«Արմեն Մարտիրոսյանը համոզում էր, որ չկրակեն, տարան հետ ու սկսեցին ժողովրդի վրա կրակել». Դավիթ Սանասարյան

29-07-2016
12459 դիտում
«Արմեն Մարտիրոսյանը համոզում էր, որ չկրակեն, տարան հետ ու սկսեցին ժողովրդի վրա կրակել». Դավիթ Սանասարյան

Սարի թաղում այսօր ոստիկանները հատուկ միջոցներ, զանգվածային բռնություն կիրառեցին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ:

Ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի հանրահավաքի վերջում որոշում կայացվեց Ազատության հրապարակից երթ անել դեպի Խորենացի փողոց: Ոստիկանությունը մեծ ուժեր կենտրոնացրեց Խորենացի փողոցի հատվածում ու թույլ չտվեց մուտք գործել տարածք:

Ցուցարարները կարողանալով ճեղքել ոստիկանական պատը մուտք գործեցին Սարի թաղ՝ մոտենալով արդեն 13-րդ օրը «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդի շրջակա տարածք:  Սակայն, ժամանած ոստիկանական ուժերը, որոնց մեջ կային մի քանի տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, բռնություններ կիրառեցին խաղաղ ցուցարարների հանդեպ:

Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ է կիրառել: Կան տասնյակ վիրավորներ, որոնց թվում են նաև լրագրողներ ու օպերատորներ, ոստիկանները կոտրել են լրագրողների տեխնիկան:

Ծեծի են ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Մովսիսյանն ու Կառլեն Ասլանյանը, օպերատոր Գարիկ Հարությունյանը, Lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանը, կոտրել են նրա տեսախցիկը, վիրավորվել են 1.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատր Դավիթ Հարությունյանը: Նրանք պայթուցիկ սարքից ոտքի վնասվածք են ստացել: Այլ տեղեկություններ այս պահին չկան:

Ըստ տեղեկությունների՝ Սարի թաղում տասնյակ վիրավորներ են ընկած գետնին, շտապ օգնության մեքենաները տասնյակ վիրավորներ են տեղափոխում հիվանդանոցներ:

Զուգահեռ այս գործողություններին, տևական ժամանակ կրակոցներ ու պայթյուններ են լսվել ՊՊԾ գնդի տարածքում:

Ակցիայի համակարգողներից Դավիթ Սանասարյանը Նորքի հիվանդանոցից «Մեդիալաբին» պատմեց, որ մոտ երեք տասնյակ վիրավորներ կան միայն այդ հիվանդանոցում: Ներկայացնում ենք նրա հետ զրույցը:

-Դավիթ, ի՞նչ իրավիճակ է այդտեղ:

-Մոտ երեք տասնյակ վիրավոր կա, ամենատարբեր վիրավորներ են: Ծանր դեպքեր կան: Բայց նոր ինֆորմացիա եկավ, որ Սարի թաղում մարդիկ պառկած են, անգիտակից ընկած են:

-Ի՞նչ վնասվածքներով են մարդիկ հիվանդանոցում:

-Ամենատարբեր վնասվածքներ են: Աչքի վնասվածք կար, բայց չգիտեմ, ելե՞լ էր աչքը, թե՞ ոչ:

-Ի՞նչ էր տեղի ունենում Սարի թաղում:

-Մենք այնտեղ կանգնած էինք: Արմեն Մարտիրոսյանը համոզում էր, որ չկրակեն մարդկանց վրա: Արմենին տարան հետ ու սկսեցին ժողովրդի վրա կրակել: Դրան գումարած քաղաքացիական հագուստով ոստիկանները երկաթներով ու փետերով հարձակվեցին մարդկանց վրա:

-Ի՞նչ տարիքի են տուժածները հիմնականում:

-Տարբեր տարիքի են: Հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին ծեծում մարդկանց:

Էմմա Մանուկյան

MediaLab.am