«ԱԱԾ-ի տեքստում երաշխիքներ պետք է լինեն, այնինչ, վերջնագրային մոտեցում ենք տեսնում». Իրավապաշտպաններ

26-07-2016
9405 դիտում
«ԱԱԾ-ի տեքստում երաշխիքներ պետք է լինեն, այնինչ, վերջնագրային մոտեցում ենք տեսնում». Իրավապաշտպաններ

«Սասնա ծռեր» խմբին ուղղված Ազգային անվտանգության ծառայության թռուցիկ-կոչը հասկանալի չէ, պետք է դրանում հստակ երաշխքիներ լինեն:

Այս կարծիքին է Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

ԱԱԾ-ն ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին երեկ հասնելի է դարձրել մի կոչ, որով հիշեցնում է, որ խմբի կողմից կատարվել են հետևյալ հանցանքները՝ վերցվել են պատանդներ  (ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդված), զավթվել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդված),  ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել է հրազեն (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված): Նախազգուշացվում է, որ այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում:

«Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի և խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետեւանքների ծանրությունը: Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում.

-իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

- իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

- ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- նշվում է ԱԱԾ թռուցիկներում: Միաժամանակ զինված խմբի անդամներին մեկ անգամ ևս հորդորում են դրսևորել ողջամտություն և հաշվի առնելով վերոնշյալ հանգանամքները` կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին:
ԱԱԾ այս թռուցիկ-պահանջը, Ավետիք Իշխանյանի խոսքով, կես քայլ առաջ է, բայց դեռևս երաշխիք չէ:

«Ես կուզեի, որ շատ հստակ լիներ այս կոչը, իսկ հստակությունը հետևյալը կարող էր լինել՝ երաշխավորել, որ ՊՊԾ գունդը գրավելու, նույնիսկ երեկվա մեքենան այրելու և բոլոր գործողությունների համար որևէ մեկը չի պատժվելու, բացի ոստիկանի սպանության դեպքը: Իսկ այդ դեպքով օբյեկտիվ քննություն պետք է լինի»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը: Իսկ օբյեկտիվ քննությունը, նրա խոսքով, պետք է երաշխավորվի, պետք է թափանցիկ լինի գործընթացը:

«Այդտեղ հստակություն չկա, ասում են՝ եթե այլ գործողություններ չեն արվել... Իսկ այն, ինչ իրենք ասում են, հետագայում շատ հեշտ է այլ գործողությունների մեջ դնելը: Այսինքն՝ հստակություն չկա: Ավելի հստակ պետք է լիներ, որ այդ գործողությունների համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրի: Եվ միայն օբյեկտիվ քննություն պետք է լինի ոստիկանի սպանության կապակցությամբ»,- ասաց նա:

Ընդ որում, սպանության քննության օբյեկտիվ երաշխիքներ պետք է տրվեն, թե ինչպիսի քննչական խումբ է ստեղծվելու, այդ խմբի մեջ կարող են լինել նաև տեղական ու միջազգային ոչ կառավարական փորձագետներ:

«Եթե նման երաշխքիներ տրվեին, սա կլիներ լուրջ քայլ, որի մասին ես վաղուց  առաջարկել եմ: Դա այն է, որ հանգուցալուծումը կարող է լինել համաներումը, բացի ոստիկանի սպանության օբյեկտիվ քննությունը»,- հավելեց նա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջին հայացքից տարօրինակ է համարում ԱԱԾ այս կոչը, որը, նրա խոսքով, համահունչ չէ ստեղծված իրավիճակին: Նա նշում է, որ այս կոչը լիովին տեղավորվում է իրավական դաշտում, բայց դա չպետք է արհետականորեն կտրել այսօրվա առկա իրավիճակից:

«Եթե դիտարկենք սա որպես մեկուսի, որպես իրավական փաստաթուղթ, իհարկե, ինքը լիովին հիմնավորված է: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հիմա Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այդ մեկուսի իրավական փաստաթուղթն անհնար է չտեսնել կապի մեջ մնացած իրավական ու քաղաքական գործընթացների հետ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Մասնավորապես, նրա խոսքով, այս փուլում մենք ականատես ենք լինում իրավապահների կողմից քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման գործելաոճին: Մարդկանց հանդեպ անհիմն ու հետևողական հետապնդում է իրականացվում, անգամ ոստիկանների կոմղից ակտիվիստներին ծեծելու ու խոշտանգելու դեպքեր կան, և այս համատեքստում տարօրինակ է երևում ԱԱԾ-ի իրավական մեթոդների այս մեղմ ոճը:

«Սա առաջացնում է որոշակի անվստահություն, որովհետև տարբերակված մոտեցման հետ գործ ունենք: Մի դեպքում ակնհայտ ճնշում է կիրառվում ակտիվիստների ու գործիչների նկատմամբ, մյուս դեպքում էլ բավական լոյալ մետեցում է, որն ընդհուպ մինչև քրեական պատասխանատվությունից ազատելու առաջարկ է»,- ասում է նա:

Այսօր ստեղծված պայմաններում, իրավապաշտպանի խոսքով, ԱԱԾ-ի այս տեքստում երաշխիքներ պետք է լինեն, այնինչ, տեքստում վերջնագրային մոտեցում ենք տեսնում:
Սաքունցը նաև հիշեցնում է, որ իրենց կամքով պատանդներին ազատ արձակելուց հետո «Սասնա ծռերը» ակնհայտորեն ճնշումների են ենթարկվում իրավապահների կողմից:

Չկա երաշխիք, որ այս դեպքում էլ խոստումները կկատարվեն:

«Պատանդներին ազատելուց հետո իշխանությունն արդեն երկու օր է՝ ՊՊԾ գնդի տարածքը զրկել է էլեկտրականությունից, խմբի անդամներին՝ սնունդից, կապի միջոցներից: Այսինքն՝ արդեն իսկ այդ վարքագիծը կասկածի տակ է դնում այս նոր առաջարկության նկատմամբ վստահությունը»,- ասում է նա:

Իսկ որպես վստահության բարձրացմանն ուղղված քայլ, նա առաջարկում է, օրինակ, փոխել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am