«Ադրբեջանը հերթական անգամ գործարք է առաջարկում Ռուսաստանին». Ստյոպա Սաֆարյան

21-10-2016
15502 դիտում
«Ադրբեջանը հերթական անգամ գործարք է առաջարկում Ռուսաստանին». Ստյոպա Սաֆարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ թե Լեռնային Ղարաբաղին կարելի է ինքնավար մարզի կարգավիճակ տալ, մի քանի պատճառ ունի, և առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ն մեղադրանք հնչեցրեց հակամարտության կարգավորման հարցում շահագրգռված չլինելու մեջ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման  դիտարկում արեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Նաև հիշում ենք, թե ինչպես Ալիևը տրտնջաց, որ Արևմուտքն իրենից պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Եվ փաստացի որևէ կերպ Ալիևը պետք է արձագանքեր այդ հայտարարությանը՝ նշելով, որ ինքը շահագրգռված է, բայց այ իր մոտեցումները սրանք են և չեն փոխվի»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Ալիևը հրաշալի գիտե, որ Արևմուտքի օրակարգը, ի դեմս Վիեննայի պայմանավորվածությունների, այլ է, իսկ ռուսական օրակարգն այլ՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, այլ:

Եթե Սանկտ Պետերբուրգը բանակցությունների մասին է, ապա Վիեննան բանակցությունների համար պայմաններ ապահովելու:

«Եվ միակ երկիրը, որի հետ ինքը հույսեր է կապում, դա սանկտպետերբուրգյան օրակարգն է, որտեղ ըստ էության ինքն ու Ռուսաստանը միայնակ են: Բայց քանի որ բանակցություններում ինքը փաստացի առաջ շարժվելու տեղ չունի, ստիպված է նման հայտարարություն անել, որը համեմվում է նաև մեկ այլ հայտարարության հետ, որ Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելը:

Այսինքն՝ ինքն ասում է, որ եթե Ռուսաստանն իր պատկերացրած ձևով գլուխ բերի լուծումը, համաձայնվի ԼՂ-ին ինքնավար կարգավիճակ տալու լուծմանը, ապա ինքը դրա դիմաց կմտնի ԵՏՄ»,- ասում է վերլուծաբանը:

Սաֆարյանի խոսքով՝ այսինքն՝ Ադրբեջանը հերթական անգամ գործարք է առաջարկում Ռուսաստանին, ինչին մենք ականատես ենք եղել նաև 2014-2015 թվականներին:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սակայն, Արևմուտքն ուշի ուշով հետևում է այս գործընթացին և թույլ չի տա, որ նման գործարք տեղի ունենա: Բնականաբար, դրան չի համաձայնվի նաև Հայաստանը: Հետևաբար, Ռուսաստանը, որքան էլ սրտով ցանկանա Ալիևը խնդիրը լուծել, այնուամենայնիվ քաղաքական կարգավորման առումով նման տարբերակը չի կարող կյանքի կոչվել և Հայաստանի դիրքորոշման պատճառով, և նաև այն պատճառով, որ ըստ էության գործարքը բացառապես Ռուսաստանի շահագրգռությունների դաշտում է և չի ողջունվի Արևմուտքի կողմից:

«Բայց եկեք հասկանանք նաև մեկ ուրիշ բան, որ եթե անգամ Ռուսաստանն ընդունի այդ գործարքի պայմանները, ապա իրեն և Ադրբեջանին ոչինչ չի մնում անել, քան դա իրականություն դարձնել արդեն ռազմական սցենարի: Դա, իհարկե, կրկին Ռուսաստանի համար ռիսկեր պարունակում է, բայց համենայն դեպս դրա իրականացման միակ եղանակը պատերազմի ճանապարհն է: Թե որքանով Ռուսաստանը կգնա դրան, մի փոքր կասկածում եմ, իսկ Ալիևի առաջարկը կարելի է իսկապես պատերազմի առաջարկ համարել: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանում իր դիրքերը չափազանց խարխլվել են հենց իր դիրքորոշման պատճառով և ոչ դաշնակցային պահվածքի պատճառով»,- նշում է Սաֆարյանը:

Հետևաբար, նրա խոսքով, դժվար թե Ռուսաստանը նման արկածախնդրության գնա:
Ալիևի հայտարարությունները հաջորդեցին ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ սա ՌԴ կողմից տակտիկական քայլ է՝ ուղղված Արևմուտքին:

«Լավրովը, այսպես ասած, կերակրում է Թուրքիային, իհարկե, հայկական արժանապատվության հաշվին: Իրենք էլ հասկանում են, որ Հայաստանը երբեք թույլ չի տա Թուքիային ուղղակիորեն խառնվել Ղարաբաղյան հիմնախնդրին, բայց փորձում են Թուրքիային այդպես կերակրել, որ՝ հանգիստ եղեք, մեր եռակողմ՝ Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, և այս առումով Թուրքիան թող հանգիստ լինի, որովհետև պայմաններն անխախտ են: Պատահական չէ, որ Լավրովի այս հայտարարության հենց օրերին Չավուշօղլուն խոսեց հինգ տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, և դա չի հերքվում որևէ մայրաքաղաքում, առաջին հերթին Մոսկվայում»,- հավելեց նա:

Հետևաբար, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, սա ուղղակի տակտիկական քայլ է Ռուսաստանի կողմից, որն Արևմուտքին խոցելու համար ասում է, թե կողմ է գործընթացին Թուրքիայի մասնակցությանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am