Վրաստանում կանանց սեռական խեղումների դեպքեր են բացահայտվել

11-11-2016
24927 դիտում
Վրաստանում կանանց սեռական խեղումների դեպքեր են բացահայտվել

Իշխանությունները պնդում են, որ անտեղյակ են եղել էթնիկական փոքրամասնության համայնքում նման պրակտիկայի կիրառման մասին:

IWPR-ի իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի արեւելքում բնակվող էթնիկական ավարական համայնքում հարյուրավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման զոհ են դառնում:

Երբ պարզվեց, որ Կվարելիի շրջանում, որը հիմնականում բնակեցված է էթնիկական ավարներով, Տիվի, Սարուսո եւ Չանտլիսկուրե գյուղերում գոյություն ունի մանուկ հասակում աղջիկների սեռական օրգանների խեղման/հատման սովորույթը, Վրաստանի իշխանությունները խոստացան հետաքննություն անցկացնել:

«Մենք մահմեդականներ ենք: Մենք պահք ենք պահում Ռամադանի ժամանակ: Թլպատումը նույնպես մեզ հատուկ սովորույթ է: Մենք չենք կարող այն չկիրառել», - ասում է Սարուսո գյուղի բնակչուհի Նայիդան: Նրա անունը, ինչպես հոդվածի բոլոր հերոսների անունները, փոխված է:

Վրաստանի սահմանադրությունը երաշխավորում է է յուրաքանչյուրի՝ կրոնի ու հավատքի ազատությունը, սակայն այն նաեւ ամրագրում է առողջ կյանքի իրավունքը: Ավելին՝ Վրաստանը միացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային:

Իշխանությունների պնդմամբ՝ այս ամենի մասին նրանք երբեւէ տեղեկություն չեն ունեցել, իսկ որեւէ տեղական հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություն չի բարձրաձայնել կանանց սեռական օրգանների խեղումների (ԿՍՕԽ) պրակտիկայի կիրառման մասին:

Վրաստանում ավարական համայնքի մասին ընդհանուր առմամբ այնքան էլ տեղեկացված չեն. այն կովկասյան էթնիկական ցեղախումբ է, որի պատմական հայրենիքը Ռուսաստանում՝ Դաղստանի հանրապետության լեռնային շրջաններն են: Տասնութերորդ դարում հարեւան Վրաստանի Կվարելիի շրջանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացման ֆոնին՝ ավարների մի մասը հաստատվեց այստեղ, եւ այժմ նրանց շուրջ 3000 ժառանգորդներ բնակվում այդ շրջանում:

Չնայած նրան, որ ավարներն ապրում են Վրաստանի հեռավոր շրջաններից մեկում՝ մեկուսացված լինելով իրենց հայրենիքից, նրանք հավատարիմ են սեփական մշակույթին եւ ավանդույթներին, պահպանելով ավարական լեզուն, խոհանոցը ամուսնության եւ հուղարկավորության ծիսակատարությունները եւ կրոնական սովորույթները: Ավարները, որպես կանոն, ամուսնանում են միայն սեփական համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Սարուսո գյուղի բնակչուհի Ամինա Մագոմեդովան վերջին 20 տարիների ընթացքում զբաղվում է աղջիկների թլպատման ծիսակարգի իրականացմամբ եւ անգամ չի հիշում, թե քանի աղջիկների հետ է այս միջամտությունն իրականացրել, միայն ասում է, որ «շատ շատերն են եղել»:

«Մահմեդականները թլպատում են թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին: Ես միայն աղջիկների հետ գործ ունեմ», - ասում է Մագոմեդովան:

Տղաների թլպատումը տեղի է ունենում շրջանային հիվանդանոցում, որտեղ վիրաբուժական միջամտությամբ է այն իրականացվում:

Աղջիկների դեպքում այս ծիսակարգն իրականացվում է տնային պայմաններում: Մաշկը կտրում են մկրատով, որից հետո վերքը մշակվում է սպիրտով:

«Ծլիկի ծայրին սեւ կետ կա, հենց դա եմ ես կտրում: Ինձ այդպես է սովորեցրել սկեսուրս: Նա փորձված էր, եւ գյուղում բոլորը նրան էին դիմում: Ես չեմ անում սա օտար մարդկանց համար, այլ միայն իմ ծանոթների», - ասում է նա:

«Տղաների հետ մի փոքր բարդ է, այդ պատճառով նրանց դեպքում այդ միջամտությունը պետք է բժիշկն իրականացնի: Աղջիկների մոտ պարզապես կտրվածք է արվում: Այո, արյուն է գալիս, բայց դա սարսափելի չէ: Նրանք կարող են հագնել իրենց վարտիքներն ու հանգիստ գնալ», - պատմում է Մագոմեդովան:

Օգոստոսին «Իրավական նախաձեռնություն հանուն Ռուսատանի» ՀԿ-ի հրապարակած զեկույցում բացահայտվեց, որ տասնյակ հազարավոր ավար կանայք են սեռական օրգանների խեղման զոհ դառնում Դաղստանում:

Սարուսո գյուղից Նադիան պատմում է, որ այս բացահայտմանը հետեւած լրատվական արձագանքը վրդովեցրել էր իրեն:

«Երբ կարդացի ֆեյսբուքում տեղ գտած մեկնաբանությունները, ինձ վիրավորված զգացի: Ոմանք ծիծաղում էին մեզ վրա, մյուսները՝ ծաղրում: Իսկ ես պատասխանեցի նրանց, որ մեր սովորույթները ծաղրելու փոխարեն, լավ կլինի՝ սեփական ավանդույթները պահպանեն: Մենք մահմեդականներ ենք եւ առաջնորդվում ենք մահմեդական սովորույթներով: Ես չեմ ամաչում սրա համար, ես պահպանում եմ իմ հավատքը», - ասում է Նադիան:

Զեկույցի հեղինակներից մեկի՝ Դոնի Ռոստովի պետական ծառայության հյուսիսկովկասյան ակադեմիայի քաղաքագիտության եւ էթնիկական քաղաքականության ֆակուլտետի ասպիրանտ Սայիդա Սիրաջուդինովայի խոսքով՝ Դաղստանում կանանց սեռական օրգանների խեղման (ԿՍՕԽ) այս պրակտիկայի սկզբնաղբյուրներն անհայտ են:

«Ազգագրագետ Յուրի Կարպովը կանանց թլպատումը նախաիսլամական սովորույթ է համարում… սակայն սա միայն նրան ենթադրությունն է: Սխալ կլիներ միայն սրա վրա հիմնվելը: Որեւէ աղբյուր չկա, որը հստակ բացատրություն կտա
 
Դաղստանում կանանց թլպատման սովորույթի առաջացման վերաբերյալ: Այս ավանդույթը ավարների հետ տեղափոխվեց Վրաստան, որտեղ նրանք հաստատվեցին», - պատմում է Սիրաջուդինովան:

«Իրավական նախաձեռնություն հանուն Ռուսաստանի» ՀԿ-ի հետազոտողների խոսքով՝ Դաղստանում կանանց թլպատման որեւէ ընդհանուր չափանիշ չի եղել:

«Սեռական օրգանների վիրահատության եղանակներն ու ձեւերը կախված են այդ միջամտությամբ զբաղվող կանանց փորձից, աղջիկներին նման ծիսակարգի իրականացման համար այստեղ բերող գյուղացի կանանցից եւ անգամ նրանց բնակության շրջանից», - նշվում է զեկույցում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առանձնացված ԿՍՕԽ չորս եղանակներից երեքն ընդունված են Դաղստանում՝ հատում եւ արյան բացթողում, ծլիկի որոշ հատվածի հեռացում, ծլիկի եւ փոքր սեռական շուրթերի ամբողջական հեռացում:

Սարուսոյում գործող պրակտիկայի համաձայն՝ տեղի է ունենում հատում, որին պետք է հետեւի արյունահոսությունը: Իսկ, օրինակ, Տիվիյում եւ Չանտլիսկուրում կտրում են ծլիկի ծայրը:

«Մի փոքր հատված կա, կարծես սերմ լինի: Դա են հեռացնում», - ասում է Տիվիի բնակիչներից մեկը:

Նադիայի զարմուհին՝ Զարիպաթը, երեք դուստր ունի: Նրանցից երկուսն արդեն թլպատման են ենթարկվել: Զարիպաթը դժկամությամբ գնաց այս քայլին, բայց ստիպված էր եղել տեղի տալ սկեսուրի ճնշմանը, չնայած վերջինս հետագայում զղջացել էր սովորույթի պահպանման վրա պնդելու համար:

«Երբ տեսա, թե ինչպես էին նրանք լաց լինում, զղջացի արածիս համար: Հանուն ինչի՞: Միթե՞ առանց դրա նրանք իսկական մահմեդականներ չէին լինի», - ասում է աղջիկների տատիկը՝ Մուսլիմաթը:

«Գյուղացիները կհարցնեին, թե ինչու աղջիկներին չենք թլպատել: Նրանք ասում են՝ պետք է անել դա, մենք մահմեդականներ են ք: Եթե չանեի, կսկսեի անհանգստանալ, որ նրանք թլպատված չեն ու մաքրակրոն մահմեդականներ չեն», - ասում է նա:

Կրոնական պատճառներց բացի, տեղացիները նշում են, որ այս միջամտությունը նաեւ կոչված է փոխելու կնոջ անհատականությունը:

«Ասում են՝ թլպատումից հետո կնոջ բնավորությունը պակաս բուռն է լինում, եւ նա [արտամուսնական] կապեր չի ունենում», - ասում է գյուղացի կանանցից մեկը:

Այնուամենայնիվ, կան ընտանիքներ, որոնք հրաժարվում են հետեւել ավանդույթներին:
 
«Սա արվում է նրա համար, որպեսզի կինը տղամարդու կարիք չզգա անկողնում: Բայց եթե ընտանեկան կյանքում հետաքրքրություն չկա, ինչի՞ է նման այդ ընտանեկան կյանքը: Պարզապես ապրելու են միասի՞ն: Ո՛չ, ես իմ աղջկան չեմ թլպատելու», - ասում է Տիվի գյուղի բնակչուհի Իմանաթը:

Իմանաթն իր ընտանիքով բնակվել է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, նախքան մի քանի տարի առաջ Տիվի տեղափոխվելը: Կնոջ պնդմամբ՝ ԿՍՕԽ պրակտիկան իրականում կապ չունի Իսլամի հետ:

«Մուֆթիներից մեկն ասում է, որ դա արվում է կանանց կողմից անառակությունը կանխելու համար: Բայց հենց տղամարդն է առաջին քայլն անում դեպի անառակությունը: Կինը՝ թույլ սեռը, պարզապես տեղի է տալիս նրան: Գոյություն ունի Աստծո գիրքը՝ Ղուրանը, եւ այնտեղ չի նշվում, որ կինը պարտավոր է թլպատվել», - ասում է Իմանաթը:

Վրաստանի մահմեդականների վարչության մուֆթի Յասին Ալիեւը նույնպես նշում է, որ Ղուրանում ոչինչ չի ասվում նման պարտադիր միջամտության մասին:

Կանանց թլպատման պրակտիկան հատուկ է միայն տեղացի ավարներին, եւ Վրաստանում բնակվող մահմեդականները այլ էթնիկական խմբավորումներից խուսափում են այս ծիսակարգից:

«Որոշ ազգեր գնում են այդ քայլին՝ առաջնորդվելով սեփական ավանդույթներով, բայց ոչ իսլամական օրենքներով… Գուցե աղջիկների թլպատումը կապ ունի ավարների ազգային սովորույթների հետ, դա արդեն այլ հարց է», - ասում է Ալիեւը:

«Ղուրանը չի պարտադրում թլպատումը: Մահմեդական դառնալու համար կարելի է արտասանել Շահադահը [Հավատքի վկայությունը] եւ հետեւլ Իսլամի պատգամներին: Թլպատվելու կարիք չկա», - ասում է նա:

Վրաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Պաատա Իմնաձեն նշում է, որ կանանց սեռական օրգանների խեղումը, հոգեբանական խնդիրներից բացի, առողջական այլ մեծ ռիսկեր է պարունակում:

«Եթե թլպատման միջամտությունը ստերիլ պայմաններում չի տեղի ունենում, ապա մշտապես գոյություն ունի զանազան հիվանդությունների բարձր ռիսկը՝ թարախային վարակ, փայտացում, հեպատիտ, արյան վարակում: Գործիքը սպիրտով մաքրելը դեռ կատարյալ մաքրություն չի ապահովում եւ չի պաշտպանում լուրջ հիվանդությունից», - ասում է նա:

Գինեկոլոգ-ճառագայթաբան Նինո Դաթոշվիլին շարունակում է այս միջամտության հետեւանքով առաջացող այլ բարդությունների ցանկը:

«Ծլիկը կտրելը չափազանց վտանգավոր է: Դա կարող է բարդությունների հանգեցնել: Օրինակ, կարող է արյունահոսություն սկսվել կամ սպիի
 
հիպերտրոֆիա (գերաճ) առաջանալ, կարող են նաեւ բարդություններ լինել վերքի բուժման ընթացքում: Գոյություն ունի նաեւ վարակի հավանականությունը, որից հետո կարող է թարախակալում սկսվել: Ցանկացած վիրահատությունը, անգամ ամենափոքր եւ աննշան լինելու դեպքում, պետք է կատարվի հատուկ կաբինետներում եւ ստերիլ պայմաններում», - ասում է Դաթոշվիլին:

Սարուսոյում աղջիկների թլպատմամբ զբաղվող Մագոմեդովան ասում է, որ վերոնշյալ ռիսկերը չափազանցված են:

«Նախքան միջամտությունը, ես դիմում եմ Ալլահին ու ավարերենով խնդրում, որ ամեն ինչ լավ լինի: Երկար տարիներ գյուղում չեն եղել դեպքեր, որպեսզի աղջիկները թլպատումից հետո մահանան արյան վարակից», - ասում է Մագոմեդովան:

Այնուամենայնիվ, Միացյալ ազգերի կազմակերպությունը ԿՍՕԽ-ն համարում է մարդու իրավունքների խախտում եւ կանանց նկատմամբ խտրականության ծայրահեղ դրսեւորում:

Վրաստանի իշխանությունների պնդմամբ՝ երկրում նման միջամտությունների իրականացման մասին նրանք տեղեկություն չեն ունեցել:

Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրի տարածքում ԿՍՕԽ դեպքերի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չի եղել:

«Մենք տեղյակ չենք, որ այստեղ նման [պրակտիկա] է կիրառվում: Կախեթիում գործող մեր վարչություններից որեւէ մեկն այս մասին մեզ չի տեղեկացրել: Եթե մեզ որեւէ մեկը դիմի օգնության համար, հավանաբար, հնարավոր կլինի ստուգումներ անցկացնել: Սակայն մինչ այժմ բողոքներ չեն ստացվել», - նշում է նախարարության խոսնակը:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովից IWPR-ին տեղեկացրին, որ պատրաստվում են ուսումնասիրել խնդիրը:

«Մենք խաչաձեւ ստուգման ենք ենթարկել ձեր տրամադրած տեղեկատվությունը տեղական եւ միջազգային կազմակերպությունների, այլ կառույցների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցներում, սակայն նման փաստերի չենք հանդիպել: Չնայած այս ամենին, մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել մոնիտորինգ անցկացնել Կվարելիի շրջանի՝ ձեր նշած գյուղերում եւ մեզ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը», - փոխանցեցին հանձնաժողովից:

Հեղինակ՝ Աիդա Միրմակսումովա, ազատ լրագրող Վրաստանից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #830 պարբերականից (16-ը նոյեմբերի, 2016թ., Վրաստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ: