«Եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ, եվ դրա գինը, եթե Ռուսաստանը վճարի, լինելու է Ղարաբաղը»․ Արա Պապյան

03-11-2016
13890 դիտում
«Եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ, եվ դրա գինը, եթե Ռուսաստանը վճարի, լինելու է Ղարաբաղը»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Մեդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

֊Պարոն Պապյան, վերջին շրջանում շփման գծում իրավիճակի սրացում ենք նկատում: Տեսակետներ կան, որ Ադրբեջանն ինչ-որ բանի է պատրաստվում, ի՞նչ է կատարվում:

֊Ադրբեջանը ցույց է տալիս, որ հակամարտությունը սառեցված չէ և կրակոցներով ու ու սպանություններով տաք է պահում այդ ամենը: Ես չեմ կարծում, որ հիմա՝ ձմռան նախաշեմին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ կձեռնարկի, որովհետև հարմար չէ հարձակվողական զրահատեխնիկան օգտագործելու առումով: Չեմ բացառում, որ դա տեղի կունենա 2017 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններից առաջ կամ հետո: Ամենայն հավանականությամբ, դա կլինի հետո, քանի որ ընտրությունները կկեղծվեն, ժողովուրդը դժգոհություն կարտահայտի, կհիասթափվի մեկ անգամ ևս, և այդ ալիքի վրա Ադրբեջանը գուցեև փորձի ինչ-որ գործողություններ ձեռնարկել:

֊Վերջին շրջանում ընդհանրապես Ալիևը կարծես ակտիվություն է ցուցաբերում, հայտարարություն արեց, որ ԼՂՀ-ն կարող է լինել ինքնավար մարզ: Ի՞նչ նպատակ ունեն նմանօրինակ հայտարարությունները:

֊Նախ ասեմ, որ ինքնավարության մասին այդ հայտարարությունն անհեթեթ է: Առաջինը, Ղարաբաղն ուներ ավելի բարձր կարգավիճակի ինքնավարություն ԽՍՀՄ-ի կազմում: Ինչու եմ ասում՝ ավելի բարձր, որովհետև այդ ինքնավարությունը գոնե կարող էր վերահսկվել ոչ միայն Բաքվից, այլ նաև Մոսկվայից: Այսինքն՝ կար ինչ-որ մեկը, որին կարելի էր անմիջականորեն բողոքել: Եվ մենք տեսնաք, որ այդ ինքնավարությունը սուտ դուրս եկավ, բավական փուչ բան էր: Վերջում՝ 1970-80-ական թվականներին արդեն այն վիճակին էր հասել, որ մի հատ դպրոցի ուսուցիչ առանց Բաքվի համաձայնության չէին կարող նշանակել:

Մյուս կողմից մենք ունենք մեկ այլ ինքնավարության՝ հայկական ինքնավարության օրինակ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության օրինակը: Երբ ստեղծվեց այդ ինքնավար հանրապետությունը՝ հայկական ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, մենք տեսանք, որ շատ արագ, մոտ 20 տարվա մեջ հայաթափ արեցին Նախիջևանը: Այսինքն՝ մենք ունենք Նախիջևանի վատ օրինակը: Այս հայտարարությունը ցույց է տալիս մեր դիվանագիտության սխալները, որովհետև եթե մենք անընդհատ շեշտենք Նախիջևանի օրինակը, անընդհատ օրինակ բերենք այն, որ տեսեք, հայությունը Նախիջևանում ենթարկվել է ցեղասպանության, այսօր Ալիևը չէր օգտագործի «ինքնավարություն» բառը, որովհետև դա կապված կլիներ Նախիջևանի հետ: Մենք չենք խոսում Նախիջևանի մասին, չենք խոսում մեր իրավունքների մասին, Ալիևն էլ պարբերաբար խոսում է: Հիմա, եթե «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինն օգտագործենք, այդ տերմինաբանություն ասում է, որ եթե դու խաղում ես ու գոլ չես խփում, ի վերջո հակառակորդն է այդ գոլը խփում: Մենք բազում գոլային պահեր ենք ունեցել: Նույն Ջուղայի օրինակը կարող ենք բերել, հիշում ենք Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, որը շատ մեծ աղմուկի հնարավորություն էր տալիս՝ ցույց տալու, որ եթե տարածքում գոյություն չունեցող ժողովրդի ժառանգությունն է ոչնչացվում, ուր մնաց այդ ժողովուրդը կարողանա այդտեղ ապրել: Այդ համեմատությունները մեր կողմից չարվեցին, հիմա Ալիևն է անում, և բնականաբար, որևէ առաջընթաց չեմ ակնկալում բանակցություններում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Ալիևը նպատակ չունի լուծելու այդ հակամարտությունը, իրեն պետք չէ լուծել այդ հակամարտությունը: Այդ հակամարտության գոյությունը նրան ոչնչով չի խանգարում, ընդհակառակը, դա Ալիևին հնարավորություն է տալիս Ադրբեջանը պահել մշտապես միջազգային հարաբերությունների կիզակետում: Եկեք մի պահ պատկերացնենք, որ եթե չլիներ ԼՂ հակամարտությունը, ո՞վ այսօր ընդհանրապես կիմանար Ադրբեջանի տեղի մասին: Հայերի մասին գոնե Ցեղասպանության, հայկական Սփյուռքի շնորհիվ գիտեին, իսկ Ադրբեջանի տեղն ո՞վ կիմանար: Դրա համար կոնֆլիկտը պահելը Ալիևին ձեռնտու է, իրեն դա չի խանգարում: Այ եթե մենք ժամանակին առաջ գնայինք դեպի Կուր և փակեինք ճանապարհը, որ նա չկարողանար նավթ ու գազ վաճառեր, այսօր ինքը մեր ոտքերը կընկներ և ամեն ինչի կհամաձայնվեր: Այս վիճակում ի՞նչն է իրեն խանգարում, կոնֆլիկտ է թող մնա, ինքը նավթը ծախում է, ներդրումներ անում է, ձեռի հետ էլ թալիշներին, լեզգիներին և այլոց ուղարկում է հայերի դեմ, աղում: Այսինքն՝ նրա կողմից լուծման գնալու որևէ շահագրգռվածություն չկա:
Լուծման գնալու միակ շահագրգռվածությունն այն կլինի, եթե մենք զրկենք Ալիևին նավթ ու գազ վաճառելուց, այսինքն՝ եթե լինի ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ հայերի:

֊Միաժամանակ, վերջին շրջանում Ալիևը խոսեց Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորության մասին: Սա ի՞նչ նպատակով է արվում, ռուսներին փորձում են գայթակղե՞լ:

֊Ինքը գայթակղում է Ռուսաստանին և անձամբ Պուտինին: Ռուսաստանի քաղաքականությունը ձախողվել է, Ռուսաստանը հայտնվել է Արևմուտքի հետ դիմակայության մեջ, ինչը շատ ծանր է Ռուսաստանի համար: Հիմա Ռուսաստանին պետք է ցույց տալ ինչ-որ հաջողություններ, և եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ, այդ դեպքում կասեն՝ տեսեք, ինչքան լավն է այդ ԵՏՄ-ն, գալիս են, ընդլայնվում ու հզորանում է: Գումարած դրան, Ռուսաստանն էլի օգուտներ կունենա՝ նավթի ու գազի վաճառք: Եվ դրա գինը, եթե Ռուսաստանը վճարի, լինելու է Ղարաբաղը: Բայց այստեղ ես մեծ թերահավատություն ունեմ: Առաջին թերհավատությունն այն է, որ Ռուսաստանը կկարողանա պարտադրել Հայաստանին Ղարաբաղի հարցում, մյուսն այն է, որ Ալիևն ինքը չի ուզենա, որովհետև էլի եմ կրկնում, Ղարաբաղն Ալիևին պետք չէ, դա ուղղակի հարմար պատրվակ է՝ ճնշելու սեփական ժողովրդին, հսկայական ռազմական ծախսեր անելու: Իսկ եթե ինքը մտնի ԵՏՄ, նշանակում է իր անձնական եկամուտներն ու շահերը կիսելու է Մոսկվայի հետ, այսինքն՝ իր գլխին մի վերահսկիչ է լինելու: Այսօր ոչ ոք իրականում չգիտի, թե որքան նավթ է վաճառում Ալիևը: Հետևաբար, երբ մենք Ալիևի շահերի տեսակետից համադրում ենք, թե իրեն ինչ է պետք՝ Ղարաբաղը, թե՞ նավթն ու գազը, տեսնում ենք, որ նավթն ու գազն է պետք: Չեմ կարծում, որ իրականում Ալիևը կմտնի ԵՏՄ, ինքը կխոսի այդ մասի, բայց չի գործի: Իսկ ռուսները, եթե հիմար լինեն, կուլ կտան այդ խայծը և կփորձեն հայերին ճնշել, բայց Ալիևը հաստատ վերջնական խոստում չի տա: Ալիևը լավ է հասկանում, որ եթե ռուսները փորձեն հայերին Ղարաբաղի հարցում ճնշել, ռուսները կկորցնեն, իսկ դա Ալիևին ձեռնտու է: Ռուսական վարկանիշն անկման փուլում է Հայաստանում, ինչքան հայ-ռուսական հարաբերությունները լարվեն ու վատանան, այնքան Ալիևի օգուտն է: Այսինքն՝ Ալիևը խառնակչությամբ է զբաղվում, հիմա տեսնենք ռուսների խելքի չափը:

֊Պարոն Պապյան, ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ ունենք այսօր, կարծես բանակն արդիականացնելու հարցում առաջընթաց է գրանցվում:

֊Հիմա կարծես թե բարելավում կա, որոշակի նոր սարքավորումներ, զինատեսակներ ու ինժեներական կառույցներ կան: Բայց դա բավարար չէ, որովհետև ապրիլյան պատերազմից հետո, ցավոք սրտի, ամենակարևոր բանը տեղի չունեցավ՝ չպատժվեցին մեղավորները: Այդ գեներալները տասնյակ ու հարյուրավոր միլիոններ են կերել, թալանել են բանակը, որի պատճառով մարդկային կյանքեր են զոհվում, բայց ոչ ոք չպատժվեց: Մի երկու հոգու ձևի համար համար հանեցին աշխատանքից, ձևի համար մի քանի գործեր հարուցվեցին, մի քանիսն էլ պաշտոնի բարձրացում ստացան, փոխանակ պատժվեին և իրենց ծերությունը բանտում անցկացնեին: Դրա համար ես արմատական փոփոխություն չեմ տեսնում, չնայած դեռ հույս ունեմ: Բայց եթե առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում լուրջ քրեական գործեր չհարուցվեն, նշանակում է, որ հերթական ձևական PR է, որն արվում է ընտրություններից առաջ մի քիչ վիճակը մեղմելու համար: Երկու ոլորտում բացասական իրավիճակ տեսանք, մեկը պաշտպանությունն է: Մեզ խաբում էին, որ ամեն ինչ լավ է, մենք գիտեինք, որ լավ չէ, բայց հենց խոսում էինք, բերաններիս էին գալիս, ասում էին՝ դուք չգիտեք: Հիմա բոլորը դա տեսան, տեսան վառելիքի, զենքի պակասը: Փորձում են իրավիճակը շտկել, դրա համար Վիգեն Սարգսյանին նշանակեցին նախարար: Մյուս ոլորտը ընդհանուր տնտեսությունն է, դրա համար նոր վարչապետ նշանակվեց: Երկուսն էլ բավական լավ PR են անում, բայց ռեալ արդյունքներ ենք ցանկանում տեսնել: Քանի որ մեր վիճակը շատ վատ է, մանր փոփոխությունը չի փրկի, միայն արմատական բարեփոխումներ պետք է արվեն:

Էմմա Մանուկյան

MediaLab.am