«Ռուսական կողմն իզուր է ուրախանում Թրամփի հաղթանակով». Ստյոպա Սաֆարյանը պարզաբանում է, թե Ի՞նչ է սպասվում Հայաստանին

09-11-2016
12322 դիտում
«Ռուսական կողմն իզուր է ուրախանում Թրամփի հաղթանակով». Ստյոպա Սաֆարյանը պարզաբանում է, թե Ի՞նչ է սպասվում Հայաստանին

ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, սպասվում էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու էր Հիլարի Քլինթոնը, բայց հաղթեց Դոնալդ Թրամփը: Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը:

-Թռուցիկ մի քանի գնահատական տանք ամերիկյան ընտրարաշավին:

Ակնհայտ է, որ սկզբնական շրջանում Թրամփի շանսերն անգամ հավասար չէր Հիլարի Քլինթոնի շանսերի հետ, թեպետ Հիլարի Քլինթոնի նկատմամբ էլ այդպես համատարած ոգևորություն չկար: Կային քննադատություններ ու դժգոհություններ նրա նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Թրամփն իսկապես ամերիկյան հասարակության մի շրջանակի բողոքն է, որը պարզվեց, որ իսկապես կարող է հաղթանակել:

Բողոք արտաքին ու ներքին քաղաքականություններից, որոնք սխալների տեսքով թույլ են տրվել ամերիկյան քաղաքականության մեջ: Այսինքն՝ տեսանելի էր, որ այդ բողոքում Թրամփը միայնակ չէ, տեսանելի էր, որ թվիթերյան նրա գրառումներն ավելի շատ տարածումներ էին գտնում, քան Հիլարի Քլինթոնի գրառումները, բայց միևնույն է, Ամերիկան համարելով շատ խորը և լուրջ պետություն, այնուամենայնիվ չէիր ուզում մտածել, որ այդ բողոքը մեծամասնության բողոք կդառնա: Առաջին հեռուսաբանավեճում Հիլարին ակնհայտ հաղթանակող էր, և եթե անգամ չլինեն էլ հեղինակավոր գնահատականները, դա չափազանց տեսանելի էր: Երկրորդ բանավեճում ակնհայտորեն Թրամփն ավելի լավ պատրաստված գնաց, երրորդում երկուսն է էլ հավասարապես և խոցելի էին, և շահեկան վիճակում:

Ես Թրամփին չեմ համարել և երբեք չեմ համարելու Ռուսաստանի թեկնածուն, ինչպես որ շատերն են ասում: Բայց ակնհայտ էր, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հիլարի Քլինթոնի մեյլերի հետ կապված այդ կոմպանիան այնուամենայնիվ ազդեց Հիլարիի շանսերի վրա, թե ոնց կարող է պետական պաշտոնյան անձնական մեյլից պետական գաղտնիքներ գրել կամ դրանք վերացնել՝ առանց տեղյակ պահելու: Որքան էլ Հիլարի Քլինթոնը արդարանում էր և փորձում բացատրել, որ իր սխալի պատճառով ճակատագրական ոչ մի բան տեղի չի ունեցել, միևնույն է, արդեն դա ազդում էր նման բարձր պաշտոն զբաղեցնելու համապատասխանության վրա: Եվ դա ազդեց այն առումով, որ անընդմեջ կապվում է ամերիկյան հասարկության անվտանգության հետ: Իսկ այն, ինչ կապվում է այդ հասարակության անվտանգության հետ, դա ազդում է, որովհետև այնուամենայնիվ ամերիկյան հասարակությունը արդեն երկար տարիներ ու տասնամյակներ սովորեցվել է վախերի վրա կառավարելուն Վախեր, որոնք կապված են հենց նրա անվտանգության հետ:

Եվ որքան էլ Բարաք Օբամայի ընտրությունը ցույց էր տալիս, որ մուլտիկուլտուրալիզմը կարծե թե ամերիկյան հասարակությունում հաղթանակ տոնած գաղափար է, որովհետև սևամորթն առաջին անգամ դառնում է  նախագահ, միևնույն է աշխարհում ստեղծված այս քաոսային իրավիճակի պատճառով այդ բողոքական հատվածը նույն միգրանտների մեջ տեսնում էր և ահաբեկում, և վախ, և հանցագոծություն: Դրա համար այս մի քանի գործոնները, իմ դիտարկմամբ, շատ էական ազդեցություն թողեցին ընտրությունների արդյունքների վրա: Եվ ահա մենք ունեցանք նման արդյունքներ:

-Իսկ ընտրությունների այս արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա: Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ:

-Նախ, իսկապես պետք է կարևորել նախագահի անձը, որովհետև ամեն նախագահ ինքն է ինչ-որ ռեգիոնի վրա շեշտադրումներ կատարում: Օրինակ՝ Բուշ կրտսերն առանձնապես շատ մեծ կարևորություն չտվեց Մերձավոր Ալևելքին, շեշտը դրեց Արևելյան Եվրոպայի, Վրաստանի և Ուկրաինայի վրա: Նրա համար դրանք էին ֆոկուսները: Եվ, ցավոք, այդ շրջանում Հայաստանի մեկուսացումը բավական խորանում էր, քանի որ հանուն Վրաստանի կարևորվել էր թուրք-ադրբեջանական առանցքը: Ի դեպ, ռուսական կողմն իզուր է ուրախանում Թրամփի հաղթանակով, որովհետև հենց այդ շրջանում առավելապես շատ էին խոսում Ռուսաստանը շրջանցող ծրագրեր իրականացնելու մասին: Եվ այս կտրվածքով, Հանրապետական կուսակցության շեշտադրումները չափազանց տեսանելի են եղել այս տարածաշրջանում:

Հանրապետական կուսակցությանը հարող ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոնները, երբ անդրադառնում էին այս տարածաշրջանում իրենց քաղաքականությանը, նշում էին, որ սխալն այն էր, որ այդ գոտին, որն ստեղծվեց նավթամուղերով ու գազամուղերով, շատ նեղ էր, պետք էր լայն ստեղծել: Այսինքն՝ նրանք միևնույն է, առանցքը համարում էին ճիշտ, որ առանցքը Թուրքիա-Ադրբեջան-Վրաստանն է: Իսկ այս առանցքով Հայաստանի մեկուսացումն է փաստացի խորանում, շրջափակումն է խորանում է, այդ առանցքում Անկարան և Բաքուն կարողացել են միահյուսել Հայաստանի մեկուսացման քայլը: Դա Հանրապետական կուսակցության կողմից իրականացվող մի գիծն էր, որի նպատակն էր Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ուղիների ստեղծումը:

Բայց այդ այլընտրանքային ուղին ստեղծելու համար միահյուսվում էր Հայաստանի շրջափակման ծրագիրը: Եվ սա ուներ վտանգավոր հետևանք, որը Հանրապետական կուսակցության կողմից վարվող քաղաքականության, չասեմ էությունն էր, ուղղակի դրա հետևանքներից մեկը, որի համար ամերիկյան վարչակարգը չէ պատասխանատու: Երկրորդ հետևանքն այն էր, որ այդ մեկուսացումը Հայաստանի ստիպում էր նույնպես մտնել մեծ եղբոր փնտրտուքի մեջ և կախվածություն ձեռք բերել Ռուսաստանից:

Հիշեք, որ հենց նույն 2000-ականներից մինչև 2008 թվականները Հայաստանի համար ռազմավարական կարողությունները փոխանցվում էին Ռուսաստանին: Քանի որ Հայաստանն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում որևէ մեծ ֆունկցիա չուներ, բնականաբար ԱՄՆ-ն չէր էլ փորձում կանխել դա, այլընտրանք ապահովել: Այս իրավիճակը արմատապես փոխվեց դեմոկրատական կուսակցության իշխանության օրոք, Օբամայի օրոք, որովհետև նրանք շեշտը դրեցին ոչ թե Կովկասի, այլ ուրիշ ուղղության վրա: Կար Իրանի խնդիր, իսկ Իրանի խնդրի լուծում նշանակում էր իրականացնել նաև Հայաստանի մեկուսացման ճեղքումը, ինչը տեղի ունեցավ իրանական համաձայնության արդյունքում:

Օբամայի քաղաքականության արդյունքում ըստ էության բացվեց Հայաստանի հարավային սահմանը, Հայաստանին տրվեց առանցքային ֆունկցիա՝ Իրան-Պարսից ծոց-Սև ծով հաղորդուղու վրա: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանո՞ւմ է այդ ֆունկցիան կատարել, թե՞ ոչ, բայց տրվեց այդ ֆունկցիան: Հայաստանին ֆունկցիա տրվեց նաև, որովհետև այնուամենայնիվ դեպի Մերձավոր Արևելք նայող քրիստոնեական, շատ կանխատեսելի և կայուն երկիր է իրենց համար: Հիլարի Քլինթոնը երկու անգամ այցելել է Հայաստան, նա պետքարտուղար էր և շատ ավելի խորը գիտեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության նրբությունները, հայ-թուրքական գործընթացի ակունքներում կանգնած մարդ է, տիրապետում է հայկական խնդիրների բոլոր նրբերանգներին ու Հայաստանի հակառակորդ պետությունների բոլոր խորամանկություններին, տակտիկական ու ստրատեգիական քաղաքականությանը տեղյակ անձ է:

Եվ այս առումով ցավալի էր, ափսոս, որ Հիլարի Քլինթոնը չհաղթանակեց: Իսկ թե ինչ փոփոխություններ կանի Դոնալդ Թրամփը, մի քանի խնդիր կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք: Դրանք հետևյալն են՝ ո՞րն է նրա քաղաքականությունը ուկրաինական խնդրի հետ կախված, ո՞րն է նրա քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Նախկին շեշտադրումների որևէ փոփոխություն  նշանակում է Հայաստանի ֆունկցիայի փոփոխություն նույնպես՝ կամ այդ ֆունկցիայի վերացում, կամ այդ ֆունկցիայի վերաձևակերպում: Այն, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունենալու են պաշտոնական պոզիտիվ ուղղվածություն ցանկացած իշխանության օրոք, դա հաստատ է, բայց ռեգիոնալ խնդիրներում արդյոք Թրամփի քաղաքականությունը Հայաստանի համար նոր ֆունկցիա կբացի՞, ինչպես Օբաման բացեց, սա մեծ հարցական է, անորոշություն: Իսկ եթե դատենք Հանրապետական կուսակցության գծով, ապա մենք կարող ենք դրա համար անալոգ ընտրել Բուշ կրտսերի պաշտոնավարման ժամանակաշրջանը:

Էմմա  Մանուկյան

MediaLab.am