Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի հայրը դռնեդուռ ընկած դստեր վիրահատության համար փորձում է գումար հայթայթել

15-08-2016
34921 դիտում
Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի հայրը դռնեդուռ ընկած դստեր վիրահատության համար փորձում է գումար հայթայթել

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն արդեն երեք վիրահատության է ենթարկվել. նա դեռ երկու վիրահատության կարիք ունի: Թագուհու հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, որը եւս նախկին փեսայի կողմից կացնահարվել է, ընկած դռնեդուռ դստեր վիրահատության համար փորձում է գումար հայթայթել:

Մանսուրյանների ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար «Սոցիալական  արդարություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է դրամահավաք: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ ՀԿ-ների աջակցությամբ հավաքվել է 350 հազար դրամ:

Կանանց ռեսուրսային կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանն ասում է, որ հավաքված այդ գումարով ձեռք է բերվել Թագուհու վիրահատության համար նախատեսված երկաթե կոնստրուկցիաները, սակայն վիրահատության համար դեռեւս անհրաժեշտ է 400 հազար դրամ:

«Մենք նամակ էինք գրել «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրինությանը, որպեսզի զեղչեր սահմանեն, առայժմ արձագանք չկա»,-ասում է Աննա Հովհաննիսյանը:

Վաչագան Մանսուրյանը օրեր առջ հանդիպել է առողջապահության նախարարության պաշտոնյանների հետ: Նախարարությունից «Մեդիալաբին» տեղեկացրեցին, որ ըստ Մանսուրյանի, սա չորրորդ վիրահատությունն է՝ անրակի վիրահատություն պետք է կատարվի: Այս մասով պետպատվեր չի հասնում Թագուհի Մանսուրյանին: Բայց նախարարը բուժվարչությանը հանձնարարել է աջակցել: Այսինքն ֆինանսական աջակցությունը կլինի այնքան, որքան պետական մասնակցությունն է:

Ըստ նախարարության, վիրահատության ամբողջ գումարը նախարարության աջակցությամբ չի կարող ծածկվել:

«Փաստորեն, Թագուհուն դեռ 5-րդ՝ գլխի վիրահատություն էլ է հարկավոր, որն ավելի թանկ է լինելու: Դրամահավաքը շարունակվում է, որքան գումար որ հավաքվի, ուղղելու ենք գլխի վիրահատության համար նախատեսված ծախսերին: Բայց նաեւ դեռ պարզ էլ չէ, թե Թագուհու ուսի հատվածում կատարվելիք այդ վիրահատության՝ երկաթե կոնստրուկցիաների տեղադրման ծախսերի որքան գումարը նախարարությունը կծածկի, եւ արդյոք «Էրեբունին» զեղչեր կանի՞»,- «Մեդիալաբին» ասում է Աննա  Հովհաննիսյանը:

Առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» վստահեցնում են՝ Վաչագան Մանսուրյանի հետ հանդիպման ժամանակ նրան հորդորել են՝ գլխի վիրահատության համար ֆինանսական աջակցություն ստանալու համար ավելի շուտ, նախապես դիմի նախարարությանը, որպեսզի բուժվարչություն էլ կարողանա ինչով հնարավոր է աջակցել:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը գիշերը ժամը 4-ին դարանակալել է Թագուհու հայրական բնակարանի շենքի մոտ, եւ երբ Թագուհին ու նրա մայրը՝ Կարինե Մանսուրյանը հերթական սպառնալիքներից եւ բռնությունից հետո վերադառնալիս են եղել ոստիկանությունից, շքամուտքում ենթարկվել են հարձակման նրա կողմից: Աղջկան պաշտպանող մայրը տեղում մահացել է կացնի հարվածներից, Թագուհին եւ օգնության հասած նրա հայրը՝ Վաչագանը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Թագուհին «Մեդիալաբին» պատմել է, որ իրենց ամուսնությունը մեկ տարի էլ չի տեւել. Ամուսնությունից կարճ ժամանակ անց Վլադիկը սկսել է բռնանալ Թագուհու վրա:

«Արդեն հղի էի այդ ժամանակ, ու երբ դանակ քաշեց վրաս, վախեցա, փակվեցի սենյակում, չէի կարողանում դուրս գալ, վատացա: Երեխային արդեն կորցնելու էի, բժիշկն ասաց, որ պետք է 2 ամիս պառկած լինեմ չծանրաբեռնվեմ, չաշխատեմ: Հետո եկավ մի պահ, որ այլեւս հնարավոր չէր վարձով ապրել, չէինք աշխատում, գնացինք ծնողներիս տուն, 6 ամիս այդտեղ ենք ապրել»,-պատմել է Թագուհին:

Իսկ երբ Թագուհու ծնողների տանն են ապրել, Վլադիկը չի աշխատել, հոգսը կրկին Թագուհու ուսերին էր: Ծնողների բնակարանում էլ ապրելու ընթացքում բռնություններն ու վեճերն անպակաս էին: Ամուսնալուծությունը նախաձեռնել էր Վլադիկը, որը նաեւ հայցով պահանջում էր իրենց երեխային իր խնամակալությանը հանձնել: Թագուհին ասում էր, որ Վլադիկը երեխային խնամելու միտք չուներ, քանի որ նա որպես հայր հոգատար չէր, անգամ երեխայի ծնվելու օրն էլ հիվանդանոց չի այցելել, միայն Թագուհու խնդրանքով, այն էլ 2 օր հետո է այցելել ծննդատուն.

Թագուհին պատմել է, որ Վլադիկը պարբերաբար դարանակալում էր, ու հենց Թագուհին աշխատանքից վերադառնում էր՝ հարձակվում էր նրա վրա, հայհոյում, բռնություն կիրառում, Թագուհուն ասում՝«Դու անբարոյական ես, ման եկող ես, երեխային տիրություն չես անում, նորմալ կնիկն էս ժամին տուն չի գա»:

Վլադիկ Մարտիրոսյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ ասել էր իբր Թագուհին  թույլ չէր տալիս երեխայի հետ տեսակցել, ինչն էլ եղել է վեճերի ու բռնության պատճառը: Մինչդեռ, ըստ Թագուհու, ինքը երբեք չի խոչընդոտել երեխայի հետ տեսակցությանը:

Մինչ հուլիսի 8-ի դաժանորեն կացնահարությունը, Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «խոշտանգում» հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նա ազատության մեջ էր: 

Վլադիկն անգամ ԴԱՀԿ-ում, ինչպես Թագուհին է պատմել, բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ «բոմբ եմ գցելու, վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»: Եւ միայն կացինը գործածելուց հետո  Վլադիկ Մարտիրոսյանը կալանավորվեց:

Թագուհի Մանսուրյանի լիարժեք ապաքինման հարցը կախված է անհատների բարի կամքից. Պետությունը նման դեպքերում, կարելի է ասել, ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել: Անհետաձգելի բուժօգնություն  տրամադրման չափանիշներին Թագուհի Մանսուրյանի դեպքը չի համապատասխանում: 

Աննա Հովհաննիսյանն ասում է՝ Հայաստանը, որպես սոցիալական պետություն պարտավորություն ունի քաղաքացիների առաջ.

«Նախ դեպքը տեղի է ունեցել իրավապահ մարմինների անգործության հետեւանքով, ահազանգեր են եղել, որոնք անտեսվել են: Ոստիկանները դեպքի օրը Թագուհուն ու մորը չեն ճանապարհել մինչեւ բնակարան, լավ  իմանալով, որ Վլադիկը միշտ սպառնացել է: Չնայած այս ամենին, փոխանակ իր անգործության հետեւանքով առաջացած խնդիրը հարթելու ու որպես պետություն բուժօգնության համար արտոնություններ սահմանի,մի բան էլ, այնպես է ամեն ինչ արվում, որ, տեսեք՝ լավություն ենք անում:  Պետությունը նման դեպքերի համար պետք է արտնություններ  կամ կարգ սահմանի, որովհետեւ, այն որ ընտանիքը կացնահարվել է, նաեւ պետության մեղքն է»:

Մարի Ներսեսյան

MediaLab.am