«Այլևս վտանգավոր փուլ ենք թևակոխել». Իրավապաշտպանները չեն բացառում քաղաքացիական հասարակության հանդեպ ճնշումների ավելացումը

04-08-2016
51855 դիտում
«Այլևս վտանգավոր փուլ ենք թևակոխել». Իրավապաշտպանները չեն բացառում քաղաքացիական հասարակության հանդեպ ճնշումների ավելացումը

Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական իրավունքների սահմանափակման վատթարացում է սպասվում առաջիկայում, որովհետև այդ մասին արդեն որոշում կա: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայակական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ հաշվի առնելով վերջին օրերին իրավապահների իրականացրած գործողությունները:

«Թերևս սա մի բան է, որի ահազանգը մենք հնչեցրեցինք նախորդ տարեվերջին մեր հրապարակած զեկույցում և մեր քննարկումների ընթացքում: Ակնհայտ է, որ իշխանությունները հետևողականորեն չեն հասկանում, որ նման գործելաոճով իրենք բավական հեռանալու են Արևմուտքից, և իրենց Ռուսաստանը տանում է այն նույն ճանապարհով, որով տարավ Ալիևին ու նրա ռեժիմին՝ խնդիրը բերելով ու կանգնեցնելով իշխանությունը պահպանելու հրամայականի առաջ: Հանուն դրա Ալիևը բանտերը լցրեց իր քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդող օրերին ոստիկանությունը աննախադեպ բռնություններ կիրառեց բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների, լրագրողների ու քաղաքական գործիչների հանդեպ:

Բռնությունների գագաթնակետը դարձավ հուլիսի 29-ի գիշերը, երբ Սարի թաղում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների, տեղի բնակչության ու լրագրողների դեմ, ոստիկանության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեցին ինչպես ցուցարարները, այնպես էլ լրագրողները:

Այս պահի դրությամբ, արդեն կալանավորվել են բողոքի ակցիաները ղեկավարող քաղաքական մի շարք գործիչներ՝ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլ գործիչներ: Ոստիկանները բռնություն  են գործադրել նաև նրանց նկատմամբ:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ սա ուղղակի ռուսական ծրագիր է՝ վատթարացնել երկրում ժողովրդավարության վիճակը: Եվ պատահական չէ, որ «Սանա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու հենց առաջին օրերին Ռուսաստանը հորդորում էր շատ արագ ու կտրուկ քայլեր ձեռնարկել՝ խմբին լիկվիդացնելու համար:

«Հետևաբար, կա պլան՝ Հայաստանի իշխանություններին դրդելու դեպի խորը ավտորիտարիզմի: Գիտակցում է արդյոք սա Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, իր հորդորը լրագրողներին՝ մոռանալ իրենց հետ կատարվածը, նշանակում է, որ ինքը համաձայն է այդ ուղիով գնալ և փորձում է, այսպես ասած, հրապարակավ անուղղակի խոստում տալ, որ դա այլևս չի կրկնվի: Իր համար դժվար չէր մոռանալու հորդորի հետ միասին ասել դա, բայց նա դա չասեց»,- նշում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը լրագրողներին մոռանալու կոչ անելով՝ ընտրում է այդ ոչ իրավական ձևակերպումը, առնվազն պարտավոր է ասել՝ խոստանում ենք այլևս չանել:

Սրան զուգահեռ քաղաքական դեմքերի ու քաղաքացիների նկատմամբ դատարանների կայացրած որոշումները, Սաֆարյանի խոսքով, ցույց են տալիս, որ այլևս վտանգավոր փուլ ենք թևակոխել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես արձանագրում է՝ այս կարգի բացահայտ բռնություններն ու ապօրինություններն իրոք աննախադեպ էին:

«Ոստիկանությունը բացարձակապես բանդային հատուկ գործողություններով էր զբաղված և պետական կառույցի որևէ կարգավիճակ չուներ, ամբողջովին դուրս էր դրանից: Ես սա գնահատում եմ որպես ամբողջական դեգրադացիա, անգամ ոստիկանության աշխատակիցները չեն կարող հոգեբանորեն վերականգնվել այս ամենից հետո»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նա նկատում է, որ որքան իշխանությունը մերժելի է հանրության կողմից, այնքան բռնությունները սաստկանում ու օրենքից դուրս են մնում: Իրավապաշտպանն ասում է, որ ոչ մի հույս չունի, թե ապագայում իրավիճակը կշտկվի: Դա են փաստում նաև այս օրերի կալանավորման, անմեղ մարդկանց ձերբակալության դեպքերը:

Իշխանությունն այս պայմաններում, ըստ իրավապաշտպանի, որևէ հետևություն չի էլ ուզում անել:

«Սասնա ծռերի գործոնը բացահայտ ընդգծեց ամբողջ իրողությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ծայրահեղ պետք է լինեն հանրության մոտեցումները, որ մարդիկ զինված պայքարի դուրս եկան: Ես դա համարում եմ բողոքի ակցիա, վստահ եմ, որ նրանք ոչ մի մտադրություն չեն ունեցել մարդ սպանելու: Նրանց այդ պահվածքն այնպիսի համակրանք առաջացրեց հանրության շրջանում, որ հազարավոր մարդիկ դուրս եկան պաշտպանելու նրանց»,- հավելեց նա:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը նաև ցույց տվեց, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի, այդ օրերին անիշխանություն էր, և այն հոգեբանական վճակը, որով օգոստոսի մեկին արտահայտվեց Սերժ Սարգսյանը, ուղղակի ոչ մի քննադատության չի ենթարկվում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ լրագրողներին ուղղված կոչը՝ մոռանալ բռնություններն ու ծեծը, Ժաննա Ալեքսանյանն ասում է.

«Նրա խոսքում պատասխանատվության ենթարկելու կոչ չհնչեց: Դա ձևական խոսակցություն էր, դրսի համար էր այդ խոսքն ասում՝ իր ներողությունը որպես իրավական կատեգորիա ներկայացնելով: Իսկ ո՞վ է ընդունում նրա ներողությունը»:

Ըստ իրավապաշտպանի՝ «Սասնա ծռերը» ներքին ուժ տվեցին հանրությանը, և հասարակության մեջ ընդվզումներն ավելի կմեծանան: Դրան զուգահեռ նաև իրավապահների կողմից բռնությունները կավելանան: Իշխանությունը մեկուսացել է, նրանց կապն ամբողջովին խզված է հանրության մեջ, իշխանություններն ինքնապաշտպանական վիճակի մեջ են:

«Շատ հնարավոր եմ համարում մոտ ապագայում քաղաքացիական հասարակության առավել ինքնակազմակերպումը, ընդվզումն իշխանության դեմ: Իսկ 2008 թվականից հետո իշխանությունն այլ մեթոդ չունի հանրության հետ երկխոսության, այդ կապը խզված է: Միակ բանն այդ բռնի մեթոդներն են: Ես Սարի թաղում եմ եղել ու տեսել, թե ինչպես էին մարդիկ ահաբեկված: Իրականում ահաբեկչություն իրականացրել է իշխանությունը»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am