Կյա՞նք, թե՞ ռեյտինգ. «Կիսաբաց լուսամուտների» ռեյտինգը կյանք է արժեցել ու խեղել մի ողջ ընտանիքի ճակատագիր

10-08-2016
26156 դիտում
Կյա՞նք, թե՞ ռեյտինգ. «Կիսաբաց լուսամուտների» ռեյտինգը կյանք է արժեցել ու խեղել մի ողջ ընտանիքի ճակատագիր

Օգոստոսի 9-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ակցիա էր կազմակերպել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ ի ցույց դնելով մեդիա դաշտում բռնության մշակույթի առկայությունն ու վտանգավոր ազդեցությունը: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հաղորդագրությունը, որն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ:

«Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ:

Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ  Մարտիրոսյանիկողմից, ունի նախապատմություն:

Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման հետեւանքով կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը դեռևս բժիշկների վերահսկողության ներքո են, նրանք դեռ վիրահատական միջամտությունների կարիք ունեն:

Այս ողբերգության մեջ իր դերակատարումն է ունեցել  նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հաղորդման փորձագետները հորդորել էին ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք:

Այդ թվում խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակվել էին անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Այսպիսով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը փաստում է, թե  նախկինում ինչպես է հաղորդման հերոս Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար ծեծի ենթարկել  կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը, հրավիրված փորձագետների էթիկական նորմերի կոպտագույն խախտումները, բռնության հանդեպ հանդուրժող և սուբյեկտիվ վերաբերմունքը  ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրումնաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը:

Բողոքի ակցիայի ժամանակ  «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությանը հանձնվեց նամակ, ուր  նշված էին  բոլոր այն էթիկական խախտումները, որոնք հաճախակի կարող եք տեսնել այս հաղորդաշարի շրջանակներում՝  բացառապես ռեյտինգ ապահովելու նպատակով: Այս անգամ ռեյտինգը կյանք է արժեցել ու խեղել մի ողջ ընտանիքի ճակատագիր»:

Ողբերգական դեպքի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ «Մեդիալաբի» «Երբ «հասցնում են այդ քայլին». Ինչու են շատերը ամեն գնով փորձում արդարացնել բռնարար մարդասպանին» եւ  ««Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»․ Թագուհի Մանսուրյանի պատմությունը» հրապարակումներում: