«Ավետիսյանների ընտանքի սպանության դրդապատճառը չբացահայտելը հիմք է տալիս պնդելու, որ հանցագործությունը բացահայտված չէ»․ Արթուր Սաքունց

23-08-2016
30135 դիտում
«Ավետիսյանների ընտանքի սպանության դրդապատճառը չբացահայտելը հիմք է տալիս պնդելու, որ հանցագործությունը բացահայտված չէ»․ Արթուր Սաքունց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճռի հրապարակմանը զուգահեռ բաց մնաց այն հարցը, թե որտեղ պետք է Պերմյակովը կրի իր պատիժը: Հիշեցնենք, որ Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար: Դատավոր Հարություն Մեվսեսյանը վճիռը հրապարակելիս չանդրադաձավ պատժի կրման վայրին: Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նույնպես հայտարարեց, որ չի տրվել հարցի պատասխանը, թե որտեղ պետք է ամբաստանյալը կրի պատիժը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Պերմյակովը Հայաստանում չի կրի պատիժը, առաջիկայում կտեղափոխվի Ռուսաստան: Այս դատավարության ընթացքում նաև ի հայտ եկան տարաբնույթ հարցեր, որոնց պատասխաններն, ըստ մասնագետների, այդպես էլ չեն ստացվել: Հարցերից գլխավորը նաև այն է, թե արդյոք Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը:

Թեմայի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-Պարոն Սաքունց, ի՞նչ հարցեր բաց մնացին այս դատավարության շրջանակներում:

-Ընդհանրապես և նախաքննության, և դատաքննության շրջանակներում Ավետիսյանների ընտանքի սպանության դրդապատճառը չբացահայտելն արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ հանցագործությունը բացահայտված չէ: Ավելին, 2015 թվականի հունվարի 12-ին ինչ հայտնի էր այդ գործով, դրան նոր բան չավելացավ: Եվ կարելի է ասել, որ այսքան ժամանակն իզուր է վատնվել, որովհետև ոչ ռուսական բազայի ղեկավարության, ոչ էլ Ռուսաաստանի իրավապահ մարմինների պատասախանատվության հարցն Ավետիսյանների ընտանիքի սպանության հարցում չստացավ իր իրավական գնահատականը: Ավելին, հիմքեր չունենք պնդելու, որ Պերմյակովը միայնակ է կատարել հանցագործությունը կամ պնդելու, որ հանցագործության կատարման մեջ այլ մասնակիցներ չեն եղել:

֊Այսինքն՝ բաց է գլխավոր հարցը՝ նա միայնակ է կատարել հանցագործությունը, թե՞ ոչ:

Այո, որովհետև մենք հստակ կարող ենք ասել, քանի որ Պերմյակովի զենքն ու զինվորական հագուստները կան դեպքի վայրում, դա ընդամենը կարող է մեկ բան փաստել, որ Պերմյակովը տեղյակ է եղել Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին: Բայց արդյոք այլ մարդի՞կ էլ են մեղսակից, այս հարցը բաց մնաց: Եվ վերջին հաշվով, սպանության դրդապատճառը չբացահայտելը մեկ այլ հարց է առաջ քաշում՝ արդյոք Ավետիսյանների ընտանիքն էր սպանության բուն թիրախը, կա՞ր արդյոք մեկ այլ թիրախ: Երբ դիտարկում ենք նախաքննության ու դատաքննության ամբողջ ընթացքը, մենք ի սկզբանե գալիս ենք հետևյալ համոզմանը, որ այս քրեական հանցագործության մեջ քաղաքական գործոնը վճռորոշ դեր է կատարել այն աստիճան, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու փոխարեն, ինչը բխում էր հայ-ռուսական պայմանագրերից, հակառակը տեղի ունեցավ՝ ՀՀ դատարանը հանձվեց Ռուսաստանի Դաշնության տնօրինությանը: Եվ ակնհայտ ունենք ՌԴ ենթակայությամբ գործող ՀՀ նախաքննության մարմնի ու դատարանի գործողություններ, ինչի պարագայում բնականաբար դատարանը կաշկանդված էր նույնիսկ իր որոշման եզրափակիչ մասում նշելու, թե որտեղ պետք է պատիժը կրի Պերմյակովը: Այսինքն՝ մենք պնդում ենք ու ամրագրում, որ ՀՀ իշխանությունները հետամուտ չեղան իրենց քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

֊Արդեն խոսակցություններ կան Պերմյակովի՝ Ռուսաստան տեղափոխվելու հնարավորության մասին։ Արդյոք նման շրջադարձը հավանական համարո՞ւմ եք։

֊Ես կարծում եմ, որ այս հարցը հնչեցնելը տեղին չէ, որովհետև Պերմյակովն ընդհանրապես հայկական կողմում չի գտնվել: Նա ՌԴ հսկողության ներքո է գտնվել ի սկզբանե: Հիմա, թե ՌԴ-ն կպահի ռուսական բազայում, թե կտեղափոխի մեկ այլ տեղ, դա արդեն ամբողջովին ՌԴ հայեցողության հարց է:

֊Այսինքն՝ ի սկզբանե այդ հարցը ռուսական կողմը լուծե՞լ է:

֊Ի սկզբանե Պերմյակովը գտնվել է ՌԴ հսկողության տակ, և այդ պարագայում խոսել, որ նա կտեղափոխվի, թե ոչ, արդեն անիմաստ է, որովհետև այդ հարցն արդեն Ռուսաստանի իշխանությունների հայեցողության տակ է գտնվում: Եվ ՀՀ իշխանությունն ի սկզբանե ընդունակ չի եղել լուծել այդ հարցը:

֊Այս ընթացքում անընդահատ բարձրացվել է ռուսական կողմին, ռազմաբազայի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց մենք ականատես եղանք, որ դատավարության ընթացքում դատարանն այդ հարցը շրջանցեց, ինչո՞ւ:

֊Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՌԴ ռազմաբազայի ղեկավարը գտնվում է Դոնբասում: Նրա պատասխանատվության հարցը մենք էլ ենք բարձրացրել դեռևս նախաքննության փուլում, նաև անմիջական հրամանատարների հարցն ենք բարձրացրել, ովքեր պատասխանատու են Պերմյակովի զինվորական ծառայության կազմակերպման ու ծառայության նկատմամբ հսկողության իրականացման մեջ: Անդրադարձել ենք նաև Հայաստանի իրավապահ մարմինների անգործությանը: Բայց, նորից եմ կրկնում, Հայաստանի դատարանը հանձված է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությանը, տվյալ դեպքում՝ ռուսական ռազմաբազյի տնօրինությանը: Եվ նման պայմաններում դատարանը չի կարող որոշում կայացնել իրեն տնօրինողների դեմ: Սա է փաստը:

էմմա Մանուկյան

MediaLab.am