«Եթե այս նախաձեռնությունը լիներ երկու տարի առաջ, ընդդիմությունը, հանրությունը հերթ պետք է կանգնեին, որ ստորագրեին սրա տակ»․ Վահրամ Բաղդասարյան

18-11-2016
15533 դիտում
«Եթե այս նախաձեռնությունը լիներ երկու տարի առաջ, ընդդիմությունը, հանրությունը հերթ պետք է կանգնեին, որ ստորագրեին սրա տակ»․ Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման նպատակով յուրաքանչյուր աշխատող անձից 1000 դրամ գանձելու նախագծի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ կան: Անգամ տեսակետներ կան, որ իշխանությունները պատրաստվում են պատերազմի, այդ պատճառով է հիմա նման նախաձեռնություն դրվում շրջանառության մեջ:

-Պարզապես մենք որևէ անգամ չենք հանգստացել և արդեն 25 տարի է՝ միշտ սպասում ենք պատերազմի: Քանի դեռ այս իրավիճակն է, մենք չպետք է հանգիստ լինենք: Բայց նախագծի ու պատերազմի միջև նման զուգահեռներ տանելը ես չեմ կարծում, որ ճիշտ է: Եղել են դեպքեր, այդ դեպքերը պետք է լինեն, և մենք չենք մտածում, որ կարճաժամկետ՝ մեկ, երկու, երեք ամսով այս հարցը կարգավորվող հարց է: Մենք գիտենք, որ սա բավական երկարատև հարց է, և բնականաբար այս հիմնադրամը ստեղծվում է՝ անկախ նրանից կլինի պատերազմ, թե ոչ: Իսկ հիմա ի՞նչ է, պատերազմի մեջ չե՞նք: Մենք միշտ ենք պատրաստվում պատերազմի և միշտ պետք է պատրաստ լինենք, անկանխատեսելի է մեր թշնամին: Երբեք կանոնակարգված չեն մեր թշնամու ոչ խոստումները, ոչ կատարած քայլերը: Եվ բնականաբար մենք պետք է պատրաստվենք:

֊Նաև այս նախագծի շրջանակներում խտրականության հարցն է քննարկվում: Նախագծի հեղինակները քննադատվում են այն բանի համար, որ նախկինում զոհված ու վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին ստեղծվելիք հիմնադրամի շրջանակներում աջակցություն չի տրամադրվելու: Դա ճի՞շտ մոտեցում է:

֊Եթե կլինեն հնարավորություններ, հիմնադրամը կլինի հարուստ, կարելի է վերանայել այդ հարցը: Բայց պարզապես ես զարմանում եմ, որ այս շատ պարզ և շատ ընկալելի նախաձեռնությունը քննարկման առարկա դարձավ: Թե ո՞ւմ էր հետաքրքրում, ո՞ւմ կողմից էր ուղղորդված, որ այսքան շատ PR-ի առարկա դարձրեցին այս հարցը՝ իրենց նախընտրական խնդիրները կարգավորելու համար: Շատ զարմանալի երևույթ էր, որովհետև օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթներից շեղվելով՝ լրիվ տարբեր թեմաներ էին բարձրացնում: Մոտ 30 հոգի հարց էին տալիս, նույն հարցը, և պաշտպանության նախարարը համբերատար տարբեր ձևակերպումներով պատասխանում էր նույն հարցերին:

֊Այդ բոլոր հարցերի մեխն այն է, որ վստահություն չկա իշխանության կողմից ստեղծված ցանկացած նախաձեռնության նկատմամբ, հատկապես, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է հասարակությունից գումար հավաքագրել: Վստահություն չկա, որ հավաքագրված գումարները կծառայեն իրենց նպատակին: Արդարացված չե՞ն այդ մտահոգությունները՝ հաշվի առնելով նախորդ փորձերը:

֊Ոչ, բացարձակապես ես չունեմ նման մտահոգություն: Ես նորից եմ կրկնում՝ եթե կլինի նման միջադեպ, նման փորձ, որը ես բացառում եմ պարզապես, որ նման նպատակի համար հավաքված գումարների նկատմամբ այլ մոտեցումներ լինեն, դրա պատիժն ու դատաստանը պետք է անի հանրությունը: Դա նաև այնքան թափանցիկ պետք է լինի, որ ամբողջ ցանցերով վերահսկվի: Բացի այն հանձնաժողովները, որոնք պետք է ստեղծվեն, ցանակցած քաղաքացի կարող է անմիջապես համացանցի միջոցով տեսնել այդ գումարների նպատակային ծախսերը:

֊Իսկ որտեղի՞ց է գալիս այդ անվստահությունը, հանրությունն է բարձրացնում անվստահության հարցը:

֊Խնդրում եմ դուք մի քիչ ձեռնպահ մնացեք հանրության մասին խոսելիս, այդ որակումները տալուց: Ընդհանրապես հանրությունը դա շատ լայն հասկացություն է, կան սիրողներ և չսիրողներ: Այսօր այդ նախաձեռնությունը բերել է իշխանությունը: Եթե այս նախաձեռնությունը լիներ ոչ թե նախընտրական այս պրոցեսում, այլ երկու տարի առաջ, ամբողջ այդ ընդդիմադիրները, հանրությունը հերթ պետք է կանգնեին, որ ստորագրեին սրա տակ: Հիմա պարզապես սրա շուրջ քաղաքական շահարկումներ են, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով մրոտել և այլ ուղղություններով ինչ-որ դիվիդենտներ հավաքել: Չսիրող մարդիկ միշտ կան, ներքին թշնամիներ հավաքող մարդիկ, ովքեր ասում են՝ այսօրվա իշխանությունները մեր թշնամիներն են: Բնականաբար, ցանկացած օրինագիծ, ինչպիսին էլ այն լինի, միշտ կարող են պատճառաբանություն գտնել:

-Հարցը պատճառաբանությունը չէ, դուք ասում եք, որ դատաստան կլինի, իսկ մարդկանց հասարակ հարցի պատասխան է հետաքրքրում՝ ինչո՞ւ նախկինում արածների համար պատիժ չկա: Օրինակ՝ հարցնում են՝ որտե՞ղ են «Մարտիկ» հիմնադրամի գումարները, որին պաշտպանության նախարարը պատասխան չի կարողանում տալ:

-Ասում են, ասում են… Ես խնդրում եմ համբերեք մի հատ, հիմնադրամը կհավաքի, ծախսերի ականատեսը կլինենք: Եվ եթե հանկարծ նմանատիպ երևույթներ կնկատեք, արդեն մենք միասին նորից կանդրադառնանք այդ թեմային:

-Ձեր հայտարարությունից, թե ստիպողաբար ոչինչ չի կարելի անել, կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները 1000 դրամի շուրջ իրենց դիրքորոշումը փոխել են, և հնարավո՞ր է, որ պարտադիր սկզբունքը դառնա կամավոր:

-Ինձ թվում է՝ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է: Եվ ովքեր ցանկանում են հրաժարվել, այդ հարցը կարող է քննարկվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, ես կարծում եմ, որ դա վատ տարբերակ չէ, որ եթե մարդը գրավոր հրաժարվում է վճարելուց, իրենց չպետք է պարտադրվի:

Էմմա Մանուկյան

MediaLab.am