«Այս հասարակության պայմաններում չես կարող ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել»․ քաղտեխնոլոգ

04-10-2016
14483 դիտում
«Այս հասարակության պայմաններում չես կարող ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել»․ քաղտեխնոլոգ

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների մեծամասնությունում հաղթեց իշխող ՀՀԿ-ն, քանի որ ընտրություններն անցան այնպես, ինչպես անցել էին վերջին 25 տարվա ընթացքում, այսինքն՝ իր դերակատարությունն ունեցավ զանգվածային ընտրակաշառքը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Երբ ընտրակաշառքը լինում է, ապա չեք կարող գտել ընտրություններում իրական հաղթողին: Երկրորդ, հասարակության կառուցվածքը և որակական պատկերը դարձել է այնպիսին, որ այս հասարակության պայմաններում չես կարող ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելա,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն հաղթել է համայնքների մեծամասնությունում, անգամ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում, որտեղ վերջին համապետական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն պարտություն էր կրել, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջին տեղն է զբաղեցնում:

Չնայած այս ՏԻՄ ընտրությունները առանձնանում էին նրանով, որ մեծ քանակով ընդդիմադիր կուսակցություններ էին մասնակցում դրանց, սակայն փոփոխության հասնել չհաջողվեց: Գյումրիում առաջին տեղում ՀՀԿ կողմից հովանավորվող «Բալասանյան» դաշինքն է՝ 34.64%-ով,  իսկ Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 14 858 ձայն՝ 37.55%-ը՝ դարձյալ գրավելով առաջին տեղը: Սա այն ֆոնին, երբ վերջին տարիներին հանրության տարբեր շերտեր բարձրաձայնում են երկրում փոփոխությունների կատարելու անհրաժեշտության մասին:

Արմեն Բադալյանն ասում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարևոր ազդեցություն է ունենում ընտարակաշառքը: Հասարակությունն այլևս իմունիտետ, նաև ցանկություն էլ չունի այդ ընտրակաշառքի դեմ պայքարելու:

«Ովքեր ցանկություն ունեն, նրանք փոքրամասնություն են, այսինքն՝ մեծամասնությունը գումարը վերցնում է: Դա ցույց է տալիս մեկ բան՝ Հայաստանում ընտրությունների համակարգը չի աշխատում, և ընտրությունների միջոցով չես կարող գալ իշխանության»,- ասում է ասում է Արմեն Բադալյանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը ոչ թե պատրաստ չէ փոփոխություններին, այլ պարզապես այդ մարդկանց պետք չէ փոփոխություն: Նրանք, ովքեր ցանկանում են փոփոխություն և պատրաստ են դրան, մասնագետի խոսքով, այլևս հնարավորություն չունեն ինչ-որ բան անելու:

«Իսկ մեծ մասը, որը գումար է վերցնում, փոփոխություններին ոչ պատրաստ է, ոչ էլ պատրաստ չէ, ուղղակի բավարարվում է օրվա կյանքով»,- ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ չի հասունացել ու չի հասունանալու պահը, երբ մարդիկ ընտրությունների միջոցով փոփոխություններ կարող են անել, որովհետև արտագաղթն իր դերակատարումն ունեցել է: Այսօր հասարակության որակական հատկանիշն այնպիսին է, որ հասարակությունն ընտրությունների միջոցով չի կարող իշխանափոխություն անել, որովհետև մնացած ընտրազանգվածի մեծ մասը մարգինալացված, հույս չունեցող ու ապագա չտեսնող մի զանգվածի է վերածվել: Իսկ այդ զանգվածով, ըստ նրա, հնարավոր չէ ոչ մի հաջողության հասնել:

«Փոփոխության համար կա հետևյալ ելքը՝ այն քաղաքական ուժերը, ովքեր ցանկանում են գալ իշխանության, նրանք պետք է կամ Մոսկվա գնան, այնտեղից նշանակում բերեն, կամ պետք է գնան Վաշինգտոն, կամ Բաղրամյան 26, կամ էլ պետք է գնան Սասնա ծռերի ճանապարհով: Հասկանալի է, որ վերջին ճանապարհով չեն գնա, մնում են երեք տարբերակները՝ Մոսկվա, Վաշինգտոն և Բաղրամյան 26»,- ասում է Արմեն Բադալյանը:

Միակ ճանապարհը, որն իմաստ չունի օգտագործել, հասարակության մոտ գնալն է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, հավելում է նա:

Գառնիի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած, բայց պարտություն կրած Արուսյակ Այվազյանը, ով հայտնի է Քաղցրաշենի ոռոգման համակարգի դեմ ակտիվ պայքարով, կարծում է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ փոփոխությունների:

«Մարդիկ ոչ թե հանուն ինչ-որ բանի են գնում, այլ ուղղակի դեմ են արտահայտվում: Ավելի շատ դեմ են գնում իշխանությանը, ոչ թե հանուն մի բանի, որն ավելի լուրջ փոփոխության կարող է բերել: Իմ կարծիքով՝ դա է խնդիրը»,- «Մեդիալաբին» ասում է ԱրուսյակԱյվազյանը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունենում այն, որ ՀՀԿ-ն իշխող ուժ է, հնարավորությունները մեծ են:

«Ես ընդհանրապես կուսակցություններին դեմ եմ: Մարդիկ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն անհատին, թե ով է արժանի ընտրվելու: Երևի շատ վատ ապրելուց է, թե այլ խնդիր կա, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում անհատ թեկնածուներին: Բացի այդ, մարդիկ դեռևս չեն ձերբազատվել ազգակցական կապանքներից: Մյուս կողմից էլ, քանի որ վատ են ապրում, մի փոքրիկ գումար էլ որ տալիս են, գայթակղվում են: Մարդկանց այն աստիճանի են հասցրել, որ ուզում են այդ գումարը վերցնել՝ չմտածելով, որ արդեն մյուս մարդկանց իրավունքներն են ոտնահարում»,- ասում է նա:

Արուսյակ Այվազյանը նկատում է, որ ընտրական տեղամասերում այս ՏԻՄ ընտրություններում շոշափելի խախտումներ չեն եղել, մինչև ընտրատեղամաս գալն է աշխատանք տարվել մարդկանց կողմից, այդ թվում՝ հոգեբանական ճնշման տեսքով:

Այս իրավիճակից դուրս գալու համար նախկին թեկնածուն հանրությանը խորհուրդ է տալիս ակտիվ լինել, ամեն մերժելի արարքի դեմ ըմբոստանալ, ոչ թե համակերպվել ու լռել:

«Պետք է բարձրաձայնել սխալները և հասնել սխալի ուղղման: Պետք է համայնքի բնակիչները մեծ ակտիվություն ցուցաբերեն, իրենց իրավունքները պատշաճ ձևով պաշտպանեն»,- ասում է նա:

Լուսանկարում՝ Վանաձոր, ՏԻՄ ընտրություններ /«Ֆոտոլուր»/

Էմմա Մանուկյան

MediaLab.am