«Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը արյունալի լուծում ստանա»

29-07-2016
10981 դիտում
«Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը արյունալի լուծում ստանա»

Այս փուլում Հայաստանում ընթացող գործընթացն ունի ղեկավար ձեռք, որը չի գտնվում Խորենացի փողոցում ընթացող զարգացումների տարածքում: Այս կարծքին է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Նրանք, ովքեր անմիջականորեն են ղեկավարում, միգուցե իրենց իրականում թվում է, որ իրենք են ղեկավարում, բայց ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ այս գործընթացն ունի մի անտեսանելի ղեկավար ձեռք, որն ուղղորդում է այն, որի մեջ մտնում են և գնդի գրավումը, և հանրահավաքներ անցկացնելը և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նա նշում է, որ իրավիճակը չի կարող դուրս գալ վերահսկողությունից շատ պարզ պատճառով՝ նրանք, ովքեր վերահսկում են շատ լավ գիտեն, թե իրավիճակն ուր է գնում և ինչ հանգուցալուծում են իրենք ուզում:

«Սա ավելի մեծ խաղի մաս է, քան թե գնդի գրավումը»,- հավելում է Բադալյանը՝ հիշեցնելով, որ գործընթացն արդեն աշխարհում է արձագանք գտել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» անվամբ շուրջ 30 հոգանոց խումբը մուտք է գործել Էրեբունու ՊՊԾ գունդ ու գրավել այն: Բախումների հետևանքով զոհվել է մեկ ոստիկան: Վիրավորվել են ոստիկաններ, ինչպես նաեւ խմբի  ամդամներ:

Խմբի անդամների պահաջներն են Սերժ Սարգսյանի հրաժարական և քաղբանտարկյալների ազատ արձակում: Թեև սկզբում հայտարարվում էր, թե իշխանությունները բանակցություններ են սկսել խմբի անդամների հետ և ուզում են իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն վերջին օրերին իրավիճակը ծայրահեղ լարված է:

«Սասնա ծռերի» անդամներից առնվազն ութ հոգի ոստիկանության գործողոթյունների պատճառով այս օրերին արդեն վիրավորվել են: Ոստիկանությունն ավելի վաղ կրակ էր բացել անդամներից երկուսի ոտքերին, նրանց տեղափոխել հիվանդանոց, ավելի ուշ ևս երեք անդամ է վիրավորվել, նրանցից Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, որոնց վիճակը բժիշկները կայուն ծանր են որակում, հիվանդանոց էին տեղափոխվել, ապա՝ դատապարտյալների հիվանդանոց:

«Սասնա ծռերի» անդամները հայտարարում են, որ պատանդ ոստիկաններին բաց թողնելուց հետո իշխանությունները չեն կատարել նախօրոք տված խոստումները, որոնցից մեկն  էլ գնդի տարածքում մամուլի շուրջօրյա կետ ստեղծելն էր: Բացի այդ, խմբի անդամներին սնունդ ու բուժօգնություն գրեթե չի հատկացվում: Այս ամենի հետևանքով իրավիճակը լարվել է: Զուգահետ Խորենացի փողոցում ավելիք ան 10 օր է՝ ընթանում են բողոքի ակցիաներ, հանրությունն իշխանություններից պահանջում է հարցը լուծել անարյուն ու կատարել խմբի անդամների պահանջները: Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հետապնդումներ ու բռնություններ են գործադրվում:

Արմեն Բադալյանն ասում է, որ նկատում է՝ Հայաստանի իշխանությունները չեն ուզում միանգամից հարձակվել, տանկերով ջարդել գունդը, որովհետև այդ դեպքում խնդիրներ կունենան Արևմուտքի հետ:

«Արդեն երևում է, որ այդ գործընթացը գտնվում է Ռուսաստան-Արմուտք հակամարտության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը ոչ միայն լուծվի կարճ ժամանակահատվածում, այլ արյունալի լուծում ստանա»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը: Դա մի կողմից կբերի նրան, որ Հայաստանի գործող նախագահի վիճակը Արևմուտքի առաջ կվատանա, մյուս կողմից էլ, ըստ Բադալյանի, Ռուսաստանը կարող է իր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել լուծման այդ տարբերակը:

Նա կարծում է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն խստորեն կարգադրել են ՀՀ իշխանություններին արյուն չթափել: Այսօր ընդհարումների գնալով, երկու-երեք մարդու դուրս բերելով են այդ հարցը լուծում: Բադալյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Արևմուտքը դեռևս հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ, որովհետև իրականանում է Արևմուտքի սցենարը՝ այս հարցը լուծել առանց մեծ ու փոքր արյուն թափելու:

«Այս պահին կարող ենք ասել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ինչ-որ չափով կարողացել են չեզոքացնել այս հարցով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Միգուցե այս ծրագրի նպատակներից մեկն էլ դա էր, ցույց տալ, որ Ռուսաստանի ասածը չի անցնելու Հայաստանում»,- ասում է Արմեն Բադալյանը:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նույնպես արձանագրում է, որ այս հարցում ԱՄՆ-ի, Եվրամիության մոտեցումներն ու հայտարարությունները կտրուկ բախվում են Ռուսաստանի մոտեցման ու հայտարարության հետ:

«Եվ ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում, որը ռուսական հատուկ ծառայությունները փորձում են իրագործել, քանի որ նրանք լիարժեք վերահսկում են ՀՀ իշխանություններին: Առաջին տարբերակը՝ «Ղարաբաղ կոմիտե»-2 և երկրորդը՝ «Հոկտեմբերի 27»-2»,- «Մեդիալաբին» ասում է Խզմալյանը:

Նրա խոսքով՝ երկու տարբերակն էլ հիմա դրված է սեղանին, ռուսական ռազմական ուղղաթիռների հայտնվելը Երևանի օդում խայտառակություն է: Դա նշանակում է, որ ռուսական 13 հազարանոց զորքը, որը գտնվում է Հայաստանում, ցանկացած պահի պատրաստ է հրաման կատարելու: Այդ հրամանը չեն կատարում միայն այն պատճառով, որ դրանից նրանց շատ խիստ հետ են պահում արևմտյան դիվանագետները:

Նա նշում է, որ Հայաստանում ցավոք սրտի, շատ քչերն են այդ ամենի ուշադրություն դարձնում: Ըստ նրա, երկրորդ տարբերակը երեւում է նաեւ նաև ռուսական մամուլի հրապարակումներից, որոնք պետականացվում են:

«Այսինքն՝ դրվում է երկու տարբերակ, առաջինը՝ ուժով ճնշել ու գնդակահարել, երկրորդը՝ դրվում է ավելի խորամանկ տարբերակ, խոսվում է փափուկ ուժի մասին, այսինքն՝ ներթափանցել ընթացող փոփոխությունների մեջ, հրաժարվել Սերժ Սարգսյանի իշխանությանն աջակցելուց: Զուգահեռաբար օգտվել այս իրավիճակից, ներթափանցել այս հեղափոխական ընթացքի մեջ, որպեսզի վերահսկեն այն, սա է ռուսների նպատակը, որն արդեն իրագործվում է: Ինչպես հին իմաստությունն է ասում՝ եթե մի բան չես կարող փոխել, գլխավորիր այն: Այսինքն՝ իրենք փորձում են գլխավորել, առաջնորդել այդ փոփոխությունը՝ վերահսկելու համար»,- ասում է Խզմալյանը:

Նա նշում է, որ Ուկրաինայի դեպքերը կտրուկ փոխեցին իրավիճակը, և այսօր Ռուսաստանն իրավունք չունի, ինչպես նախկինում էր, հետխորհրդարային տարածքում գործել ինչպես սեփական բոստանում: Մյուս կողմից մեր պատմական ախոյանը՝ Թուրքիան գտնվում է աննախադեպ պառակտման մեջ:

«Այսինքն՝ մենք ունենք հաղթելու փայլուն հնարավորություն: Մեզ խանգարում է միայն այն, որ իրական վերնախավը փոշիացված է և փաստորեն հեռացված է որոշումներ ընդունելուց: Հիմա մենք տեսնում ենք ինքնակազմակերպման փորձեր, բայց, թե ինչպես է այս ամենն ընթանալու, կախված է նրանից, թե կհասցնենք մենք վերականգնել իրական ընտրախավը, կամ էլ հերթական անգամ մեզ կօգտագործեն: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ Հայաստանը անշրջելիորեն փոխվում է: Դա արդեն այդպես է և քննարկման ենթակա չէ»,- նշում է նա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am