«Սոցիալապես վատ վիճակում գտնվող ժողովրդին ևս մեկ անգամ ենթարկել հայրենասիրական ռեկետի, նշանակում է, որ ՊՆ նախարարը չի մտածել այդ քայլի PR էֆեկտի մասին». քաղտեխնոլոգ

14-11-2016
13941 դիտում
«Սոցիալապես վատ վիճակում գտնվող ժողովրդին ևս մեկ անգամ ենթարկել հայրենասիրական ռեկետի, նշանակում է, որ ՊՆ նախարարը չի մտածել այդ քայլի PR էֆեկտի մասին». քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

-Պարոն Բադալյան, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է իշխանությունը հենց այս փուլում հանդես եկավ նախաձեռնությամբ, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական պետք է պարտադիր 1000 դրամ վճարի զոհված ու հաշմանդամ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման համար:

-Դա իշխանության կողմից պարզաբանվում է լավ նպատակներով, որ իբր թե ապագայում զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով է, բայց կարող ենք ասել, որ բավական մեծ դժգոհություն առաջացրեց այս նախաձեռնությունը: Եվ այդ դժգոհության ալիքն ուղղվեց ոչ թե կառավարության ու վարչապետի դեմ, այլ հենց նախարարի, ով արևմտամետ էր ներկայանում: Թե ինչու հենց հիմա իշխանությունը գնաց այդ ճանապարհով, դա մի քիչ դժվար է ասել: Իրական տարբերակն է դժվար ասել, որովհետև դե յուրե տարբերակը դա սոցիալական խնդիրները լուծելն է: Բայց դա շատ կոպիտ քայլ է, որովհետև սոցիալապես վատ վիճակում գտնվող ժողովրդին ևս մեկ անգամ ենթարկել հայրենասիրական ռեկետի, դա ուղղակի նշանակում է, որ պաշտպանության նախարարն ընդհանրապես բացասական իմաստով չի մտածել այդ քայլի PR էֆեկտի մասին: Կամ մտածել է, բայց ինչ-որ հետին մտքեր կան, դժվար է այս պահին ասել:

-Պաշտպանության նախարարն ասում է, որ այս նախագիծն օրենքի վերածվելու դեպքում նախորդ տարիներին զոհվածների ու վիրավորների ընտանիքների վրա չի տարածվելու, քանի որ իշխանությունները չեն ուզել, որ նախընտրական շրջանում սա քարոզչություն դիտարկվի: Սա որքանո՞վ է հիմնավոր:

-Իհարկե, սա նախընտրական կոմպանիայի ժամանակ կօգտագործվի, բայց կօգտագործվի բացասական տեսակետից, որովհետև սա բավական մեծ դժգոհություն առաջացրած նախաձեռնություն է: Այսինքն՝ այսպես թե այնպես, սա նախընտրական քարոզչությունում կօգտագործվի: Ինչ վերաբերում է նախարարի ասածին, որ սա չի ուզում նախընտրական քարոզչությամբ բացատրել, բնականաբար, նա հենց այդպես էլ պետք է ասեր: Բայց խնդիրն այն է, որ այս քայլով կարծես թե դիվերսիա կատարվեց ժողովրդի նկատմամբ: Առանց այդ էլ մարդիկ սոցիակալապես վատ վիճակում են, դրան գումարած ամենակարևոր հարցն է բարձրացվում՝ չէ՞ որ բանակում կան բազմաթիվ, այսպես կոչված, ջիպավոր գեներալներ: Նրանց չեն կպնում, կպնում են շարքային մարդկանց 1000 դրամին: Հենց սա է նորից իշխանության նկատմամբ առաջացնում ատելություն, ինչը վարչապետի նշանակմամբ կարծես մի փոքր մեղմվել էր: Կարծես միտումնավոր նորից ատելություն բարձրացվեց: Հիմա, թե ով արեց, ինչու արեց, միտումնավոր արվեց, թե՞ հանպատրաստից ստացվեց, այս պահի դրությամբ չեմ կարող ասել: Բայց բավական մեծ դժգոհություն, որոշ դեպքերում նաև ատելության հասնող դժգոհություն առաջացրեց մարդկանց մոտ:

-Այսինքն՝ հնարավո՞ր է, որ նոր կառավարության ու վարչապետի իմիջի վրա էլ ազդի՞ այս քայլը:

-Ոչ թե կառավարության ու վարչապետի, այլ հենց պաշտպանության նախարարի դեմ է սլաքն ուղղվում: Ի դեպ, հետաքրքիր է, որ վարչապետի դեմ չի ուղղվում: Եթե անգամ մտածենք, որ այս հարցում վարչապետի դեմ ուղղված քայլ կար, բայց դա ոնց որ թե չի աշխատում, որովհետև սլաքն ուղղվում է նախարարին: Եթե անգամ ընդունենք, որ Հայաստանի իշխանության վերին օղակներում կան շրջանակներ, որոնք դժգոհ են Մոսկվայի կողմից Հայաստանում վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի գործունեությունից և նրա՝ օրենցօր ուժեղացող թափից ու հեղինակությունից և նման քայլ ձեռնարկեցին, որպեսզի դժգոհության ալիքն ուղղվի վարչապետի դեմ, անգամ այդ պայմաններում դա չաշխատեց: Դժգոհության ալիքը փաստացի ուղղվեց դեպի նորանշանակ պաշտպանության նախարարը:

-Հայտնի է, որ հանրությունը պահանջում է, որպեսզի բյուջեի հաշվին հարստացած պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հետ տան: Այս կառավարությունն ի վիճակի կլինի՞ հանրային այդ պահանջը բավարարել, արդեն իսկ կան հայտարարություններ, որ իրավաբանորեն ու բարոյական տեսակտեից անհնար է պատժել նախորդ արարքների համար:

-Նախ օրենքը հետադարձ ուժ չունի, չեն կարող մարդկանց ունեցվածքը բռնել ու բերել պետականացնել, եթե չի ապացուցվում, որ դա հանցագործ ճանապարհով է ձեռք բերվել: Դա բավական բարդ իրավական գործընթացներ ունի, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարող են դիմել օլիգարխները: Այսինքն՝ դա այդպես չէ, որ որոշում ընդունվեց, ուրեմն հաջորդ օրը պետք է պատժվեն: Դրա համար կա երկրորդ ճնապարհը՝ ստվերի դեմ պայքարը: Եթե իրականում ստվերը կարողանան հասցնել մինիմալի, ապա կարող ենք ասել, որ ունեցվածքը հետ բերելու գործընթացը կդառնա անիմաստ, որովհետև ստվերը բերելով բյուջե՝ և 1000 դրամի հարցը կլուծվի, և աշխատավարձերը կբարձրանան, և հասարակությունը սոցիալական այլն հատկացումներ կստանա: Այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե թալանածը հետ բերելն է, որն իրականում չեն կարող անել դե յուրե ճանապարհով, այլ ստվերի դեմ պայքարը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am