ չի կարելի բռնություն գործադրել եւ անպատիժ մնալ: Մինչդեռ նա, փորձաշրջանի ընթացքում, ազատության մեջ, առանձնակի դաժանությամբ եւ դիտավորությամբ հանցանք է կատարել:

«Որպես քաղաքացի ասեմ՝ մարդիկ, ովքեր իրենցից հասարակական վտանգ չեն ներկայացնում, իրենց իրավունքները պաշտպանելու համար մի փոքր ավել են արտահայտվում, կամ մի փոքր ավել գործողություն անում, նրանց դարձնում են լուրջ հանցագործներ: Բայց այդ մարդիկ ընդամենն իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել, եւ նաեւ ազգի շահերից են հանդես գալիս, ու սրան զուգահեռ տեսնում ենք իսկապես բռնություն գործադրողներ, որոնց նկատմամբ ավելորդ մարդասիրություն է ցուցաբերվում: Այս երեւույթը կա մեր արադարադատության համակարգում»,-ասում է Ֆարմանյանը:

Կնասպանության մասին զեկույցում բազմաթիվ են այն դեպքերը, երբ բռնարար ամուսինների կողմից դաժանությամբ սպանված կանանց հարազատները դժգոհ են դատարանի վճիռներից: Նույն զեկույցում նաեւ օրինակներ են բերվում, որ ընտանեկան  բռնության զոհերի վերաբերյալ դատական գործերը տարիներով հանգուցալուծում չեն ստանում: Ընդ որում, իրավապահ մարմինները կնասպանության դեպքերի մեծ մասում կարծես թե հանցագործությանը մեղմացուցիչ հանգամանքներ են վերագրում:

2015 թվականին Մալաթիա տոնավաճառի վարագույրների սրահում նախկին ամուսինը դանակի 31 հարվածներով սպանել է Հեղինե Դարբազյանին. Մինչ այս էլ Հեղինեն մշտապես բռնության է ենթարկվել նախկին ամուսնու կողմից:

Իրավապաշտպան, Կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանն ասում է ընտանեկան բռնության դեպքերով միջինը 9 տարի է լինում ազատազրկումը, բացի այս,  հաճախ նախաքննական մարմինը դեպքը որակում է որպես խանդի հողի վրա կատարված արարք, եւ այս նույն բանը շահարկվում է նաեւ դատարաններում եւ մեղադրանքը վերաորակավորվում է որպես աֆեկտի տակ կատարված հանցագործություն:

«Նման բան է կատարվել նաեւ այս կացնահարված ընտանիքի դեպքում: Նյութեր են պատրաստվել՝ 2 անգամ Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ  հարձակում Թագուհու եւ մոր կողմից, բայց խնդիրն այն է, որ իրավապահ մարմիններն  այն չեն որակել որպես ինքնապաշտպանություն: Անհավասար արդարադատություն է, խտրական մոտեցում կա կանանց վերաբերյալ գործերում», -ասում է Հովհաննիսյանը:

Մեր հասարակությունն, ըստ իրավապաշտպանի, կարծրատիպային պատկերեցում ունի. այսինքն՝ կինը պետք է ենթարկվի ամուսնուն.

«Իրավապահ համակարգն էլ լցված է բռնության մշակույթը կրող մարդկանցով, օրենսդրական դաշտն էլ նպաստում է դրան՝ սկսած սեփականության, աշխատանքի եւ այլ իրավունքներից, վերջացրած դատաիրավական համակարգով»:

Հովհաննիսյանը հիշում է՝ Քննչական կոմիտեում մի հանդիպման ժամանակ իրավապահները նկատել են՝ ընտանեկան գործերը ամենաբարդն են, որովհետեւ քննիչները շատ հաճախ խուսափում են մատի եւ մատանու արանքը մտնել.

«Իսկ  տղամարդիկ հաճախ փորձում են հարցերը լուծել, այսպես ասած՝ գողականով՝ ախպեր ջան, դե ամոթ է, կամ՝ կնիկ է, մի երկու անգամ կծեծվի՝ կփափկի: Մինչդեռ կանանց նկատմամբ բռնության թույլատրելիությունն ամբողջովին փոխանցվում է նաեւ իրավապահ համակարգ»:

Իրավապաշտպանը հիշեցնելով Հեղինե Դալբազյանի սպանության գործը, նկատում է՝  նախկին ամուսինը դանակի բազմակի հարվածներն է հասցրել, վիզը կտրել է կնոջ,  իսկ նախաքննական մարմինը խանդի հողով է տարել մեղադրանքը.

«Դատարանում էլ նույն ուղղությամբ է գնում գործը: Դատարանը զբաղված է այն շահարկումով, իբրեւ թե Հեղինեն կապված է եղել Թուրքիայի քաղաքացու հետ: Ազգամիջյան իրենց բարդույթը բարդում են կնոջ գլխին»:

Հովհաննիսյանն ասում է՝ ըստ իր թվերի, այս պահին 16 դատական գործ կա դատարաններում կնասպանության դեպքերով, որոնց մասով դեռեւս դատավճիռ չի կայացվել.

«Ծամծմում են, քնացնում են, չեն կարեւորում կնասպանության դեպքերը:  Նույն գործերով առնվազն 7 երեխա ականտես է եղել նման դեպքերի, իսկ որեւէ մարմին չի զբաղվում երեխաներով»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Իրավապաշտպանը նկատում է՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, եթե լիներ, ոստիկանությունն ավելի շատ լծակ կունենար բռնարարների արարքներն ու կանանց սպանությունները կանխելու համար:

Լուսանկարում՝ Մարո Գուլոյանի հոգեհանգիստը, լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի /anahithayrapetyan.com

Նելլի Բաբայան

MediaLab.am