Վրաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

26-07-2016
11476 դիտում
Վրաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

Վերլուծաբանները անզիջում պայքար են կանխատեսում, մինչդեռ ընտրողների մեծամասնությունը չի կողմնորոշվել իր քաղաքական նախընտրություններում:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նոր ուժեր են ի հայտ գալիս՝ փորձելով ստանալ իշխող կոալիցիայից հիասթափված ընտրազանգվածի աջակցությունը: 

Քվեարկության նախօրեին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանում ըտրողների մեծամասնությունը դեռեւս չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Փորձագետները նշում են, որ սա կարող է հանգեցնել ոչ միայն անսպասելի քաղաքական դաշինքների, այլեւ ներքին խժդժությունների մի երկրում, որը դեռեւս աշխատում է իր ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ:

«Վրացիները մինչ այժմ հավատարիմ են մնացել անկախության, բարեկեցության եւ ժողովրդավարության սկզբունքներին: Սակայն այդ սկզբունքները փորձարկվում են յուրաքանչյուր քաղաքական խաչմերուկում», - նշվում է Վաշինգտոնում գործող Ազգային ժողովրդավարական ինստիտուտ (NDI) հասարակական կազմակերպության անցյալ ամիս տարածած հայտարարությունում: 

«Եթե Վրաստանի ժողովրդավարական ապագան խարխլվի, դա խորը ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա», - նշվում է կազմակերպության հայտարությունում:  

«Վրացական երազանքը»՝ 6 կուսակցություններից բաղկացած կոալիցիան, հաղթեց 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 54,97 տոկոսը եւ 82 տեղ զբաղեցնելով ներկայիս խորհրդարանում:

«Վրացական երազանքի» հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով միլիարդների կարողություն ունի եւ ժամանակին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, թեեւ ներկայում պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից, միեւնույն է, պահպանում է մեծ ազդեցությունը երկրում:   

Իշխող կոալիցիայի հիմքը կազմող «Վրացական երազանք» կուսակցությունը միայնակ խորհրդարանում 44 տեղ է զբաղեցնում: Կոալիցիայի մաս կազմող մյուս հինգ կուսակցությունները պատրաստվում են առանձին-առանձին մասնակցել հոկտեմբերին նախատեսված ընտրություններին, եւ պարզ չէ, թե արդյոք նրանք կվերամիավորվեն հաջորդ խորհրդարանում:

Երկրորդ խոշորագույն խորհրդարանական կուսակցությունը՝ ներկայում 46 տեղ զբաղեցնող «Միացյալ ազգային շարժումը», որը իշխանության ղեկը զիջեց «Վրացական երազանքին», հիմնադրվել էր նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կողմից: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Սաակաշվիլու կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 40,34 տոկոսը:   

Չնայած «Վրացական երազանքը» եւ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ), հավանաբար, կրկին կլինեն խորհրդարանական տեղերի համար պայքարող հիմնական ուժերը, այս տարվա ընտրությունների արդյունքները կարող են միանգամայն այլ լինել:  

Մարտին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) համար Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԱԺԻ) անցկացրած հասարակական կարծիքի հարցման ժամանակ ընտրողների 61 տոկոսը պատասխանել է, որ դեռեւս չի որոշել, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել:

Հարցվածների 15 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է ձայնը տալ «Վրացական երազանք» կոալիցիային, եւս 13 տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժմանը»:

Այս ամենի ֆոնին, մի շարք հին ու նոր քաղաքական ուժեր սկսեցին ակտիվություն դրսեւորել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ թիրախավորելով դեռեւս չկողմնորոշված ընտրողների ստվար զանգվածը:

ԱԺԻ անցկացրած հարցման համաձայն՝ ընտրողների 6 տոկոսը պլանավորում է քվեարկել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին:

Կուսակցությունը լքել էր իշխող կոալիցիան 2014 թվականին՝ դժգոհելով, որ դաշինքը իրապես արեւմտամետ չէր: Ալասանիայի ղեկավարած կուսակցությունը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի լիարժեք ինտեգրման կողմնակից է:

Հստակ կողմնորոշում չունեցող ընտրազանգվածի համակրանքը փորձում է շահել նաեւ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը, որը ստեղծվել է այս տարվա մայիսին հայտնի օպերային երգիչ եւ բարերար Պաատա Բուրչուլաձեի կողմից:

Վերջինս կոչ է անում Վրաստանին «վերամիավորվել իր ընդհանուր նպատակների շուրջ եւ դաս քաղել անցյալի սխալներից», ինչպես նաեւ ընտրել Արեւմուտքին ինտեգրվելու ուղին:

Գալիք ընտրություններին կուսակցությունները պայքարելու են Վրաստանի միապալատ խորհրդարանի 150 տեղերի համար, որոնցից 77-ը լրացվում են համամասնական ընտրակարգով, մյուս 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Օրենսդիրներն ընտրվում են խորհրդարան 4 տարի ժամկետով:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԼԻՆԻ

Չնայած վերջին տարիներին Վրաստանում մեծ առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական կառույցների ստեղծման եւ մարդու հիմնարար ազատությունների ամրապնդման գործում, հարեւան Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է սպառնալից չափերի մնալ:

Ռուսաստանը ոչ միայն բռնազավթել է վրացական տարածքների 20 տոկոսը, այլ նաեւ փորձում է իր ազդեցությունը տարածել Թբիլիսիի վրա՝ տեղեկատվական արշավների, առեւտրային հարաբերությունների եւ Վրաստանի արեւմտյան ինտեգրումը խոչընդոտելու սպառնալիքների միջոցով:

Վրաստանը Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել եւ մոտ է ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմին անցնելուն:    

Փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ ընտրական հիմնական պայքարը կընթանա կուսակցությունների որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունների շուրջ:

«Կան երկու հիմնական ուժեր՝ հստակ արեւմտամետ կամ Ռուսաստանի նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեցող: Սակայն կա նաեւ երրորդ կողմը՝ բացահայտ ռուսամետ ուժերը, որոնք կարող են մուտք գործել խորհրդարան, հատկապես եթե միավորվեն ու դաշինք կազմեն», - ասում է Քաղաքականության վրացական ինստիտուտի տնօրեն Քորնելի Կակաչիան:

«Միացյալ ազգային շարժումը» եւ «Վրացական երազանքը» արեւմտամետ են, չնայած վերջինս նաեւ Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Հասարակությունը որոշակիորեն հիասթափվել եւ հոգնել է ՆԱՏՕ-ին ինտեգրման, ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմի հետ կապված արեւմտյան գործընկերների խոստումներից, իսկ այդ ուժերը փորձում են օգուտ քաղել այս տրամադրություններից եւ օգտագործել դրանք իրենց պոպուլիստական նպատակներով»,- հավելում է Կակաչիան:

Որոշ վերլուծաբաններ էլ պնդում են, որ 2012-ի ընտրություններին «Վրացական երազանքի» եւ այլ կուսակցությունների ստացած աջակցության էական մասնաբաժինը պայմանավորված էր իշխող «Միացյալ ազգային շարժման» դեմ աճող դժգոհությամբ:

Իշխանության դեմ այս տրամադրությունները հատկապես սրվել էին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վրացական բանտերում կալանավորների խոշտանգումների շուրջ ծագած սկանդալի պատճառով:  

Ընտրազանգվածի որոշ մասն արդեն հուսախաբվել է «Վրացական երազանքի» վարած քաղաքականությունով՝ միաժամանակ հիասթափված լինելով «Միացյալ ազգային շարժումից»: 

«Երկրի ներսում վրացիների՝ մեծ եւ գնալով աճող ակնկալիքները իրենց ղեկավարության եւ կառույցների նկատմամբ լիարժեք չեն իրականացել», - նշվում է ԱԺԻ հրապարակած նախընտրական գնահատականում, - ԱԺԻ հարցումները ցույց են տալիս, որ վրացիների մեծ մասը չի հավատում, թե քաղաքական կուսակցությունները իսկապես իրենց համար կարեւոր փոփոխություններ են անում: Նրանց վստահությունը փոքր է խորհրդարանի, կառավարության բազմաթիվ նախարարությունների եւ ղեկավարների նկատմամբ»:

Սա իր հերթին նշանակում է, որ «Վրացական երազանքի» վարկանիշի ցանկացած անկումը դեռեւս չի երաշխավորում Սաակաշվիլիի կուսակցության վայելած ժողովրդականության աճը:

Հասարակության շրջանում հնչող հիմնական դժգոհությունները կապված են նրա հետ, որ վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանում կյանքի որակն էապես չի փոխվել: Ի հակադրություն «Վրացական երազանքի» խոստումների՝ երկրի տնտեսության, գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաեւ միջազգային քաղաքականության եւ հակամարտությունների լուծման տեսանկյունից էական առաջընթաց չի եղել:

«Նրանք իրենց անտեղյակ են համարում ու անտեսված են զգում իրենց օրենսդիր մարմնի կողմից: Թույլ տնտեսությունը սրում է այս մտահոգությունները: Զգալիորեն աճել է նաեւ այն ընկալումը, որ ոչ հաշվետու անձինք գաղտնի ազդեցություն ունեն քաղաքականության վրա՝ ի վնաս ժողովրդավարական եւ թափանցիկ որոշումների կայացման գործընթացի», - նշվում է ԱԺԻ զեկույցում:

Վրաստանի տնտեսությունը 2014 թվականից ի վեր մի շարք լուրջ հարվածներ է կրել: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ նավթի ու ապրանքների գների անկումը հանգեցրել է ողջ տարածաշրջանում տնտեսական աճի կրճատմանը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադարձել վրացական ապրանքների արտահանման ծավալների վրա:

Վիճակագրության ազգային գործակալության համաձայն՝ 2015 թվականին երկրում գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Այս ցուցանիշը մի փոքր բարելավվել է նախորդ իշխանությունների օրոք գրանցված վիճակագրության համեմատ, սակայն շարունակում է բարձր մնալ:

Քաղաքական հիմնական խաղացողների նկատմամբ աճող անվստահության այս ֆոնին ի հայտ եկող նոր ուժերը փորձում են շահել դեռեւս հստակ կողմնորոշում չունեցող ընտրազանգվածի համակրանքը:

«Հասարակության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս հարցումները, հիասթափված է երկու առանցքային քաղաքական կուսակցություններից եւ կարող է քվեարկել «երրորդ ուժի» օգտին: Դա կարող է լինել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Պաատա Բուրչուլաձեի ղեկավարած կուսակցությունը կամ մեկ ուրիշը», - ասում է Կակաչիան: 

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն նույնպես այն կարծիքին է, որ կարող է հայտնվել մի կուսակություն, որը վճռորոշ դեր կունենա ստեղծված իրադրությունում:

«Կանխատեսել որեւէ խոշոր կոալիցիայի ստեղծում նախքան ընտրությունները դժվար է: Այնուամենայնիվ, ընտրություններից հետո Ալասանիայի [«Ազատ դեմոկրատներ»] կուսակցությանը կմնա վերջին խոսքը, եւ ում կողմն էլ այն ընտրի՝ Իվանիշվիլիի, թե՝ «Միացյալ ազգային շարժման», այդ կողմում էլ կստեղծվի կոալիցիան», - ասում է Շարաշենիձեն:

Վրաստանում անկախությունից ի վեր քաղաքական գործընթացները նշանավորվել են բռնություններով ու բուռն հուզականությամբ: Սա է պատճառը, որ 2012 թվականին ընտրությունների միջոցով կատարված խաղաղ իշխանափոխությունը, որը թերեւս առաջինն է երկրի ժամանակակից պատմությունում, հատկապես հիշարժան է դարձել:  

Այնուամենայնիվ, վերջին ամիսներին կրկին լարվածության աճ է նկատվում:

Այս տարվա մարտին երկու ամուսնացած կին քաղաքական գործիչների մասնակցությամբ համացանցում հայտնված սեռական բնույթի տեսանյութերը հերթական սկանդալի պատճառ դարձան: Թաքնված տեսախցիկներով նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես են կանայք սեռական հարաբերությունների մեջ մտնում տղամարդկանց հետ, որոնք նրանց ամուսինները չեն հանդիսանում: Այս տեսանյութին հետեւեցին քաղաքական գործիչների եւ մի լրագրողի մասնակցությամբ նոր տեսանյութեր հրապարակելու անանուն սպառնալիքները:  

Տեսանյութերն այնուհետեւ հեռացվեցին համացանցից եւ քրեական գործեր հարուցվեցին:

«Ազատ դեմոկրատները», որոնք ժամանակին իշխող կոալիցիայի մեջ էին մտնում, այժմ մեղադրում են իրենց նախկին քաղաքական դաշնակիցներին նրանում, որ վերջիններս շարունակում են նախորդ վարչակարգերի կողմից կիրառվող քաղաքական վերահսկողության եւ լրատվամիջոցների վրա գործադրվող ճնշումների արատավոր պրակտիկան:   

«Մենք հստակ տեսնում ենք, որ այս ավանդույթն այսօր էլ է շարունակվում: Ես զարմանում եմ մեր գործընկերների վրա, որոնց հետ մենք ժամանակին պայքարում էինք, որպեսզի Վրաստանում նման երեւույթները վերանան», - հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իրակլի Չիկովանին:

Այս մեղադրանքները, սակայն, կտրականապես մերժվում են:  

«Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի մրցակցությունը վերածվի առճակատման: Այս առումով, որպես պետական իշխանություն, մեր ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած: Այլ քաղաքական ուժերը եւս պատասխանատու պետք է լինեն», - հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախընտրական քարոզարշավի մեկնարկին, որը տեղի ունեցավ հունիսի 8-ին:

Իսկ մինչ այդ, մայիսի 22-ին տեղական ինքնակառավարման մարմինների միջանկյալ ընտրություններն արդեն հարթ չէին անցել, երբ «Վրացական երազանքի» մի շարք կողմնակիցներ ծեծի էին ենթարկել ՄԱՇ ներկայացուցիչներին Վրաստանի արեւմուտքում գտնվող Կորցխելի գյուղի ընտրատեղամասում:

«Ցավոք, կա վտանգ, որ իրադրությունը կսրվի ընտրությունների նախօրեին եւ անմիջականորեն քվեարկության ժամանակ: Վրաստանում ընտրական միջավայրը, քաղաքական ուժերը եւ լրատվամիջոցները խիստ բեւեռացված են», - ասում է Կակաչիան:

«Ավելին, լարվածությունից խուսափելը կախված է ոչ միայն իշխանություններից, այլ նաեւ այն հանգամանքից, թե ինչպես այս կամ այն կուսակցությունը կկարողանա ընդունել քվեարկության արդյունքները», - եզրակացնում է փորձագետը:

Հեղինակներ՝ Ռուսուդան Մաչայիձե, Գեորգի Կուպատաձե

Ռուսուդան Մաչայիձեն ազատ լրագրող է Թբիլիսիում: Գեորգի Կուպատաձեն IWPR-ի խմբագիրն է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #820 պարբերականից (13-ը հուլիսի, 2016թ., Վրաստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ: