«Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Քաջիկ Գրիգորյանի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտողներին»․ ՀՔԱՎ

03-08-2016
21776 դիտում
«Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Քաջիկ Գրիգորյանի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտողներին»․ ՀՔԱՎ

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց հետո ՀՀ Ոստիկանությունը խմբի անդամներից ոմանց ներկայացրեց նաև որպես «թմրամոլության հակում ունեցող» անձինք։ Նույն տեղեկատվությունը տարածվեց և «թմրամոլ» եզրույթը կիրառվեց նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով։

Որոշ հրապարակումներում «թմրամոլ» եզրույթը կիրառվեց կոնկրետ անձի վերաբերյալ։ Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը զանգվածային լրատվության որոշ միջոցների և բժշկի կողմից ներկայացվեց որպես «թմրամոլ», որն ընդգրկված է եղել մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում  և ուներ ՄԻԱՎ կարգավիճակ։

Այդպիսով՝ կարող ենք փաստել, որ խախտվեցին Քաջիկ Գրիգորյանի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված  իրավունքները։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ անձի հիվանդության վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են և տրամադրվում են այլ անձանց միայն տվյալ հիվանդությունն ունեցող անձի ցանկության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: «Թմրամոլ» եզրույթը նշված օրերին օգտագործվեց նաև ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից՝ ընդհուպ ներկայացնելով, որ անազատության մեջ են հայտնվել մարդիկ, «ովքեր թմրամոլներ չեն», ինչը նույնպես տարածվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից։   

Գտնում ենք, որ նման եզրույթների կիրառումը, նման մոտեցումները նպաստում են թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ խարանի, բացասական կարծրատիպերի ձևավորմանը՝ նրանց՝ որպես «հասարակության ախտի», «խիստ վտանգավոր հանցավոր տարրերի» ընկալմանը։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս անդրադարձել է թմրամիջոց գործածող անձանց հանդեպ առկա խարանի և խտրական վերաբերմունքի արդյունքում առաջացող բացասական հետևանքներին։

Խարանն ու խտրական վերաբերմունքը նպաստում է նրան, որ թմրամիջոց գործածող և թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձինք չեն ընկալվում որպես հիվանդություն ունեցող, որը կարիք ունի  բժշկական, սոցիալ-հոգեբանական և վերականգնողական ծառայությունների՝ առաջ բերելով ոչ թե՝ օգնություն տրամադրելու, այլ պատժելու, հասարակությունից մեկուսացնելու անհամաչափ և չհիմնավորված համոզմունք ու ցանկություն: Նման վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավելին՝ առաջացնում է ավելի մեծ խոչընդոտներ թմրամիջոց գործածող անձանց բուժման, ինչպես նաև բնակչության շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման ճանապարհին։

Իրավասու մարմիններից պահանջում ենք օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Քաջիկ Գրիգորյանի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտողներին։

ՀՀ Ոստիկանությունից և պետական մյուս մարմիններից պահանջում ենք չկիրառել եզրույթներ, որոնք խթանում են խոցելի և առավել վտանգի ենթարկվող խմբերի նկատմամբ խտրականության ու խարանի սերմանումն ու ամրապնդումը։ Զանգվածային լրատվության միջոցներին, հասարակության ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ խարան ու խտրական վերաբերմունք սերմանող եզրույթների օգտագործումից և տարածումից։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ