Լինել նույնասեռական Ադրբեջանում

10-08-2016
19015 դիտում
Լինել նույնասեռական Ադրբեջանում

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար բռնության եւ ոտնձգությունների են ենթարկվում պետական   կողմից:

Բաքվի 35-ամյա բնակիչ Սերգեյ Բագիրովը նույնասեռական է եւ վերջին 20 տարիների ընթացքում չի շփվել ծնողների հետ:

«Ընտանիքիս հետ իմ խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ գիտակցեցի, որ նույնասեռական եմ: Այդ ժամանակ ես կարծես ամաչում էի դրա համար եւ ամեն ինչ խոստովանեցի ծնողներիս, հատկապես որովհետեւ պետք էր բացատրել նրանց, թե ինչու էին ինձ ամեն օր ծեծի ենթարկում դպրոցում… նույն օրը հայրս ինձ դուրս վռնդեց տնիս: Ես տասնչորս տարեկան էի: Նրանք անգամ փաստաթղթերս ինձ չտվեցին: Ես երեսունն անց եմ, բայց այդպես էլ անձնագիր չունեցա», - պատմում է նա:

Բագիրովը գաջագործ բանվոր ու ներկարար է եւ զբաղվում է բնակարանների վերանորոգմամբ: Ասում է, որ աշխատավայրում էլ է խտրական վերաբերմունքի հանդիպում:

«Երբեմն քեզ հետ աշխատողները բացահայտում են, որ նույնասեռական ես ու հրաժարվում են հետդ աշխատելուց: Հետո ստիպված ես լինում մենակ աշխատել, բայց այդ ժամանակ էլ են խնիրներ սկսվում: Երբեմն հաճախորդներն էին հրաժարվում ինձ վճարել՝ սպառնալով բողոք ներկայացնել ոստիկանություն: Իսկ ոստիկանությունը երբեք էլ նույնասեռականներին չի օգնում ու նրանց կողմը չի լինում», - ասում է նա:

Ադրբեջանում հոմոֆոբիան այնքան տարածված է, որ Լեսբուհիների եւ գեյերի միջազգային ասոցիացիայի (ILGA)  եվրոպական մասնաճյուղի՝ 49 երկրներ ներառող վարկանշային աղյուսակում այն զբաղեցնում է վերջին տեղը՝ համարվելով վատագույն վայրը Եվրոպայում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց համար:

Հայաստանը եւ Ռուսաստանն այս ցանկում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցնում:

Մայիսին ILGA-ի եվրոպական մասնաճյուղի 2016 թվականի «Ծիածան» ամենամյա վերլուծության եւ վարկանշային աղյուսակի համաձայն՝ Ադրբեջանը միայն հինգ տոկոսով է համապատասխանում կազմակերպության իրավահավասարության չափորոշիչներին, բացի այդ, երկրում մեծ տարածում ունեն հոմոֆոբ եւ տրանսֆոբ բնույթի բռնությունները: Անցյալ տարի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բազում հարձակումներ են եղել, ներառյալ՝ սպանության մի քանի դեպքերը:   

2015 թվականի փետրվարին Շամքիրի շրջանում նույնասեռական տղամարդու դին հայտնաբերվել էր նրա իսկ բնակարանում: Մեկ ամիս անց, Բաքվում 28-ամյա տրանսվեստիտին խեղդամահ արված ու դանակահարված էին հայտնաբերել: Հունիսին Բաքվի Սաբայիլի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տրանսգենդեր կին էր սպանվել: Այնուհետեւ հայտնաբերվել էր նրա զուգընկերոջ դին:

Կանանց  ճգնաժամային կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն Մաթանաթ Ազիզովան, ով բնակվում է արտերկրում, ասում է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները լուրջ խնդիրների առջեւ են կանգնած Ադրբեջանում:

Ազիզովայի խոսքով՝ նրանց նկատմամբ վերաբերմունքը հատկապես անհանդուրժողական է երկրի շրջաններում ու Բաքվի արվարձաններում: 

«Ավանդույթներն ու կրոնը սարսափելի հոգեբանական խնդիրներ են ստեղծում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մոտ, ընդհուպ մինչեւ ինքնասպանության մտքեր: Ադրբեջանում ԼԳԲՏ անձանց ներարկումների ու դեղորայքի միջոցով բուժելու Խորհրդային պրակտիկան է պահպանվել, որը հաճախ կիրառվում է նրանց նկատմամբ սեփական ծնողների կողմից», - ասում է նա՝ վերհիշելով մի երիտասարդի, ով ստիպված էր եղել լքել երկիրն ու ապաստան փնտրել եվրոպական այլ պետություններում:

«Նրա ծնողները մինչեւ հիմա զանգահարում ու հարցնում են նրան, թե արդյոք նա բուժվում է այնտեղ», - պատմում է Ազիզովան:

Գյուլնարա Մեհդիեւան «ԼԳԲՏ Ադրբեջան-Նեֆես դաշինք» կազմակերպության ներկայացուցիչն է եւ «Փոքրամասնության»՝ առաջին ԼԳԲՏ առցանց ամսագրի խմբագիրը: 

«Վերջերս մենք բողոք ենք ներկայացրել կրթության նախարարություն՝ բուհերում օգտագործվող դասագրքի վերաբերյալ, - ասում է նա, - դասագիրքը կոչվում է «Ընտանեկան հոգեբանություն»: Այնտեղ նշվում է, որ նույնասեռականությունը հիվանդություն է, պաթոլոգիա, եւ այլն: Նույնասեռականությունը դասվում է այնպիսի հիվանդությունների շարքին, ինչպիսին են արյունապղծությունն ու մանկապղծությունը»:

Որպես բողոքի հիմք, կազմակերպությունը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նույնասեռականությունը հանել էր Հիվանդությունների միջազգային դասակարգման իր ցանկից դեռեւս 1990 թվականին:

Ի պատասխան՝ կրթության նախարարությունն առաջարկել էր կազմակերպությանը դիմել համապատասխան բուհերին, չնայած այն հանգամանքին, որ Մեհդիեւայի խոսքով, «դասագրքում կրթության նախարարության կողմից այն հաստատող կնիք կա»:

«Նեֆես դաշինք»-ն այնուհետեւ դիմել էր առողջապահության նախարարություն, որտեղ պատասխանել էին, թե Ադրբեջանն ընդունել է ԱՀԿ նորմերը, եւ որ նույնասեռականության այսպես կոչված ցանկացած բուժումն արգելված է:  

Մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Gay.Az կայքը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ԼԳԲՏ համայնքը «հատուկ իրավունքներ կամ արտոնություններ չի պահանջում»:  

«Պարզապես նրանք, ինչպես յուրաքանչյուր անձ, ունեն ազատության ու պաշտպանության նույն իրավունքը՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշների ու օրենքի համաձայն»:

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրենց ընտանիքների կողմից մերժվող նույնասեռական երիտասարդները հաճախ գնալու տեղ չեն ունենում:

Ադրբեջանի երեխաների միության նախագահ Քամալա Ագազադեն ասում է, որ իր կազմակերպությունը բազմիցս առնչվել է ԼԳԲՏ դեռահասների հետ, որոնք ապրում են փողոցներում, քանի որ սեփական ընտանիքները նրանց չեն ընդունում: Տրամադրվող հոգեբանական աջակցությունից բացի, Ագազադեի կազմակերպությունն օգնում է նրանց նույնականացման քարտեր ստանալ, որովհետեւ դեռահասների ձեռքին, որպես կանոն, միայն ծննդյան վկայականներն են:

«Այս երիտասարդներիից շատերը հուսահատությունից սեռական ծառայություններ էին առաջարկում փողոցում: Մենք փորձել ենք հաշտեցնել նրանց իրենց ընտանիքների հետ, բայց վերջիններս մշտապես մերժել են դա անել», - պատմում է Ագազադեն:

Ադրբեջանում ԼԳԲՏ անձանց համար մարդու հիմնարար իրավունքները՝ զուգընկերոջ հետ ապրելը եւ երեխաներ ունենալը, մեկ այլ խնդիր է:

Բաքվի 35-ամյա բնակչուհի Սաբինա Ռուստամովան նույնասեռական է, ով այնքան էլ լավատես չէ սեփական ապագայի նկատմամբ հայրենի երկրում եւ երազում է տեղափոխվել այլ պետություն, որտեղ ԼԳԲՏ անձանց առնվազն հանդուրժողականությամբ են մոտենում:

«Ես արդեն այն տարիքում եմ, երբ ընտանիք կազմելու ժամանակն է: Ես ուզում եմ ընտանիք ստեղծել: Ուզում եմ երեխաներ ունենալ: Բայց հասկանում եմ, որ մեր հասարակությունն ինձ երբեք չի ընդունի այնպես, ինչպես որ կամ: Ինձ համար դժվար է պատկերացնել առնվազն այստեղ՝ Ադրբեջանում, որ կարելի է կնոջ հետ ապրել ու միասին երեխա մեծացնել», - ասում է նա:

Ադրբեջանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրական վերաբերմունք ենթադրող օրենքներ չկան, սակայն նրանց պաշտպանող օրենսդրական մեխանիզմներ նույնպես գոյություն չունեն:

Ազիզովայի խոսքով՝ հենց այս պատճառով էլ համապատասխան օրենսդրության մշակումը պետք է առաջնային լինի:  

«Այսօր անհրաժեշտ է օրենք ընդունել, որը կանխարգելում է խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ տանը, դպրոցում, աշխատանքի վայրում եւ հասարակության շրջանում: Նման օրենքը կարող է որպես պաշտպանական մեխանիզմ ծառայել նրանց համար մեր հասարակության զանազան մակարդակներում», - հավելում է նա:

Հաջորդ քայլը, Ազիզովայի կարծիքով, պետք է լինի համատեղ ունեցվածքը գրանցելու հնարավորությունը, այնուհետեւ՝ նույնասեռականների ամուսնությունների ու նրանց կողմից երեխա որդեգրելու օրինականացումը: 

«Բայց այս մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ ԼԳԲՏ անձանց այլ խնդիրները լուծված լինեն», - ասում է նա: 

Ազիզովայի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը վատթարանում է նաեւ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի ընդհանուր անկման պատճառով:

«Դժվար է խոսել ԼԳԲՏ անձանց հավաքների ազատությունը երաշխավորող օրենքի մասին, եթե հավաքների ազատության վերաբերյալ արդեն գործող օրենքներն են խախտվում», - նշում է նա:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում շեշտվում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը եւ քաղաքական շրջանակներում առկա ատելության խոսքը նրանց նկատմամբ:   

Իշխանությունները, սակայն, գերադասում են ընդհանրապես չնկատել ստեղծված իրադրությունը: Ինչպես տեղեկացրեց Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը IWPR-ին, գերատեսչությունը երբեւէ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դրսեւորումների վերաբերյալ հաղորդում չի ստացել: Ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը նույնպես փոխանցեց, որ երբեւէ որեւէ բողոք չի ստացել այս խնդրի վերաբերյալ:

Քաղաքական գործիչների մի մասն ընդհանրապես բացահայտ կերպով արտահայտվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության դեմ:

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մուբարիզ Գուրբանլին «Trend» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ նույնասեռականների ամուսնությունները երբեւէ չեն օրինականացվելու երկրում:

«Հանդուրժողականությունն ունի իր սահմանները, որոնք անցնել չի կարելի, - ասել է նա: - Հանդուրժողականություն՝ չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր դիրքերից: Ուրեմն եթե հանդուրժող ենք, ապա մե՞նք էլ պետք է որդեգրենք Ամերիկայում եւ Եվրոպայում տարածված անաստված սովորույթները, որոնք ուղղված են մարդկության դեմ: Ուրեմն մե՞նք էլ պետք է թույլ տանք նույնասեռականների ամուսնությունները: Ո՛ չ, եւ նորից ո՛ չ:  Մենք երբեք այդ քայլին չենք գնա»:

Որոշ ծնողներ էլ կարծում են, որ իրենց նույնասեռական զավակների համար պարզապես ավելի լավ կլինի հեռանալ երկրից:  

81-ամյա Մեհրիբան Իսմայիլովան տասնյակ տարիներ է, ինչ չի տեսել որդուն: Վերջինս նույնասեռական է եւ տեղափոխվել է Գերմանիա 1995 թվականին:

«Ես միշտ էլ գիտեի, որ նա այդպիսին է: Խորհրդային տարիներին անընդհատ վախենում էի, թե նրան բանտ կնստացնեն, որովհետեւ օրենքով նման հոդված էր նախատեսված: Բայց ամենից շատ վախենում էի, որ բարեկամներս կիմանային այդ մասին: Նրանք, հավանաբար, գիտեն, ուղղակի ինձ չեն ասում», - պատմում է կինը:  

«Ես գիտեմ, որ Եվրոպայում ավելի լավ է նրա համար: Տարիներ շարունակ ո՛ չ մենք գումար ունեինք, ո՛ չ էլ նա՝ իրար տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք տասը տարի առաջ: Բարեբախտաբար, ես մի որդի էլ ու թոռներ ունեմ: Նրա համար այստեղ վատ կլիներ», - համոզված է Իսմայիլովան:

Հեղինակ՝ Վաֆա Զեյնալովա, IWPR-ի հաստիքային թղթակից:

Լուսանկարում՝ Մաթանաթ Ազիզովան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #819 պարբերականից (7-ը հուլիսի, 2016թ., Վրաստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ: