Խտրականությու՞ն, թե՞ անտեղյակություն. Եզդիների ցեղասպանության շուրջ խոսքերը՝ քննարկումների կիզակետում

07-09-2016
60541 դիտում
Խտրականությու՞ն, թե՞ անտեղյակություն. Եզդիների ցեղասպանության շուրջ խոսքերը՝ քննարկումների կիզակետում

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ըստ «Եզդիների ձայնը» կայքէջի ասել է՝ «Ասենք,  Իրաքում 3000 եզդիներ են սպանվել՝  ի՞նչ անենք, եթե Իրաքում ապրող 1 միլիոն եզդիները ընկել են այդ անհաջողությունների մեջ և նրանցից 25 հազարը զոհվել են, ապա դա չի նշանակում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է»:

Արսենյանի խոսքերը բուռն քննարկումների եւ տարատեսակ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել, որի կապակցությամբ պատգամավորի գրասենյակն հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ պարզաբանման, Արսենյանի խոսքը կոնտեքստից միտումնավոր կտրվել է:

«Որոշ անձիք զբաղված են տեսակետներ հորինելով և տարածելով, որոնք չեն պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին»,-նշված է հայտարարության մեջ:

Սակայն, «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին, ով ներկա է եղել նիստին, վնստահեցրել է, որ անձամբ է տեսաձայնագրել Արսենյանի խոսքը, եւ որ խոսքը չի խեղաթյուրվել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով տեղի ունեցածին նշում է, որ թեեւ ցեղասպանությունների հարցը հումանիտար ոլորտի հարց է, բայց, ցավոք, մեծամասամբ այն օգտագործվում է քաղաքական նպատակներով:

«Օրինակ՝ Հայոց Ցեղասպանությունը շատ երկրներ չեն ընդունում, որովհետեւ դա քաղաքական ենթատեքստ ունի՝ Թուրքիայի հետ  հարաբերությունները չփչացնելու հարցում»,-«Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Իշխանյանը եզդիների հետ կատարվածը համարում է  ցեղասպանություն.

«Բայց,  չգիտեմ, որեւէ պետություն աշխարհում ճանաչե՞լ է, թե՞ ոչ: ՄԱԿ-ն ընդամենը շատ թույլ հարցեր է բարձրացրել: Իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանն ընդուներ, եւ ոչ միայն հումանիտար տեսակետից, այլ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունն է եզդիների համայնքը: Պատգամավորը նաւե այս տեսակետից պիտի խնդիրը դիտարկեր»:

Արդյոք պատգամավորի նման կարծիքը եզդի ազգի նկատմամբ խտրականության դրսեւորվում է, եւ կա՞ մեր հասարակությունում խտրականություն եզդիների հանդեպ, Իշխանյանն նշում է.

«Ընդհանրապես, Հայաստանում բավականին տարածված է պարզունակ «հայրենասիրությունը», որը հաճախ բերում է խտրական վերաբերմունքի դրսեւորման հենց ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Հիշենք պատգամավոր Մանվել Բադեյանի խոսքը եզդի լինելու մասին: Այս ենթատեքստում պետք է դիտել Արսենյանի ասածը»:

Մանվել Բադեյանը 3 տարի առաջ  մամուլի ասուլիսի ժամանակ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակվելու մասին հարցին ասել էր՝ «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:

Եզդի ազգի նկատմամբ, Իշխանյանի կարծիքով, Հայաստանում ոչ միայն քաղաքական մակարդակով է խտրականություն դրսեւորվում, այլ նաեւ հասարակական մակարդակում կա խտրականություն.

«Քաղաքականից ներթափանցել է հասարակական մակարդակ: Պարզունակ «հայրենասիրությունը» տարածվում է ազգային փոքրամասնություների վրա: Օրինակ՝ իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը: Կենցաղային մակարդակով կա այդ վերաբերմունքը»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով,  պատգամավորն ըստ երեւույթին ոչ թե խտրական վերաբերմունք է ցանկացել դրսեւորել, այլ երեւույթներին է անտեղյակ:

«Պատգամավորների մեծ մասը չեն փայլում իրենց գրագիտությամբ եւ շատ գործընթացներ, երեւույթներ լավ չեն հասկանում: Տվյալ դեպքում, եթե եզդիների մասին է խոսքը, այստեղ հարց է առաջանում՝ քանակը չէ կարեւոր, այլ այն, որ մարդկանց ֆիզիկապես վերացնում են, սկսած երեխաներից, ծերերից՝ կրոնական պատկանելիության համար: Իսլամական աշխարհում դեռեւս Մուհամեդի ժամանակներից, նրանք, ովքեր, մուսուլմաներից բացի, հուդայական չեն, քրիստոնյա չեն, նրանք հեթանոսներ են եւ նրանց պետք է վերացնեն: Եւ քանի որ իսլամական ֆունդամենտալիստներն ասում են՝ մենք պետք է մաքուր  իսլամով ապրենք, ինչպես Մուհամեդի ժամանակներում, իրենք եզդիներին վերացնում են՝ որպես, իրենց պատկերացմամբ, հեթանոսներ: Նրանց վերացնում են կրոնական պատկանելիության համար: Եթե մեկ հոգի էլ վերացվի, պետք է հայտարարություն արվի: Առավելեւս եզդիների մասին, որոնք  ամենամեծ ազգային փոքրամասնությունն են մեր երկրում, որոնք Ղարաբաղ են գնում որպես զինվոր, մեր բանակում են ծառայում»:

Դանիելյանի դիտարկմամբ, պետք է շատ զգայուն վերաբերվել եզդի ազգի  զգացմունքերին:

«Գուրգեն Արսենյանը ամենավատ կրթությունը ստացած պատգամավորը չէ: Աժ-ում նա իրեն այլ դեպքերում ավելի կոռեկտ է պահում: Նման արտահայտությունը նրա կողմից  անհասկանալի է: Մյուսների դեպքում, գուցե հասկանալի լիներ: Արսենյանը պետք է ներողություն խնդրի եւ դրանով հարցը փակվի»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Մարի Ներսեսյան

MediaLab.am