Թրամփը՝ ԱՄՆ նոր նախագահ. ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանի վրա

11-11-2016
24963 դիտում
Թրամփը՝ ԱՄՆ նոր նախագահ. ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանի վրա

«Ամերիկայի ժողովրդի համար կարևոր չէ, թե ում են ընտրում, այլ կարևոր է, որ իրենց ընտրությունը լինի». այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նոյեմբերի 10֊ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Թրամփը՝ ԱՄՆ նոր նախագահ. ինչպիսի՞նկլինի ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍերգեյՄինասյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ Հիլարի Քլինթոնը շնորհավորեց Դոնալդ Թրամփին: Նախընտրական քարոզարշավը շատ ծանր էր ընթանում, փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ, կոմպրոմատներ... Բայց շատ կարևոր է մեզ համար, որ Ամերիկայի պես պետությունը կայուն լինի: Հիլարի Քլինթոնն ընդունեց իր պարտությունը․ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում ընտրական համակարգի նկատմամբ կա վստահություն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ մինչ ընտրությունները վստահ էր, որ ԱՄՆ ընտրություններում կհաղթի Դոնալդ Թրամփը:
«Պաշտոնը ստանձնելուց հետո նա կանի այն ամենը, ինչ խոստացել է: Մարդիկ ուզում են փոփոխություններ: Դա Թրամփի ընտրվելու առաջին պատճառն է: Երկրորդ ավելի կարևոր պատճառն այն է, որ Օբաման չափն անցել էր Հիլարի Քլինթոնին սատարելու հարցում, և նաև այլ երկրներ էին խառնվում ԱՄՆ-ի ընտրական գործընթացում: Ամերիկացիների համար կարևոր էր, որ իրե՛նց ընտրությունը լինի, այլ ոչ թե փաթաթած դրսից»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով Թրամփի նախագահության շրջանում արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությանը, Գրիգորյանը նշեց, որ իր ուսումնասիրությամբ պարզել է, որ Պետդեպարտամենտի շատ ներկայացուցիչներ ցանկանում են, որ Ամերիկան իր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարելավի:

«Ես չեմ կարծում, որ դա վատ է: Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները իրոք շատ լարված են։ Թող փորձեն, եթե սկսվի իրար հասկանալու գործընթաց, դրանից Հայաստանը հաստատ կշահի, մանևրելու հնարավորություն կունենա։ Բայց անսպասելի մարդ է Թրամփը, և դա կարող է դրական անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ ԱՄՆ նախագահի տարբեր թեկնածուներ Հայաստանին խոսք են տվել, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը և չեն կատարել իրենց խոստումը, իսկ Դոնալդ Թրամփն ընդհանրապես այդ մասին չի խոսել»,-ասաց Գրիգորյանը:

Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Դոնալդ Թրամփի գլխավոր թիմը կազմելու են բավականին աջ hանրապետականների մի մասը, մարդիկ, որոնք որ ռեալպոլիտիկի՝ չափազանց կոշտ, բայց և ռեալ քաղաքականության կողմնակից էին արտաքին քաղաքականության հարցում:

«Մենք գիտենք, որ հանրապետականները միշտ ավելի կոշտ են եղել Ռուսաստանի և Խորհրդային միության նկատմամբ, բայց, մյուս կողմից, ռեալպոլիտիկի տեսանկյունից բխող մոտեցումներ են ունեցել. միշտ եղել են կարևոր հարցերի շուրջ համաձայնության փորձեր»,- ասաց նա՝ նշելով, որ նաև Ռուսաստանում եղած այն հույսերը, որ հիմա մեղրամիս է լինելու, այդքան էլ իրական չեն։

«Ես անգամ չեմ բացառում, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կարող է ավելի կոշտ քաղաքականություն վարել»,–ասաց Մինասյանը։

Նա մատնանշեց, որ արտաքին քաղաքականության տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կլինեն։ Հնարավոր է, որ օրինակ՝ ԼՂ հիմնախնդրում որոշվի, որ պետք է ստատուս քվոն պահպանվի, Մերձավոր Արևելքում հնարավոր է խնդիրներ լինեն և այլն: Ըստ քաղաքագետի՝ Թրամփի հաղթանակը կբերի ԱՄՆ-ի ավելի կանխատեսելի քաղաքականության։

«ԱՄՆ-ի ավելի իրատեսական քաղաքականության հետ գործ կունենանք»,-հավելեց Մինասյանը:

Ստեփան Սաֆարյանն էլ անկեղծորեն նշեց, որ ինքն անձամբ սպասում և ուզում էր, որ հաղթի Հիլարի Քլինթոնը:

«Թրամփը չկտրված ձմերուկ է: Բայց նա հաղթանակի միակ շահառուն չէ, այլ ողջ կուսակցությունը, որը աշխատել է նրա հաղթանակի օգտին...Թեև Ռուսաստանում ոմանք այս պահին հույսեր են փայփայում, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհարգեն միմյանց շահերը, բայց դատելով հայտարարություններից՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում ռիսկը պահպանվում է»,-հավելեց Սաֆարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր