Տասնյակ միլիոներ «Մարտիկից»՝ «կանոնադրական նպատակների համար». Անահիտ Բախշյանի նոր բացահայտումները

20-10-2016
20813 դիտում
Տասնյակ միլիոներ «Մարտիկից»՝ «կանոնադրական նպատակների համար». Անահիտ Բախշյանի նոր բացահայտումները

«Մարտիկ» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Մեդիալաբը» խոսել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հետ:

-Տիկին Բախշյան, ապրիլյան պատերազմից հետո բարձրացվեց հարցը, թե որտե՞ղ են «Մարտիկ» հիմնադրամի՝ բանակի համար նախատեսված գումարները: Դուք խնդրի վերաբերյալ տարբեր հարցադրումներ ուղղեցիք իրավասու անձանց ու մարմիններին, ի՞նչ բացահայտեցիք:

-Ես միայն հինգ մամլո հաղորդագրություն եմ տարածել ու նամակներ՝ ուղղված Արթուր Աղաբեկյանին: Եվ վերջին նամակը ուղղված էր Սիմոն Սիմոնյանին՝ «Մարտիկի» գործադիր տնօրենին: Ոչ մի պատասխան չունեմ: Առաջին նամակին պատասխանեց Արթուր Աղաբեկյանը, որ ես զազրախոսում եմ, որ մեկ լումա չեմ դրել հիմնադրումում, բայց համարձակվում եմ հարցնել, թե որտեղ են գումարները: Ես հիմնադրամի կայքում փնտրեցի հիմնադրամի հաշվեհամարը, բայց պարզվեց, որ 2016 թվականի մայիս ամսին այդ հաշվեհամարը դեռևս «Հայխնայբանկում» է, իսկ այդ բանկը չկա:

Այդ հաշվեհամարը բացել էին 2002 թվականին և փաստացի չէր գործում: Մենք հասանք նրան, որ հաշվեհամարը բացվեց արդեն «Արդշինբանկում», և ինքս կատարեցի 100 դոլար փոխանցում և փաստորեն անդամագրվեցի «Մարտիկ» հիմնադրամին: Փոխվեց նաև «Մարտիկ» հիմնադրամի հասցեն:

Մինչ այդ, հիմնադրամի հասցեն Գևորգ Չաուշի փողոցում էր՝ Պաշտպանության նախարարության հին շենքում: Այսինքն՝ հիմնադրամը փաստացի չկար: Դրանից հետո Մելիք Ադամյան 2/1 հասցեում է գործում արդեն:

Հիմնադրամի գումարի հետ կապված պայմանն ըստ կանոնադրության հետևյալն է եղել, որ մայր գումարին չպետք է ձեռք տալ, մայր գումարն այսօր 1 մլն 200 հազար դոլարն է: Եվ ես սկսեցի հավաքել հիմադրամի հաշվետվությունները, պատգամավոր Թևան Պողոսյանը զուգահեռ հարցում էր արել, Արդարադատության նախարարությունից ստացել ենք հաշվետվությունները, որտեղ երևում է, որ այդ գումարի տոկոսները ծախսվել են:

Թե ինչ ծրագրերի և ընդհանրապես ինչի վրա են ծախսվել, հայտնի չէ: Ես հասկանում եմ, պայմանավորվածություն կա, որ մայր գումարին ձեռք չեն տալու, եթե պատերազմ չի հայտարարվում: Բայց ես ասում եմ՝ այո, պատերազմ մենք չենք հայտարարել, բայց մեզ հայտարարվել է: Ապրիլին ի՞նչ էր, որ պատերազմ չէր, այդքան զոհեր ունեցանք, պարզվեց, որ այդքան տխուր վիճակ է բանակում ու դիրքերում:

Այսինքն՝ ջրի երես ելավ իրական պատկերը, բայց ասում են՝ այդ գումարը պահում ենք, որ պատերազմի դեպքում օգտագործենք: Եթե պատերազմ լինի, այդ գումարն ի՞նչ ենք անելու, պետք է պատերազմին պատրաստվելու համար ծախսել այս գումարը, ըստ Արթուր Աղաբեկյանի առաջին կոչի՝ դրա համար է այդ գումարը: Ես այդպես էլ պատասխան չեմ ստացել և շարունակում եմ հարցնել՝ եթե մայր գումարին ձեռք չենք տալիս, տարեկան գոյացած տոկոսներն ինչի՞ վրա են ծախսվել:

-Տարեկան ինչքա՞ն գումար է գոյանում տոկոսներից:

-Տարբեր գումարներ են գոյանում: Հաշվետվությունների մեջ նշվում է, որ այդ գումարը ծախսվել է ծրագրերի վրա: Թե ինչ ծրագիր է, ինչ է, ոչինչ չի երևում: Վերջին նամակում ես դա էլ եմ գրել, որ այսօր կարիք կա այդ տոկոսների գումարները բոլոր ժամանակներում պատերազմի դաշտում վիրավորված զինվորների առողջության վերականգման հարցերը լուծելու համար ծախսել: Այդ զինվորները որոշ դեպքերում գնում են բուժվելու արտերկրում, բայց մենք կարող ենք երկրի ներսում կազմակերպել այդ ֆիզիոթերապևտիկ ու վերականգնողական բուժումը: Դրա համար շատ մեծ գումարներ պետք չենք, մենք ունենք տղաներ, ովքեր ապրիլյան պատերազմից հետո անվճար գնում ու Մուրացանի կենտրոնում մերսումներ են անում, վերականգնողական թերապիա են կազմակերպում՝ չունենալով համապատասխան գործիքներ:

Հիմա ես ասում եմ՝ եկեք, օգնեք կայացնենք այդ կառույցը, որ զինվորներին տեղ լինի, որ բուժում ստանան: Այսօր Մուրացանից դուրս են գրում, Կարմիր խաչ են ուղարկում, Կարմիր խաչում էլ բուժումն ավարտվում է, վերջ, ուղարկում են տուն, բայց հետևողական ու շարունակական բուժում չեն ստանում այդ տղաները, ինչը շատ լուրջ խնդիր է դառնում: Ես նման առաջարկ ուղարկել եմ իրենց, բայց դարձյալ ոչ մի պատասխան չկա:

Հիմնադրամի 2015 թվականի գործունեության հաշվետվությունը երբ նայում ենք, տեսնում ենք, որ 81 մլն 473 հազար դրամ է գոյացել տոկոսներից, որից կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 58 մլն 500 հազար դրամ, մնացածը կազմակերպական ծախսերն են:

Այդ հիմնադրամի աշխատակազմը 7 հոգուց է բաղկացած, ավելի քան 14 մլն դրամ գնացել է այդ աշխատակազմը պահելուն: Թե ինչ է անում այդ աշխատակազմը, հայտնի չէ, երբ հիմնադրամի կայքում նորություների բաժնում 2002 թվականից հետո ոչ մի նորություն չի տեղադրվել:

Այդ կազմն ինչ է անում, ընդհանրապես ինչով են զբաղված, ես չգիտեմ: Ասպիսով, այդ հիմնադրամում 7 հոգի աշխատում են, բայց հայտնի չէ, թե ինչ են անում, 14 մլն դրամ էլ աշխատավարձ են ստանում:

Պարզվում է՝ կանոնադրական նպատակների համար միայն նախորդ տարի 58 մլն դրամ է ծախսվել, բայց հայտնի չէ, թե ինչի վրա է այդ գումարն իրականում ծախսվել: Յուրաքանչյուր տարվա կտրվածքով, որ նայում ենք այդ ծախսերը, դա լուրջ թիվ է կազմում: Ինչո՞ւ գոնե այս տոկոսները զինվորի վրա չեն ծախսվում, զինվորի առողջության: Մեր բանակի ու երկրի հեղինակության վրա եթե չեք ծախսում, բա էլ ինչի՞ վրա եք այդ փողերը ծախսում, չիմանա՞նք:

Ես ձեզ հարցնում եմ՝ որպես «Մարտիկի» անդամ, դուք ասել եք՝ ով 100 դոլար տա, «Մարտիկի» անդամ է: Ես այդ թիմի անդամ եմ, հարցնում եմ, բայց պատասխան չկա:

2014 թվականին 107 մլն 757 հազար դրամ է ծախսվել կանոնադրական նպատակների համար: Ոչ մի բան չի բացատրվում, թե ինչ է նշանակում կանոնադրական նպատակ:

Այստեղ ես ուզում եմ մի կարևոր տեղեկություն ասել: Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը երկու անգամ տուգանել է «Մարտիկ» հիմնադրամին: Սեդրակ Սեդրակյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ-նախազգուշացում այն բանի համար, որ թերի հաշվետվություն է ներկայացրել: Նաև պարզաբանվում է, որ հաշվետվությունը համարում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն  չի բովանդակում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ բովանդակում է ակնհայտ հակասություններ:

Այսինքն՝ բովանդակությունից չի երևում, թե ինչի վրա է ծախսվել գումարը: Հանձնարարել են արդարադատության նախարարություն ուղարկել շտկված հաշվետվության օրինակը, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները: Այստեղ չեն խորանում թվերի մեջ, բայց իրենք էլ են տեսնում, որ այդ ամենն ինչ-որ շղարշով փակված է:

-Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, երբ մի կողմից մենք ունենք բանակի կարիքները հոգալու համար նախատեսված հիմնադրամ, բայց մյուս կողմից փաստացի չգիտենք, թե ինչի վրա են ծախսվում գումարները:

-Սա գնահատում եմ շատ բացասական: Այդ հիմնադրամում գումար ներդրած անձանց թիվը 12 404 մարդ է, որից վերջինը ես եմ: Այսքան մարդ 100-ական դոլար է ներդրել: Նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է այս ցանկում: Ես նամակներից մեկով հարցում էի արել՝ պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք հետաքրքրվում, թե ուր են ձեր տված գումարները: Ոչ մի պատասխան չստացա: Նախագահին էլ եմ ուղղել նմանօրինակ նամակ, ասում եմ՝ դուք «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խմբի մեջ եք, այսպես ո՞նց կլինի: Ոչ մի պատասխան չեմ ստացել, բացի առաջին նամակից, որով Արթուր Աղաբեկյանն ինձ զազրախոսության մեջ մեղադրեց:

-Նոր կառավարության ձևավորման պայմաններում իշխանությունը հայտարարում է, թե կտրուկ փոփոխություններ են սպասվում երկրում: Ինչի՞ց պետք է սկսվեն այդ փոփոխությունները, կոնկրետ այս հարցով ի՞նչ կոչ կուղղեք նոր կառավարությանը:

-Նոր կառավարությունը, որը նպատակ է դրել վերահսկել պետական բյուջեի ծախսի արդյունավետությունը և խիստ մտահոգ է ՊՈԱԿ-ներով, ԾԻԳ-երով, կոնկրետ այս հիմնադրամով էլ պետք է հետաքրքրվի: Ճիշտ է, հիմնադրամը պետական մարմին չէ, բայց այդքան մարդ ներդրում է կատարել, և մենք ուզում ենք իմանալ՝ այդ գումարի տոկոսներով ի՞նչ է անում «Մարտիկ» հիմնադրամը, ի՞նչ կանոնադրական նպատակների վրա է ծախսվում այդ գումարը: Երկրորդ, առաջարկ եմ անում կառավարությանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մայր գումարի տոկոսները ներդնել մեր վիրավոր զինվորների հետագա առողջության վերականգնման ծրագրի վրա: Այդ ծրագիրը կա, դրա համար գումար է պետք:

Էմմա Մանուկյան

MediaLab.am