«Վարչապետը, կամ ինչ-որ նախարար հանկարծ որոշի, որ հարկավոր է կոռուպցիայի դեմ պայքարել, առնվազն դուրս կմղվի իշխանությունից». Ներսը եւ դուրսը

16-09-2016
31346 դիտում
«Վարչապետը, կամ ինչ-որ նախարար հանկարծ որոշի, որ հարկավոր է կոռուպցիայի դեմ պայքարել, առնվազն դուրս կմղվի իշխանությունից». Ներսը եւ դուրսը

Արմենը Համբարձումյանը Կրթության ոլորտի ներկայացուցիչ է, օգտվում է կառավարության տրամադրած սոցփաթեթից, բայց դեռ չի կարողացել իրեն հասանելիք 72 հազար դրամի շրջանակում հանգստանալ: Չգիտի, կհաջողացնի՞, թե՞ ոչ:

«Արձակուրդս ամռանը չկարողացա պլանավորել, գործեր կային, չգիտեմ հետագայում ինչ կլինի,  կկարողանամ օգտվել փաթեթից, թե ոչ: Ժամկետը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ն է: Նախկինում, փաթեթը փոխանցվում էր հաջորդ տարվան, եթե տվյալ ժամանակահատվածում չէինք օգտագործում, բայց հիմա, վստահ չեմ, որ այդպես կլինի, էնպես որ` ով հասցրեց, հասցրեց: Հավանաբար գիտեք, խոսակցությունների մասին, որ եկող տարվա համար կասեցնում են»,-«Մեդիալաբին» ասում է 31-ամյա Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում ընդունեց կասեցնել   2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակում հանգստի բաղադրիչը, քանի որ, ինչպես հայտարարվեց, ոլորտում չարաշահումներ էին հայտնաբերվել:

Որոշումից հետո կառավարության նիստին  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել էր սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները եւ նշել,  որ հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում:

«Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր  հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի,  Աղվերանի, Արզնիի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»,-ասել էր Զաքարյանը

Նշենք, որ պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը անդրադառնալով խնդրին, «Մեդիալաբի» հետ զրույցում չբացառեց, որ իրականում, այսպես ասած, հակակոռուպցիոն սոուսի տակ, կառավարությունը փորձում է բյուջեի միջոցները խնայել:

«Իհարկե, որ կոռուպցիոն ռիսկերը մեծ էին, ես կասկած չունեեմ: Մեղադրանքը, կարծում եմ, հնարավոր չէ, բայց խնդիր է նաեւ այն հարցը , թե որքանով էր այդ ծրագիրը բյուջեի վրա ազդեցություն թողնում: Շատերի համար այդ բաղադրիչը կարեւոր էր, որովհետեւ մարդիկ խղճուկ աշխատավարձով հանգստանալու հնարավորություն չունեն, մյուս կողմից հարց է, որ բյուջեում փող չկա եւ կառավարությունն ուզում է բյուջեն փրկել: Միջոցները խնայելը տալիս են հակակոռուպցիոն սոուսի տակ»,-«Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը` հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում կոլեկտիվ պատժելու  մոտեցումը երբեք լավ բանի չի բերում ու ստացվում է այնպես, որ մի խումբ խարդախների պատճառով, տուժում են մյուսները :

Վարուժան Հոկտանյանի խոսքով,  կոռուպցիան Հայաստանում ցանկացած ոլորտում է առկա, մտած է համակարգի մեջ եւ առաջին անգամը չէ, որ սոցիալական ոլորտը բախվում է կոռուպցիայի խնդրին:

Այն, որ կոռուպցիան մեր երկրում համակարգային խնդիր է, պնդում է նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Կարծում եմ, որ կոռուպցիան սկսում է մտածողությունից, կոռուպցիայի ընկալումից եւ այս տեսանկյունից եթե նայենք, թե Հայաստանում ինչպես եւ ինչ մարդկանց միջոցով է ձեւավորվում իշխանությունը, ամեն ինչ շատ պարզ կդառնա»,--«Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը: 

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանում երբեւէ որեւէ պաշտնյա կամավոր պաշտոնից հրաժարական չի տալիս,  երբեւէ սկզբունքային անհամաձայնություն չի հայտնում իրականացվող  ընդհանուր ծրագրի հետ:

Ավետիք Իշխանյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ ոչ հրապարակային մակարդակում, իսկ երբեմն էլ հրապարակային, իշխանության ամենավերին օղակներում միմյանց հետ վիրավորական ձեւով, «դու»-ով են խոսում:

«Առաջին հայացքից դա գուցե կապ չունի կոռուպցիայի հետ, բայց այս ամենին, եթե խորությամբ մենք նայենք եւ ուշադրություն դարձնենք պաշտոնյաների ու նրանց հարազատների հայտարարագրերին, մենք կտեսնենք, որ նրանք մեղմ ասած, նյութապես շատ ապահովված են եւ շատ կասկածելի եկամուտներ ունեն եւ այս ամենը տեղավորովում է մի ընդհանուր մտածողության մեջ եւ սա փաստում է, որ Հայաստանում ընդհանուր կառավարման համակարգը  հենված է կոռուպցիայի վրա ու հենց դա է պատճառը, որ սկզբունքորեն որեւէ պաշտոնյա որեւէ բանի դեմ չի արտահայտվում, որւեէ  մեկը հրաժարական չի տալիս, բոլորը կառավարելի են Հայաստանում կոռուպցիան իմ կարծիքով ոչ միայն թույլատրվում է այլեւ խրախուսվում է, որովեհետեւ դրա միջոցով է կառավարումն իրականացվում եւ բոլորը իրենց ունեցած կոռուպցիայի կոմպրոմատներով խոցելի են դառնում: Սա կառավարման յուրահատուկ մի ձեւ է եւ կարծես թե քաղաքական բոլոր ուժերի միջեւ այս հարցում կոնսենսուս կա », -ասում է Ավետիք Իշխանյանը եւ հիշում ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը:

«Հիշենք 2015 թ փետրվարի ՀՀԿ նիստը եւ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը, երբ նախագահն անձամբ հայտարարեց ու իրավապահ մարմիններին հանձնարարեց ստուգել նրա անվան շուրջ պտտվող լուրերի իսկությունը` մի կողմից քրեական հանցագործութունների, մյուս կողմից` հարկեր չմուծելու, այսինքն, կոռուպցիայի: Կներեք, ինչու դրանից հետո քաղաքականությունից մի կողմ քաշվեց Ծառուկյանը : Սա նշանակում է, որ նա խախտել է խաղի կանոնները եւ նրա դեմ կա կոմպրոմատ, որը շարունակություն չունեցավ, երբ նա հանձնվեց»-«Մեդիալաբ»-ին ասում է Ավետիք Իշխանյանը: 

Իրավապաշտպանները միակարծիք են, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չի տարվում: Վարուժան Հոկտանյանը նաեւ դրա  ազդակները չի տեսնում: Նրա խոսքով, հնչում են միայն խոսքեր, բայց գործնական քայլեր չեն կատարվում:

«Կոռուպցիայի մակարդակը չափում են ոչ թե բացահայտված հանցագործություններով, այլ ընկալումով: Եթե ուզում եք ընկալումը պատկերացնեք, դուրս եկեք փողոց, եթե մարդիկ շարունակում են, որ կոռուպցիա կա եւ այն շատ լուրջ մակարդակի վրա է, նշանակում  է, որ ազդակներ չկան եւ գոնե առայժմ ամեն ինչ սահմանափակվում է միայն խոսքերով, օրենքներ ընդունելով ու դրանք թղթի վրա թողնելով, մինչեւ զգացվի մարդկանց տրամադրվածությունը, ինչպես օրինակ Վրաստանում Սահակաշվիլու իշխանության գալուց 2-3 տարի անց մարդիկ սկսեցին ասել, որ այո ,մենք արդյունքներ ենք տեսնում»,-նշում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, հասարակությունը կարող խոսել բիզնեսը-քաղաքականությունից տարանջատելու, շահերի բախումը, մենաշնորհները բացառելու, դատարանների անկախության  մասին, բայց  հարցը թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառել,  հարկավոր կառավարությանն ուղղել:

«Ես կոնցեպտուալ  մակարդակի լուծումներ նշեցի, օրինակ բիզնեսը տարանջատել քաղաքականությունից, բայց ինչպես, իրենք պետք է ասեն, որովհետեւ իրենք գիտեն , իրենք են տիրապետում ինֆորմացիային , թե ով , երբ եւ որքան ապրանք ներմուծում  եւ ինչ մեխանիզմներ են աշխատում, որպեսզի այլ մարդիկ չկարողանն ներմուծել»,-եզրափակում է Վարուժան Հոկտանյանը:

Ավետիք Իշխանյանը կոռուպցիայի դեմ պայքարից խոսելն անօգուտ է համարում, քանի դեռ  բիզնես ունեցողներն են կառավարություն կազմում:

Կոռւպցիայի դեմ պայքարի առանձին դեպքերը կամ առանձին անհանտների ձերբակալությունները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահն ուղղակի շղարշ է համարում, որը նրա խոսքով, 2 պատճառ կարող է ունենալ:  

«Դա տեղի է ունենում մի կամ այն դեպքում, երբ տվյալ անձը  դեպի վերեւ կոռուպցիայի վերաբաշխման մեխանիզմից դուրս  է եկել եւ ինքնուրույն է զբաղվում կոռուպցիայով,  երկրորդ, այս ապրիլյան պատերազմը եւ միջազգային կառույցների հորդորները ստիպում են իշխանությանը գնալ  նման ձեւական քայլերի` կրճատումներ, սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցում…: Այս փակ շրջանը փոխել հնարավոր է, բայց հրաշք պետք է լինի, որ իշխանության գան նոր մտածողության տեր մարդիկ, որովհետեւ ներսից կոռուպցիայի դեմ պայքարին ես չեմ հավատում: Ավելին, եթե նույնիսկ նախագահը , վարչապետը կամ  ինչ-որ նախարար հանկարծ որոշի, որ իսկապես հարկավոր է կոռուպցիայի դեմ պայքարել, ինչը իհարկե երեւակայության ժանրից է, նա առնվազն դուրս կմղվի իշխանությունից,  իսկ եթե ավելի լուրջ փորձի պայքարել, նրա նկատմամբ մահափորձ կլինի, որովհետեւ ամբողջ համակարգը փտած է»,-ասում է Ավետիք Իշխանյանը:

Անի Սայադյան

MediaLab.am