«Ակնկալում ենք բիոմետրիկ անձնագրերի տրամադրման կասեցման պատճառների վերաբերյալ հստակ և սպառիչ ինֆորմացիայի հրապարակում»․ Հայտարարություն

28-09-2016
32008 դիտում
«Ակնկալում ենք բիոմետրիկ անձնագրերի տրամադրման կասեցման պատճառների վերաբերյալ հստակ և սպառիչ ինֆորմացիայի հրապարակում»․ Հայտարարություն

Հայաստանում 2012 թվականին սկսվեց կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ 2014թ հունվարից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր պետք է տրվեր կենսաչափական անձնագիր, դրան զուգահեռ ներդրվեց նաև նույնականացման կամ ID քարտը: Այսպիսով, քաղաքացիները 2014 թ. հունվարից կարող էին ստանալ միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ վճարելով 25000 դրամ, նույնականացման քարտի հետ միասին՝ 28000 դրամ: Տեղեկացնենք, որ 2014 թվականից մինչ օրս կենսաչափական անձնագիր ստացել է մոտ 300 հազար քաղաքացի:

Դեռևս ս. թ. հունիսի կեսերից բազմաթիվ քաղաքացիներից ստացվեցին բողոքներ ձևաթղթի քանակը սպառվելու պատճառով կենսաչափական անձնագիր   չստանալու մասին, քանի որ Քաղաքացիների դժգոհություններին  անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ, հարցը թեժ քննարկումների առիթ դարձավ նաև սոցիալական ցանցերում:

Մեր կազմակերպությունները ելնելով ՀՀ և ԵՄ միջև երկխոսության, մասնավորապես, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման և հետընդունման ոլորտներում ուսումնասիրության հարուստ փորձից և հաշվի առնելով վերոհիշյալ ոլորտներում ՀՀ-ի գրանցած հաջողություններն (մասնավորապես, անձնական տվյալների պահպանման, կենսաչափական անձնագրերի ներդրման, անձնագրային բաժիններում քաղաքացիների սպասարկման բարելավման, տեխնիկական վերազինման հարցերում) ու Վիզաների ազատականացման հաջորդ փուլի՝ Վիզաների երկխոսության անցման հնարավորությունը՝ ուշադիր հետևել  են  դեպքերի զարգացմանը՝ ակնկալելով այս կարևոր հարցի  պատշաճ լուծում ստանալը:  Պետական իրավասու մարմիների կողմից սկզբնական շրջանում նշվում էր, որ խնդիրներ են առաջացել ձևաթղթի քանակի սպառման պատճառով, մատակարար հանդիսացող լեհական ընկերության հետ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտությամբ և այլն:

Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի, Հայաստանը կենսաչափական անձնագրերի ձևաթուղթ պատվիրել է լեհական ընկերությունից (պայմանագիրը կնքվել է 2011 թ.՝ 5 տարի ժամկետով), ըստ որի ընդհանուր առմամբ Հայաստանին պետք է տրամադրվեր 304 հազար կենսաչափական անձնագիր։ Այնուհետև տեղեկացանք, որ հունվարին ավարտվող անձնագրերն ու քարտերը մատակարարող լեհական կազմակերպության հետ պայմանագիրը չի երկարացվելու, քանի որ ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տեղեկատվության. «…միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ավելի նոր փաստաթղթեր են ներդրվել՝ առավել պաշտպանված, դիմացկուն, մենք նույնպես նախատեսում ենք հետագայում նոր մրցույթ հայտարարել եւ նոր պայմաններ առաջարկել, օրինակ՝ բիոմետրիկ անձնագրի լուսանկարող էջը նախատեսենք պլաստիկ, որն ավելի դիմացկուն է»:

Հաշվի առնելով վերջին տարիներում վիզաների ազատականացման գործընթացի առաջին փուլի ներքո իրականացված բարեփոխումները (անձնական տվյալների պահպանում, կենսաչափական անձնագրերի ներդնում, փաստաթղթերի անվտանգություն, անօրինական միգրացիայի կանխարգելում),  ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շրջանակներում Հայաստանի վիզաների ազատականացման հաջորդ փուլի՝ Վիզաների երկխոսության անցման հնարավորությունը՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման կասեցման փաստը խորը մտահոգություն է առաջացնում: Ստեղծված պայմաններում վերոհիշյալ խնդիրները ԵՄ համապատասխան մարմինների կողմից կարող են ընկալվել որպես Հայաստանի իշխանությունների հետընթաց քայլ և  հարցականի տակ դնել Վիզաների ազատականացման գործընթացը (հավելենք նաեւ այն փաստը, որ սովորական անձնագիրը չի համապատասխանում ԻԿԱՕ  ստանդարտներին): Չնայած նրան, որ այս փուլում կենսաչափական անձնագրերի տրամադրումը դեռևս պարտադիր պահանջ չի հանդիսանում ԵՄ-ի հետ վիզայի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով, սակայն դա պարտադիր պայման է վիզաների ազատականացման գործընթացի շարունակման համար:

Մենք ակնկալում ենք ՀՀ Կառավարության եւ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից բիոմետրիկ անձնագրերի տրամադրման կասեցման պատճառների, կենսաչափական անձնագրերի տրամադրման վերականգնման ժամկետների և պայմանների վերաբերյալ հստակ և սպառիչ ինֆորմացիայի հրապարակում:

Մենք նաև հույս ենք հայտնում, որ պատասխանատու պետական մարմինները կարճ ժամկետներում հանրությանը թափանցիկ և հաշվետու կերպով կկարողանան լուծել կենսաչափական անձնագրերի տրամադրման հետ կապված բոլոր խնդիրները՝դրանով իսկ ապացուցելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը և վիզաների դյուրացման գործընթացի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հ/կ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հ/կ

Թվային Իրավունքեր ՀԿ