Կոռուպցիան Հայաստանում և տարածաշրջանում. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները 2016-ին

18-11-2016
32591 դիտում
Կոռուպցիան Հայաստանում և տարածաշրջանում. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները 2016-ին

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2016 թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները:

Այս հարցումն իրականացվում է 3 տարին մեկ և գնահատվում է կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը, կոռուպցիոն երևույթների հետ քաղաքացիների շփման փորձը:

Հայաստանն արդեն չորրորդ անգամ է ներգրավվում այս հարցմանը: Այս տարի այն անցկացվել է 2015-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2016-ի մայիսի 2-ը: Հայաստանում հարցմանը մասնակցել է 1527 անձ, իսկ ամբողջ աշխարհում՝ 58238 անձ:

«Գլխավոր հետևությունը, որ արվել է այս հարցումից այն է, որ պարզվում է՝ նախկինում մարդիկ ավելի շատ էին խուսափում բարձրաձայնել կոռուպցիայի մասին, որովհետև կարծում էին, որ առանձապես դրանից բան չի փոխվի: Դա մի կողմից լավ է, սակայն մյուս կողմից անհանգստացնող երևույթ է նկատվում, որ մարդիկ սկսել են վախենալ կոռուպցիայի մասին բարձարաձայնելուց և դա նկատվում է ոչ միայն Հայաստանում»,-ասաց Հոկտանյանը:
Նա նշեց, որ բոլոր երկրներում մեծամասնությունը գտնում է, որ իրենց իշխանությունները բավարար քայլեր չեն կատարում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, մասնավորապես Ուկրաինայում այդ կարծիքին է հարցվածների 86%-ը, Մոլդովայում՝ 84%-ը, Իսպանիայում՝ 80%-ը:

«Ինչ վերաբերում Հայաստանին, եթե 2013 թվականի հարցված քաղաքացիների 21%-ն էր ասում, որ իշխանություններն ինչ-որ քայլեր կատարում են կոռուպցիան նվազեցնելու համար, ապա 2016-ին այդ կարծիքին է հարցվածների 14%-ը: Միևնույն ժամանակ նրանք, ովքեր ասում են, որ որևէ քայլ չի ձեռնարկվում և դժգոհ են իշխանությունների քաղաքականությունից, կազմել են 65 տոկոս՝ ի տարբերություն 2013-ի 53%-ի»,-ասաց Հոկտանյանը:

Ըստ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016-ի՝ հարցվածներից յուրաքանչյուր 6-րդ քաղաքացին ասել է, որ կաշառք է տվել և այդ թիվը 2013 թվականի համեմատ աճել է:

Այս առումով առաջատարը Տաջիկստանն է՝ 50%, այնուհետև Մոլդովան՝ 42%:
Առաջատարների մեջ հայտնվել է նաև Ադրբեջանը՝ Ղրղզստանի հետ միասին՝ 38%: Իսկ Հայաստանում 28%-ն է հայտնել, որ տվել է կաշառք:

Հոկտանյանը ընդգծեց, որ ի տարբերություն ԱՊՀ երկրների, ավելի շատ Արևմտյան Եվրոպայում են կարծում, որ երկրի հարուստ մարդիկ ազդում են երկրի քաղաքականության վրա և օգտագործում այն՝ ի շահ իրենց:

Հայաստանում այս անչությամբ Արևմտյան Եվրոպայի պես են մտածում և այդպես է կարծում հարցվածների 66%-ը:

«Ներկայումս Հայաստանում ավելի շատ մարդիկ կարծում են, որ կոռուպցիաի դեմ պայքարում իրենցից ոչինչ կախված չէ, և այս առումով Հայաստանը ռեկորդակիր է: Հարցին, թե որ կառույցների պետական պաշտոնյաներն են ներքաշված կոռուպցիայի մեջ, Հայաստանում առաջին տեղը (45%) պետական պաշտոնայներն են, երկրորդ տեղը (44%) ՝ ՀՀ Նախագահը և իր աշխատակազմը, երրորդը (43%)՝ հարկային մարմինների պաշտոնայները: Ամենամաքուրն ընկալվում է եկեղեցին»,-ընդգծեց Հոկտանյանը:

Տվյալների համաձայն՝ Հայաստանում 63%–ը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացու ներգրավվածությունը ոչ մի ազդեցություն չունի և ոչինչ չի փոխում, ինչը ԱՊՀ երկրներում ամենավատ ցուցանիշն է:

«Հայաստանում 52%–ը չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ 67%–ն ասում է, որ կոռուպցիայի մասին չի բարձրաձայնի: Ոչ մի տեղ այդքան բարձր տոկոս չի արձանագրված, ինչպես Հայաստանում: 77%–ը կարծում է, որ կոռուպցիայի մասին բարձրաձայնելը երկրի հասարակության կողմից սոցիալապես ընդունելի վարքագիծ չէ, ինչը կրկին ամենաբարձր ցուցանիշն է: Այսինքն՝ այդ «ստուկաչի» հոգեբանությունը առավել տարածված է Հայաստանում»,-հավելեց Հոկտանյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր